ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գոհար Իսկանդարյան․ Իրանի հետ համաձայնագիրն «ընդունելի զիջումների» արդյունք է

Իրանի և վեց գերտերությունների միջև ութ օր տևած բանակցություններից հետո կողմերին հաջողվել է  համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի ապագայի շուրջ։

Իրանի ԱԳՆ-ն ապրիլի 2-ին Twitter-ի իր էջում գրառում է արել` տեղեկացնելով, որ «լուծում է գտնվել»: Իրանի արտգործնախարար Զարիֆը, մասնավորապես, գրել է . «Իրանի միջուկային ծրագրի հարցերով լուծումները գտնված են: Կարելի է անմիջապես սկսել աշխատանքը համաձայնության նախագծի շուրջ»:

Այնուհետև Իրանի արտգործնախարար Զարիֆը, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին  և ԵՄ-ի արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆրեդերիկա Մոգերինին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Նրանք, մասնավորապես, ասել են, որ կողմերը ժամանակավոր քաղաքական համաձայնության են եկել, իսկ համապատասխան համաձայնագրի պատրաստումը կպահանջի 3 ամիս:

Հստակեցվել է, որ ուրանի հարստացման իրանական հնարավորությունների  2/3-րդը կդադարեցվի 10 տարվա ընթացքում, իսկ ուրանի պահուստների մեծ մասը «կապահարստացվի» կամ դուրս կբերվի երկրի սահմաններից դուրս:

Միաժամանակ՝ Իրանում ուրանի հարստացում տեղի կունենա Նաթանզի ատոմային կենտրոնում, որտեղ ՄԱԳԱՏԵ-ի աշխատակիցների այցելություններն առավել հաճախակի կդառնան։ Ֆորդոյի միջուկային օբյեկտը կվերածվի հետազոտական կենտրոնի:

Միացյալ նահանգների նախագահ Բարաք Օբաման արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որում Իրանի հետ շրջանակային համաձայնագրի կնքումը անվանել է «պատմական իրադարձություն»։

Սակայն, հարկ է նշել, որ այս  պայմանավորվածությունների իրականացման հարցում որևէ վստահություն չկա։ «Ներկայումս բավականին լարված իրավիճակ է, և եթե կողմերից որևէ մեկը որևէ սխալ թույլ տվեց, մյուսը հետ կկանգնի»,-«Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում նշել է իրանագետ Գոհար Իսկանդարյանը։

Իրանագետն այս համաձայնագիրը լուրջ ձեռքբերում է համարում․ «Սա արդեն իսկ արժեքավոր է։ Կա որոշակի պայմանավորվածություն, որ եթե Իրանը կատարի այդ պայմանավորվածությունները, արևմտյան երկրները կթուլացնեն պատժամիջոցները և նոր պատժամիջոցներ չեն կիրառի»,-նշել է նա՝ ավելացնելով, որ, անկախ նրանից կկատարվեն այս պայմանավորվածությունները, թե՝ ոչ, այն ինչ-որ չափով որոշակիություն է մտցրել առաջիկա ամիսների համար։

«Արմեդիա»-ի հետ զրույցում Գոհար Իսկանդարյանը նաև նշել է, որ համաձայնագիրը հնարավոր է դարձել կողմերի համար «ընդունելի զիջումների» արդյունքում․ «Իրականում պարզ է, որ կողմերից մեկը զիջել է, իսկ մյուս կողմը շատ ավելի առավելությունների է հասել։ Բայց կարևորը դա չէ։ Կարևորը այն է, որ նրանք հասել են այս պայմանավորվածություններին»։ «Բանակցությունների արվեստն հենց այն է, որ մի կողմը զիջի, որպեսզի հնարավոր լինի հասնել պայմանավորվածության։ Բայց դրանք ընդունելի զիջումներ են եղել կողմերի համար։ Նրանք չեն զիջել ավելին, քան պետք է։ Իրանին հաջողվել է պաշտպանել իր գլխավոր նպատակը․  այս պայմանավորվածության շրջանակներում Իրանը կշարունակի հարստացնել ուրան խաղաղ նպատակներով»,-ասել է Գոհար Իսկանդարյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե ում էր ձեռնտու այս համաձայնագիրը՝ Իսկանդարյանը նշել է․ «Համաձայնագրի կնքումը բխում էր երկու կողմերի շահերից էլ, որովհետև պատժամիջոցներն իսկապես արդեն խեղդում էին Իրանի տնտեսությանը, և նրան պետք էր այս համաձայնագիրը «թարմ օդ շնչելու համար»։  Համաձայնագիրը պետք էր նաև Միացյալ Նահանգներին, որպեսզի հնարավոր լիներ իմանալ, թե ինչ է կատարվում Իրանում և ավելի թափանցիկ դարձնել Իրանի միջուկային ծրագիրը, քանի որ Իսրայելն ուռճացնում էր այս հարցը՝ ասելով, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի անվտանգության համար»։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա իրանագետը վստահ է, որ այս համաձայնագիրը պակաս կարևորություն չունի նաև Հայաստանի համար։ «Նախ Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, թեկուզև անուղղակիորեն, ազդում են նաև Հայաստանի տնտեսության վրա։ Սակայն, մեզ համար առավել կարևորը տարածաշրջանում կայունության հաստատումն է։ Ինչպես գիտենք, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների տարբեր փուլերում քննարկվել է նաև ռազմական միջամտության  տարբերակը։ Նման զարգացումները Հայաստանի համար, որը լարված հարաբերություններ ունի իր երկու հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, կարող են բավական լուրջ հետևանքներ ունենալ»,-ընդգծել է Գոհար Իսկանդարյանը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 55%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    14 C°
     
    19°  12° 
    06.05.2024
    18°  12° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: