ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում միջազգային երաժշտական փառատոնի ակադեմիա է բացվել

Երեկ Բյուրականում տեղի է ունեցել «Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի ակադեմիայի բացման արարողությունը։ Այն միակն է տարածաշրջանում և կոչված է ծառայելու որպես միջազգային դասի մենակատարներ պատրաստող երաժշտական կրթօջախ, որտեղ մեր օրերի ամենապահանջված երաժիշտները և մշակույթի ոլորտի ազդեցիկ գործիչները կանցկացնեն վարպետության դասեր և համերգներ՝ պայմաններ ստեղծելով հայ տաղանդաշատ ու հեռանկարային երիտասարդ երաժիշտների միջազգային առաջխաղացման համար:

Բացմանը ներկա է գտնվել Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը։  

Նախաձեռնության հեղինակները ակադեմիայի բացմանը մասնակցող հյուրերին պարզաբանել են կրթօջախի կառուցման վայրի ընտրության գաղափարը, նշելով, որ նման ակադեմիաներ սովորաբար հիմնվում են մայրաքաղաքից դուրս` ապահովելու համար քաղաքի եռուզեռից հեռու ստեղծագործական պայմաններ:

Պատասխանատուների խոսքով, հեղինակավոր երաժշտական փառատոնին կից ակադեմիաների հիմնումը նորություն չէ, այլ ամբողջ աշխարհում ընդունված երևույթ: Հայտնի են Վերբիեում, Էդինբուրգում, Քրոնբերգում, Բրյուսելում և այլուր գործող ակադեմիաները, որոնց բոլորին միավորում է երիտասարդ սերնդի երաժիշտ-կատարողներին բարձրակարգ երաժշտական մասնագիտական հմտությունների փոխանցման գաղափարը` հատուկ միջավայրում: Բյուրականը` որպես ակադեմիայի հիմնման վայր է ընտրվել մի քանի պատճառներով. այն ակադեմիական բնակավայր է, որտեղ 1947թ-ից գործում է աստղաֆիզիկական աստղադիտարանը: Այստեղ են գտնվում պատմության հոգևոր արժեք ներկայացնող մի շարք կոթողներ, ինչպիսիք են Սբ. Հովհաննես բազիլիկ եկեղեցին, Դղերի վանքը, Կաթողիկոսական նստավայրը, Արտավազիկ եկեղեցին, հեռու չեն Ամբերդը, ֆիզիկայի ինստիտուտը և այլ գիտական ու կրթական կարևորություն ունեցող վայրեր:

Առաջին միջոցառումը, որ տեղի կունենա Բյուրականի ակադեմիայում,  ս.թ. ապրիլի 11-13-ը Եվրոպական փառատոնային ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպվող փառատոնային կառավարման եռօրյա ինտենսիվ դասընթացն է` «Փառատոնային ընթերցումներ» խորագրով: Դասախոսությունները նպատակ ունեն հայ մասնակիցներին ներկայացնել փառատոների կարևորությունը հասարակության մշակութային կյանքում և արվեստի զարգացման գործում:

Դասընթացի շրջանակներում Հայաստան ժամանած փառատոնային կառավարման առաջատար մասնագետները կծանոթացնեն փառատոների կառավարման համակարգին, նորագույն մոտեցումներին, ինչպես նաև կկիսվեն իրենց աշխատանքային հմտություններով և միջազգային փորձով:

Սերժ Սարգսյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, «Բյուրական» արվեստի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, պրոֆեսոր Ստեփան Ռոստոմյանի, դաշնակահար Եվգենի Կիսինի, տարածքային ու տեղական իշխանությունների ներկայացուցիչների և այլ պատասխանատուների ուղեկցությամբ շրջայց է կատարել նորակառույց ակադեմիայում, ծանոթացել գործունեության համար ստեղծված պայմաններին, ծրագրերին, այնուհետև ունկնդրել է տաղանդաշատ պատանի երաժիշտների մասնակցությամբ տեղի ունեցած համերգը: Այդ պատանիներին փառատոնն արդեն ընգրկել է միջազգային մեծ բեմերում կայանալիք համերգների ծրագրում: Շնորհակալական խոսքեր են հնչել ակադեմիայի բարերարների հասցեին, որոնց թվում են՝ «Փյունիկ» հիմնադրամը, աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը:

Ակադեմիայի բացման առիթով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրվել է «Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի 15-ամյա հոբելյանի կապակցությամբ թողարկված ոսկե մեդալով՝ փառատոնի կայացման գործում մեծ ներդրման և աջակցության համար:

Սերժ Սարգսյանն այցելել է նաև նորաբաց կառույցի հարևանությամբ գտնվող խորհրդային տարներին կառուցված Բյուրականի մշակույթի տուն, որն ապագայում կգործի իբրև շուրջ 800 մարդու համար նախատեսված մեծ համերգասրահ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    15 C°
     
    24°  13° 
    10.05.2024
    23°  13° 
    11.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: