ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ո՞ւմ և ինչի՞ համար է անհրաժեշտ ԵՄ միացյալ բանակը

Մարտի 8-ին գերմանական «Die Welt am Sonntag» թերթին տված հարցազրույցում Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն առաջարկել է ստեղծել ԵՄ միացյալ բանակ, որի հայեցակարգը կներկայացվի հունիսին կայանալիք ԵՄ գագաթաժողովի ընթացքում:

Յունկերի խոսքերով «եվրոպական բանակը պետք է ամրացնի ԵՄ միացյալ արտաքին քաղաքականությունը, դառնա ընդհանուր անվտանգության քաղաքականության հիմքը և, միաժամանակ, Մոսկվային ուղարկի կարևոր զսպիչ ազդանշան: Միացյալ եվրոպական բանակը կհասկացնի Ռուսաստանին, թե որքան լուրջ է Եվրոպան վերաբերում ԵՄ արժեքների պաշտպանությանը»:

Որո՞նք են Յունկերի նման առաջարկի պատճառները: Ըստ որոշ փորձագետների, Յունկերի հայտարարությունը միանգամայն կանխատեսելի էր, քանի որ նա ԵՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացման կողմնակից է և միշտ նշել է, որ ԵՄ-ն կլինի մրցունակ ու կենսունակ միայն տարբեր միացյալ կառույցների ստեղծման պարագայում: Եթե Յունկերի առաջարկի «ետևում կանգնած» մոտիվն իրականում ԵՄ ամրապնդումն է, ապա` այո, ԵՄ-ն, հակապես այժմ, դրա կարիքն ունի, բայց արդյո՞ք դրա ճանապարհը բանակի ստեղծումն է: Ընդհանրապես, գաղափարն ինքնին ավելի խնդիրներ հարուցող է, քան լուծող:

Այսպես, ստեղծման պարագայում ԵՄ միացյալ բանակն ուղղակիորեն կոնֆլիկտի մեջ է մտնում ՆԱՏՕ-ի նպատակների հետ և կրկնում է ՆԱՏՕ-ի գործառույթները: Այս մասին նշել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Ես կնշեի, որ կարևոր է խուսափել կրկնումից /дублирования/: Կոչ եմ անում Եվրոպային, որ այն ամենն, ինչ իրենք անում են, լրացնի այն ամենին, ինչ մենք անում ենք ալյանսի ներսում», - մեկնաբանել է ԵՄ բանակի ստեղծման գաղափարը Ստոլտենբերգը:

Տրամաբանական կլինի, որ Եվրոպական բանակի ստեղծման պարագայում ՆԱՏՕ-ն և ամերիկյան ռազմաբազաները Եվրոպայում այլևս «անելիք չունենան», քանի որ ԵՄ բանակը կկրկնի ՆԱՏՕ-ի գործառույթները Եվրոպայում: Սակայն որքանո՞վ է շահեկան առանձնանալ ՆԱՏՕ-ից և ԱՄՆ-ից միջազգային հարաբերություններում այժմ առկա բավականին մեծաքանակ խնդիրների, աշխարհաքաղաքական ներկա իրավիճակի և ուկրաինական ճգնաժամի պարագայում:

Եթե, ինչպես նշվում է, նպատակը Ռուսաստանին զսպելն է, ապա մի՞թե հնարավոր է ստեղծել ավելի «զսպող» կառույց, քան ՆԱՏՕ-ն է, այն էլ այնքան «զսպող»  դաշնակցով, որքան ԱՄՆ-ն է:

Բելգիական պառլամենտի նախկին պատգամավոր Լոդ Վանուստը համարում է, որ ԵՄ միացյալ զինված ուժերի ստեղծման պլանն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի դեմ:

Որքանո՞վ   է ձեռնտու ֆինանսական տեսանկյունից ԵՄ նոր կառույց՝ այն էլ բանակ, ստեղծելը ԵՄ համար տնտեսապես բավականին դժվար այս ժամանակաշրջանում: Ինչպես գիտենք, յուրաքանչյուր պետության համար պաշտպանությունն ու անվտանգությունն ամենածախսատար ոլորտներից են: Եվրոպական շատ երկրներ վերջին տարիներին նվազեցրել են պաշտպանության ոլորտի ծախսերը՝ երևի թե հանգիստ լինելով ՆԱՏՕ-ի գոյությամբ: Միաժամանակ, ԵՄ և ՆԱՏՕ անդամ երկրները, որոնց քանակը 22-ն է, չեն կարողանում լիարժեք ապահովել  ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից նախատեսված վճարները և հետևաբար ինչպե՞ս են ֆինանսավորելու նոր կառույցի ծախսերը:

Այս առիթով ԱՄՆ-ը մեկ անգամ չէ դիմել ՆԱՏՕ-ի եվրոպական գործընկերներին անվտանգության ոլորտի ծախսերն ավելացնելու պահանջով: Ռազմական բյուջեները մեծացնելու նպատակադրվածությունն ամրագրվել է նույնիսկ ՆԱՏՕ-ի վերջին՝ ուելսյան գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթում:   

Ինչպես և կարելի էր սպասել, այս նախաձեռնությունը ոչ միանշանակ է ընդունվել ԵՄ անդամ երկրների կողմից: Առաջարկին դեմ է արտահայտվել ԵՄ «սեպարատիստ» Մեծ Բրիտանիան: Դեռևս 2013թ. ԵՄ բանակի ստեղծման առաջարկն արգելափակվել է Մեծ Բրիտանիայի կողմից: «Դա սխալ է, ԵՄ-ին պետք չեն ռազմական հնարավորություններ, բանակ, ռազմաօդային ուժեր և այլն»,-հայտարարել է ՄԹ վարչապետ Դևիդ Քեմերոնը: Լոնդոնն ընդգծում է, որ Եվրոպայի պաշտպանության հիմնաքարը միշտ եղել և պետք է լինի ՆԱՏՕ-ն:

Բացասական է արձագանքել նաև Լեհաստանի արտգործնախարար Գ. Սխետինան՝ անվանելով Յունկերի առաջարկը «շատ ռիսկային գաղափար» և նշելով, որ իր համոզմամբ՝ Եվրոպայի անվտանգության երաշխիքը ՆԱՏՕ-ն է, և այժմ պետք է ամրապնդել հենց Հյուսիսատլանտյան դաշինքը: ԵՄ միացյալ բանակի ստեղծման գաղափարին հոռետեսորեն է վերաբերում նաև Էստոնիայի արտգործնախարար Քեյթ Պենտուս-Ռոզիմանուսը: «Անվտանգության ճարտարապետության կարևոր մասն տրանսատլանտյան կապը է, որին Եվրոպայի միացյալ բանակը փոխարինել չի կարող», -նշել է նա:   

Եվրահանձնաժողովի նախագահ Յունկերն իր փաստարկների շարքում նշել է. «Եվրոպայի վարկանիշին  վերջին ժամանակներում հասցվել է մեծ վնաս, այդ թվում և արտաքին քաղաքականության ոլորտում, մեզ դադարում են լուրջ ընդունել: ԵՄ-ն կցանկանար ավելի մեծ պատասխանատվություն վերցնել աշխարհում տեղի ունեցողի համար»: Այս համատեքստում զարմանալի չէ, որ առաջարկն աջակցություն ստացավ ԵՄ առաջատարներից մեկի՝ Գերմանիայի կողմից:

Այսպես, Յունկերի՝ գերմանական թերթին (զուգադիպություն է՞ արդյոք հենց գերմանական թերթին տրված հարցազրույցում նման առաջարկ հնչեցնելը)  տրված հարցազրույցում ԵՄ բանակ ստեղծելու գաղափարին կողմ են արտահայտվել Ֆինլանդիայի նախագահը և Գերմանիայի գրեթե բոլոր քաղաքական գործիչները: Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լիայենը հայտարարել է, որ միացյալ բանակը դա «եվրոպացիների ապագան» է: Նրա կարծիքով նման քայլը «կամրապնդի եվրոպական անվտանգությունը», ինչպես նաև Եվրոպայի դիրքերը Հյուսիսատլանտյան ալյանսում: Իսկ Բունդեսթագի արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահն իր հերթին հայտարարել է, որ եկել է համաեվրոպական բանակ ունենալու ժամանակը:

Հաշվի առնելով վերը նշված բոլոր այն խնդիրները, մտահոգությունները, կապված եվրոպական միացյալ բանակի ստեղծման հետ, կարելի է ենթադրել, որ միգուցե Գերմանիան հոգնել է լինել «պատժված չարաճճի երեխայի» դերում  և անընդհատ գործել «մեծ եղբայրների» կողմից սահմանված շրջանակներում՝ մինչև այժմ «քաղելով 2-րդ համշխարհային պատերազմի պտուղները»:

Այս համատեքստում հիշեցնենք նաև, որ Գերմանիա-ԱՄՆ հարաբերությունները բավական մեծ հարված են ստացել լրտեսական սկանդալների շարքից հետո, երբ պարզվեց, որ ամերիկյան հատուկ ծառայությունները ոչ միայն գաղտնալսում էին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցները, այլև գործակալներ էին ներդրել Գերմանիայի ֆեդերալ հետախուզական ծառայությունում և ՊՆ-ում:

Հատուկ շեշտադրման կարիք ունի նաև այն հանգամանքը, որ ԵՄ անդամներից երկուսը՝ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան միջուկային տերություններ են: Եվ ԵՄ միացյալ բանակի ստեղծման պարագայում հետաքրքիր է լինելու նաև այս 2 երկրների միջուկային զենքի տիրապետման, օգտագործման իրավունքի, կիրառման մեխանիզմների  և կիրառման հարցերը: Քանի որ Մեծ Բրիտանիան արդեն իսկ դեմ է արտահայտվել միացյալ բանակի ստեղծման գաղափարին, հետաքրքիր կլինի Ֆրանսիայի դիրքորոշումն այս հարցի շուրջ: Միգուցե Յունկերի կողմից հնչեցված առաջարկը նախագծողներին «գայթակղել» է նաև վերոնշյալ  երկրների միջուկային զենքի հանդեպ որոշակի իրավունքներ ձեռք բերելու հնարավորությու՞նը:   

Եթե անգամ պատկերացնենք, որ ստեղծվել է ԵՄ միացյալ բանակ, ապա դժվար է պատկերացնել նաև այդ բանակի գործելու մեխանիզմը: ԵՄ զինված ուժերի՝ որևէ գործողության մասնակցելու որոշումը պետք է ընդունվի կոնսենսուսո՞վ: Եթե հիշենք, թե ինչ դանդաղությամբ է աշխատում ԵՄ բյուրոկրատական մեքենան և որքան «օպերատիվ» են ընդունվում տարբեր որոշումները ԵՄ ինստիտուտներում, ապա կարելի է միայն պատկերացնել ԵՄ բանակի՝ որևէ հարցին միջամտության ակտուալության մասին:

Յունկերը նշում է «Միացյալ եվրոպական բանակը կհասկացնի Ռուսաստանին, թե որքան լուրջ է Եվրոպան վերաբերում ԵՄ արժեքների պաշտպանությանը»:

 ԵՄ արժեքների (ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայաություն, ազատ շուկայական տնտեսություն և այլն) պաշտպանության համար կարծում ենք որևէ բանակի, զինված ուժերի կարիք չկա, առավել ևս այն դեպքում, երբ անվավեր ճանաչված չէ ԵՄ կարևորագույն արժեքներից մեկը՝ խնդիրները խաղաղ, ոչ  ռազմական ճանապարհով լուծելը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: