ԱՄՆ Նևադա նահանգի խորհրդարանի երկու պալատներն ապրիլի 14-ին ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Բանաձևում արձանագրվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն իբրև պատմական եղելություն և ընդգծվում այն դատապարտելու անհրաժեշտությունը,գրում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը:
Նահանգի խորհրդարանականները նաև կոչ են ուղղում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին հետևել իրենց օրինակին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին փաստերը կոչել իրենց անուններով: «Մենք այսօր անդրադառնում ենք դեպքերի, որ տեղի են ունեցել 100 տարի առաջ այս օրերին աշխարհի մեկ այլ անկյունում: Մի քանի օրից լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: 1915 թվականին թուրքական կառավարությունը ուժ և բռնություն գործադրելով տնազրկեց հայերին, մի մասին ձերբակալեց, մի մասին էլ ուղարկեց անապատˋ դատապարտելով անխուսափելի մահվան: Այդ ամենի հետևանքով նահատակվեց 1.5 մլն հայ»,- ասել է նահանգային խորհրդարանի անդամ Ջեյմս Օսկարսոնը:
Կոնգրեսականը շեշտել է, որ Հայոց ցեղասպանությունը նաև ԱՄՆ պատմության մասն էˋ պատմական ակնարկով ներկայացնելով ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի հանձնարարությամբ Մերձավոր Արևելքի օգնության հիմնադրամի ստեղծման և գործունեության պատմությունը:
