ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունաստանը Գերմանիայից պահանջում է փոխհատուցել Երրորդ Ռեյխի պարտքը

«Մենք անկեղծ քննարկման կարիք ունենք մեր գործընկերների հետ` գտնելու լուծումներ, որոնք հունական տնտեսությունն ու հասարակությանը չեն դատապարտի  անկման»,- հայտարարել է Հունաստանի վարչապետ Ցիպրասը: Նա ավելացրել է. «Մեր կառավարության անբեկանելի որոշումն է հետամուտ լինել հույն ժողովրդի իրավունքներին և բանակցել՝ վերջ դնելու համար Եվրոպական միության կոպիտ տնտեսական քաղաքականությանը»:

Հունաստանի` անկումային վիճակում գտնվող տնտեսությունը, դրա հետ մեկտեղ եվրոպական գործընկերների մեծագույն ճնշումը մինչև փետրվարի ավարտ արտաքին պարտքը մարելու հարցում հունական իշխանություններին այլ ելք չեն թողնում, քան բանակցությունները ԵՄ գործընկերների հետ բավականին կոշտ դիրքորոշում գրավելը:

Վարչապետը փնտրում է ուղիներ Հունաստանը ֆինանսական արտահոսքերից և հակաճգնաժամային ծրագրի շրջանակում իր պարտավորություններից բխող ցնցումներից ետ պահելու համար, ծրագրի շրջանակներում պարտքի մարման վերջնաժամկետը մինչև փետրվարի ավարտն է: Նա ցանկանում է 15 օրվա ընթացքում համաձայնության գալ «կամուրջ ծրագրի» վերաբերյալ, որը հնարավորություն կտա վերջնաժամկետը երկարեցնել մինչև հունիս:

Հունաստանի պետական պարտքը արտաքին պարտքի հետ միասին կազմում է 320 միլիարդ Եվրո: Հունաստանը եվրոպական երկրներից ամենամեծ պարտք ունեցող երկիրն է: «Հունաստանը ուզում է մարել իր պարտքերը, որը կազմում է իր ՀՆԱ-ի 180 տոկոսը: Սակայն դա հնարավոր չէ մարել, քանի դեռ մեր գործընկերները պնդում են կոշտ քաղաքականության դիրքորոշումը»,- ասել է Ցիպրասը:

Հունաստանի վարչապետի հաջորդ հանդիպումը ԵՄ գործընկերների հետ նախատեսվում է Բրյուսելում փետրվարի 11-ին: Այս կապակցությամբ պարոն Ցիպրասը հայտարարել է. «Պատմությունը և հույն ժողովրդի արժանապատվությունը քննարկման ենթակա չեն (աղբյուրը՝ bloomberg.com):

Աթենքում կիրակի ժողովրդական հավաքի ժամանակ վարչապետը նշել է, որ երկիրը «բարոյական պարտավորություն» ունի Գերմանիայից փոխհատուցում պահանջելու Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Նացիզմից կրած վնասների դիմաց: «Հունաստանը ունի բարոյական պարտավորություն իր ժողովրդի, պատմության և ամբողջ Եվրոպական հանրության առաջ, որոնք կռվել են և իրենց արյունն են թափել Նացիզմից ազատագրվելու համար»,- ասել է նա:

Բեռլինն արդեն բացառել է փոխհատուցման ցանկացած հնարավորություն՝ նշելով, որ պատերազմից անցել է գրեթե 70 տարի: Չնայած Գերմանիայի այս հայտարարությանը՝ հունական կառավարությունը խոստացել է բարձրացնել այս խնդրի քննարկումը: Գերմանիայի ֆինանսների նախարարի խոսնակը հայտարարել է, որ 70 տարի անց այս դրույթները կորցրել են իրենց իրավաբանական ուժը: Պետք է նշել, որ Հունաստանի արտաքին պարտքի 50 տոկոսը միայն պատկանում է Գերմանիային, ինչը կազմում է 162 միլիարդ եվրո (186 միլիարդ դոլար): Հունաստանը հիշեցնում է, որ Երրորդ Ռեյխը ժամանակին ստիպել է Հունաստանի կենտրոնական բանկին իրեն տրամադրել 476 միլիոն Ռեյխմարկ (այդ ժամանակվա գերմանական փոխարժեքը) վարկ, որը երբեք չի փոխհատուցվել: Գերմանական Բունդեսթագը 2012 թվականին վարկի արժեքը գնահատել է 8.25 միլիարդ դոլար: Սակայն ըստ հունական կողմի այն գնահատվում է 11 միլիարդ եվրո:

Ըստ Ռաբոբանկի տվյալների՝ պատերազմից հետո փլուզված Գերմանիան վերականգնեց իր երկիրը՝ ոչ մի գրոշ չվճարելով իր նախկին «թշնամիներին», որոնք օգնել էին Գերմանիային հետպատերազմյան շրջանում հասնելու տնտեսական «հրաշքի»: Գերմանացի տնտեսագետ, պատմաբան Ալբրեխտ Ռիտչելն ասում է, որ Գերմանիան եղել է 20-րդ դարի ամենավատ պարտք վճարողը (աղբյուր՝ japantimes.co.jp):

Հույն տնտեսագետ Ջորջ Պագուլատոսը իր կարծիքն է հայտնել այս հարցի վերաբերյալ` նշելով, որ գերմանական վարկի փոխհատուցման պահանջը երկարատև իրավական գործընթաց է: Այսպիսով՝ հույները չեն սպասում միայն բարձրաձայնելու հարցը, այլ ուղղորդված քայլեր են կատարում որպես պարտատերեր, ինչն էլ բավական է գերմանացիներին զայրացնելու համար (աղբյուրը՝ bloomberg.com):

Հենվելով գերմանական կողմի հայտարարությունների վրա` կարելի է նշել` գերմանացիները հաստատում են, որ իրենք պարտք են եղել Հունաստանին և ոչ միայն նրան, այլև եվրոպական մի շարք երկրների, որոնք օգնել են կառուցել և վերականգնել իրենց քայքայված «թշնամուն»՝ ստեղծելով խաղաղ Եվրոպա և ամուր տնտեսական համակարգ՝ գիտակցելով, որ ամրությունը միասնության մեջ է: Սակայն այսօր Գերմանիան ճիշտ հակառակ մոտեցումն է ցուցաբերում Հունաստանի նկատմամբ: Երկիրը գտնվում է խորը ճգնաժամի մեջ, օգնության ձեռք է խնդրում իր գործընկերներից (հատկապես Գերմանիայից, որը ոչ վաղ անցյալում անցել է նման փորձություն), սակայն ոչ միայն պատասխան չի ստանում, այլև ավելի խիստ տնտեսական միջոցառումների և բարոյական հանդիմանության է բախվում:

Մինչդեռ Գերմանիայի ներկայիս վարած քաղաքականությունը Հունաստանի արտաքին պարտքի մարման պայմանների առնչությամբ  ոչ մի կերպ չի կարող արդարացվել: Դրա արդյունքում ոչ միայն Հունաստանը չի կարող վերադարձնել ներկայիս իր պարտքը, այլև դոմինոյի էֆեկտով այն ի վերջո կհարվածի նաև Գերմանիայի տնտեսությանը:

 

Տաթև Մկրտչյան

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: