ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կենտրոնական Ասիայի արտաքին ներդրումների 70%-ը բաժին է ընկնում Ղազախստանին

Սպառնացող տնտեսական ճգնաժամի պայմաններում կարևոր է պաշտպանել երկիրը տնտեսության անկումից, և համաշխարհային ճգնաժամի հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու նպատակով Ղազախստանն ընտրել է ենթակառուցվածքների ինտենսիվ զարգացման և նոր աշխատատեղերի ստեղծման ճանապարհը: Այս մասին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոզ Բոզժիգիտովը: Միջոցառումը կազմակերպվել էր «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի կողմից Հայաստանում Ղազախստանի դեսպանատան աջակցությամբ «Ղազախստան-Հայաստան. համագործակցության հարթակներ»  ծրագրի շրջանակներում:

Հանդիպման շրջանակներում Հայաստանում Ղազախստանի հյուպատոս Աբու Ժանբոլատ Մոլդաբայուլին իր զեկույցում ներկայացրեց նախագահ Նազարբաևի՝ Ղազախստանի ժողովրդին հասցեագրված ուղերձի հիմնական դրույթները: Ուղերձը հնչեցվել է 2014 թվականի նոյեմբերին, և նրանում մատնանշվում է սպասվող տնտեսական ճգնաժամի համապատկերի վրա հասարակության համախմբման անհրաժեշտությունը, նախանշվում են առաջիկա 5 տարիներին երկրի գործունեության հիմնական վեկտորները: Ինչպես նշեց հյուպատոսը, մեջբերելով Նուրսուլթան Նազարբաևին, «ժողովուրդը պետության հիմքն է, և ժողովրդի բարեկցության բարելավումը պետության կայուն զարգացման հիմքն է»: Հենց սրան է ուղղված Ղազախստան – 2050 ռազմավարությունը, որում նախանշվում են աշխատանքի հիմնական ուղղությունները, այդ թվում, տարածաշրջանային էներգետիկ, արդյունաբերական ենթակառուցվածքների կառուցումը և զարգացումը, բնակարանային ենթակառուցվածքների բարելավումը, մատչելի բնակարանային վարկերի տրամադրումը, փոքր և միջին բիզնեսին սատարելը և այլն: Հայաստանում Ղազախստանի հյուպատոս Աբու Ժանբոլատ Մոլդաբայուլին հատկապես ընդգծեց Ղազախստանի քաղաքացիների նախաձեռնողականությունը, գիտելիքները, հաստատակամությունը և համախմբվածությունը՝ որպես Ղազախստանի և ցանկացած այլ երկրի զարգացման հիմնական պայմաններ:

Ռազմավարություն – 2050-ում մատնանշված Ղազախստանի քաղաքականության ներքին և արտաքին քաղաքական առանձնահատկություններին իր զեկույցում անդրադարձավ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնի տարածաշրջանային հետազոտությունների ծառայության ղեկավար Մանվել Ղումաշյանը: Փորձագետն առանձնացրեց շրջանների անհավասարաչափ զարգացումը և բնակչության տեղաբաշխումը՝ որպես Ղազախստանի գլխավոր խնդիրներից մեկը: Միաժամանակ պրն. Ղումաշյանն ընդգծեց, որ «Կենտրոնական Ասիայի արտաքին ներդրումների 70%-ը բաժին է ընկնում Ղազախստանին, ինչը խոսում է երկրի տնտեսության արագ աճի մասին», սակայն փորձագետի խոսքերով այս ռեսուրսները հիմնականում ուղղվում են էներգետիկ ոլորտի զարգացմանը, մինչդեռ Ղազախստանը տնտեսության վերանայման կարիք ունի: Ղազախստանի նոր քաղաքականության մեջ փորձագետն ընդգծեց նոր աշխատատեղերի ստեղծումը:

Յուրաքանչյուր պետության կայուն զարգացման համար կարևոր է նաև հասարակական օրակարգը: Ղազախստանի սոցիալ-մշակութային քաղաքականության մասին միջոցառման ժամանակ խոսեց արևելագետ Նաիրա Մկրտչյանը, ով հատկապես ընդգծեց գերիշխող հանդուրժողականության և միասնության մթնոլորտը ղազախ հասարակության շրջանում, որը բաղկացած է 130 ազգություններից: Տիկին Մկրտչյանը ներկայացրեց այն պետական մարմինները, որոնք համակարգում են տարբեր ազգային փոքրամասնությունների հետ աշխատանքը, ինչպես նաև անդրադարձավ նրանց գործունեության արդյունքներին: «Այսօր Ղազախստանի հասարակությունը համախմբվում է 3 հիմնական սյուների շուրջ: Դրանք են ընդհանուր պատմությունը, ընդհանուր արժեքները և ընդհանուր ապագան», - նշեց Նաիրա Մկրտչյանը: Նա հատկապես ընդգծեց Ղազախստանի քաղաքացիական ինքնության զարգացման կարևորությունը՝ անկախ ազգային պատկանելությունից:

«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ ղեկավար Արամ Սաֆարյանն իր զեկույցում ներկայացրեց Ղազախստանի քաղաքականության հիմնական գաղափարներն և վեկտորները, որոնք այսօր համաշխարհային քաղաքական գործընթացների համապատկերի վրա առանձնակի կարևորություն են ձեռքբերում ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների համար:  Նա կոչ արեց համաժողովի մասնակիցներին ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Ղազախստանը՝ չնայած իր բազմազգ բնույթին, միակ երկիրն է հետխորհրդային տարածքում, որտեղ էթնիկ հողի վրա հակամարտությունների տեղի չեն ունեցել և տեղի չեն ունենում: «Աշխարհում անցում է կատարվում ցավոտ բազմաբևեռ համակարգին, և այն ուղեկցվում է սարսափելի քաղաքակրթական հակամարտություններով: Համախմբված հասարակություն և քաղաքացիական միասնություն ձևավորելու Ղազախստանի փորձը կարող է օգտակար լինել բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են առանց հակամարտությունների հասարակություն կառուցել», - նշեց Սաֆարյանը:

Համաժողովի մասնակիցները ընդգծեցին Հայաստանի և Ղազախստանի միջև տարբեր ոլորտներում փորձի փոխանակման կարևորությունը, ինչն առանձնակի արդիականություն է ստանում ներկա պայմաններում, երբ մեր երկրները դարձել են միևնույն տնտեսական միության՝ ԵԱՏՄ-ի անդամներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: