ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18,858.88 դրամ ԱՐԾԱԹ - 219.95 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,225.22 դրամ

«Մայր Հայաստան» թանգարանի տնօրեն. Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար եռատոն է

 

 

«Արմեդիա» ՏՎԳներկայացնում է բացառիկ հարցազրույց պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանի հետ:

 

 

- Պարո՛ն Հարությունյան, ի՞նչ է ներկայացված ձեր թանգարանում:

- Պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում գերազանցապես ներկայացված են մեր ժողովրդի ռազմական պատմության երկու թեմաներ. առաջինը՝ մեր հայ զորավարների, հայ ռազմիկների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին, և երկրորդ՝ Արցախյան ազգային-ազատագրական պատերազմը: Նշեցի գերազանցապես, որովհետև այդ երկու թեմաներից զատ՝ կան նաև ցուցադրություններ՝ նվիրված ռուսական կայսրության բանակի հայ ազգի գեներալներին, մեր ֆիդայական շարժմանը և Հայաստանի առաջին հանրապետությանը:

Նախ անդրադառնանք Հայրենական մեծ պատերազմին: Այս ցուցադրությունում ներկայացված են մեր անվանի զորահրամանատարները, հինգ մարշալները, նրանց գործունեության հետ կապված լուսանկարները, փաստաթղթերը, անձնական իրերը, Մարշալ Բաղրամյանի աշխատասենյակի կահույքը, մեր վեց ազգային դիվիզիաները, որոնց կազմի մեջ են մտնում հիմնականում պատերազմի մարտական գործողություններին մասնակցած հինգ դիվիզիայի ողջ մարտական ուղին ամփոփող և արտացոլող առանձին ցուցասրահներ, որոնց մեջ, իհարկե, առանձնակի տեղ զբաղեցնում է Հայկական 89-րդ Թամանյան դիվիզիան, որը, ինչպես գիտենք, ԽՍՀՄ զինված ուժերի կազմում միակ ազգային դիվիզիան էր, որը մասնակցեց Բեռլինի Ռայխստագի գրավմանը:

Մեր թանգարանում նաև կա գեղարվեստական նկարների պատկերասրահ, որտեղ ցուցադրվում են Խորհրդային Միության հայ հերոսները, ինչպես նաև մեր հայ ազգի շուրջ 60 գեներալները, ովքեր ակտիվ ձևով ղեկավար-հրամանատարական պաշտոններ են զբաղեցրել պատերազմի ընթացքում: Հայրենական պատերազմը ավարտվում է հիշատակի սրահով: Այստեղ գտնվող գրքերում ցուցադրված է Հայկական ԽՍՀ-ից այն ժամանակ մոբիլիզացված, այսինքն՝ զորակոչված և զոհված մեր հայրենակիցների անուն-ազգանունները, որոնք, ի դեպ, մեր թանգարանը 4 հատորով հրատարակել է, իսկ պատերին Խորհրդային Միության հայ հերոսների անուններն են անմահացված:

Երկրորդ մեծ ցուցասրահը նվիրված է Արցախյան մեծ պատերազմին: Ցուցադրությունը սկսվում է խաղաղ ցույցերից, որին (երբ արդեն վերջնականապես պարզ դարձավ, որ խաղաղ միջոցներով հնարավոր չէ հաղթանակի հասնել) հաջորդում է Սումգայիթում և Բաքվում հայկական ջարդերին վերաբերող պատկերասրահը, որից հետո արդեն ցուցադրված են երկրապահ-կամավորական ջոկատները, ըստ ժամանակագրության՝ Շահումյանի և Գետաշենի մարտական գործողություններից սկսած մինչև զինադադարի կնքում:

Այդ ամենի մեջ առանձնակի ուշադրություն է դարձված Շուշիի ազատագրման ռազմական գործողությանը՝ հաշվի առնելով նրա ունեցած դերակատարությունը թե՛ ռազմավարական և թե՛ քաղաքական ու աշխարհաքաղաքական հարցերում:

- Իսկ որքանո՞վ է մեծ հետաքրքրությունը թանգարանի նկատմամբ։

- Նախ պետք է շեշտեմ այն փաստը, որ մեր թանգարանը ԱՊՀ անդամ-մասնակից պետությունների մեջ միակ ռազմական և պետական թանգարանն է, որի մուտքը և կազմակերպվող էքսկուրսիաները անվճար են, իհարկե, այդ ամենը կատարվում է Պաշտպանության նախարարության հոգածության շնորհիվ: Որպեսզի հստակ պատկերացում կազմենք, թե ինչ հետաքրքրություն է ցուցաբերվում մեր թանգարանի նկատմամբ ընդամենը մեկ փաստ ներկայացնեմ. 2014 թվականին թանգարանը, բացի Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այցելուներից, ունեցել է նաև այցելուներ 75 օտար պետություններից, ընդ որում այդ այցելուների աշխարհագրական շրջանակը բավականին լայն է՝ սկսած Հարավային Աֆրիկայից մինչև Նորվեգիա, Նոր Զելանդիայից մինչև Կանադա: Թանգարանը ավելի քան 60.000 այցելու է ունեցել: Այսինքն՝ մեր թանգարանի ցուցադրությունների նկատմամբ հետարքրքությունը բավականին մեծ է: Բայց դրանով հանդերձ՝ պետք է կրկին ուրախությամբ շեշտեմ, որ մեր թանգարանի դռները առաջին հերթին բաց են հենց երիտասարդների, պատանիների, մեր աշակերտության, ուսանողության, զինվորների, կուրսանտների համար, որովհետև մեր թանգարանն առաջին հերթին նրանց է ուղղված, քանի որ մեր ապագան նրանց ձեռքերում է լինելու: Թանգարանը նաև առավել ակտիվ աշխատում է, բնականաբար, վետերանական և վետերանների և ազատամարտիկների տարբեր միությունների ու կազմակերպությունների, ինչպես նաև դպրոցների հետ: Ի ուրախություն մեզ՝ բոլորիս, հետաքրքրությունը թանգարանի նկատմամբ բավականին մեծ է:

- Ինչ գործունեություն է ծավալում թանգարանը երիտասարդ սերնդի մոտ մեր երկու մեծ հաղթանակների հանդեպ հետաքրքրություն առաջացնելու, պատմությանը ծանոթացնելու ուղղությամբ:

-  Թանգարանը իր հնարավորության սահմաններում ինչպես գիտամեթոդական, այնպես էլ ցուցադրական նյութերով աջակցում է դպրոցներում, զորամասերում, տարբեր ուսումնական հաստատություններում փառքի սրահների կամ փոքր թանգարանների ձևավորման, ստեղծման գործում: Տարբեր միջոցառումներ են իրականացվում ոչ միայն թանգարանի ներսում, այլ նաև շարժական ցուցադրություններ են կազմակերպվում, այսպես ասած, արտագնա կարգով: Իսկ որպեսզի թանգարանի կյանքը նաև ավելի աշխուժանա, մեզ մոտ թանգարանում բազմիցս բաց դասեր են տեղի ունենում, այսինքն՝ դասարանը գալիս է պատմության ուսուցչի կամ զինղեկի գլխավորությամբ և Հայրենական կամ Արցախյան պատերազմի հետ կապված համապատասխան դասը տեղի է ունենում թանգարանի համապատասխան ցուցասրահներում: Դասերին նաև մասնակցում են ծնողները:

Երիտասարդների մոտ ավելի մեծ հետաքրքրություն առաջացնելու նպատակով թանգարանը հնարավորության սահմաններում օգտագործում է ժամանակակից տեխնոլոգիաներ: Ստեղծվել է նաև թանգարանի կայք (mayrhayastan.am), որը անցած կարճ ժամանակահատվածում արդեն շուրջ 55.000 ընթերցող է հավաքել, ընդ որում 120 պետությունից: Դրանից զատ՝ նաև Facebook-ում ստեղծվել է «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի էջ, որը նույնպես միտված է թե՛ ռազմահայրենասիրական դաստիարակության քարոզչությանը, իհարկե, առաջին հերթին, երիտասարդության շրջանում, թե՛ մեր ռազմական պատմության ամենից տարբեր փուլերի ներկայացմանը: Եվ հպարտությամբ պետք է նշեմ, որ այդ կայքի՝ հատկապես ֆեյսբուքյան էջի նկատմամբ հետաքրքրությունը առավել մեծ է հենց մեր երիտասարդության շրջանում: Թանգարան մեծ մասամբ այցելում են նաև լրագրողներ, գիտաշխատողներ և վերջապես Երևանի բուհերի թանգարանագիտություն և մշակույթ ֆակուլտետների ուսանողները, ովքեր իրենց պրակտիկան անցկացնում են թանգարանում, իսկ նրանցից ոմանք իրենց ավարտական աշխատանքները գրում են կամ թանգարանի վերաբերյալ, կամ Արցախյան և Հայրենական պատերազմի թեմաներով:

-  Ցուցադրությունը ունենո՞ւմ է հետաքրքիր, նորարար լրացումներ կամ միջոցառումներ անցկացվո՞ւմ են։

-  Համալրումը պարբերաբար, գրեթե ամեն օր տեղի ունեցող շղթայական աշխատանք է, ի դեպ, նաև բավականին բարդ ու դժվարին: Այդ առումով ցանկանում եմ ուշադրություն հրավիրել մեկ հանգամանքի վրա, օրինակ, եթե Հայրենական մեծ պատերազմի ցուցասրահների համալրման կամ նորացման առումով աշխատանքները գերազանցապես են կատարվում և, կարելի է ասել, գրեթե ավարտված են, նույնը, ցավոք սրտի, դեռևս չենք կարող ասել Արցախյան պատերազմի հետ կապված ցուցասրահների համալրման աշխատանքների մասին, քանի որ պատերազմը տեղի է ունեցել ոչ վաղ անցյալում և համալրումն ու հավաքչական աշխատանքները դժվար են երկու տեսանկյունից: Նախ՝ մեր զոհված ազատամարտիկների հարազատները, բարեկամները, ընկերները, հասկանալի է, որ դժվարությամբ են ցանկանում իրենց մոտ պահվող այդ իրերը, փաստաթղթերը՝ որպես ցուցանմուշ պետական պահպանությանը հանձնել: Մյուս կողմից էլ մեր այն ազատամարտիկները, ովքեր, փառք Աստծո, ողջ-առողջ են, իրենց ձեռքի տակ եղած իրերը նույնպես որպես հիշատակ են պահում: Օգտվելով հնարավորությունից՝ կցանկանայի բոլորին կոչ ուղղել, որպեսզի թե՛ Հայրենական մեծ պատերազմի, թե՛ Արցախյան պատերազմի հետ կապված իրենց մոտ պահպանվող ցուցանմուշները, սկսած փաստաթղթերից, լուսանկարներից, վկայականներից, պարգևատրումներից, անձնական իրերից, հանձնեն Պաշպանության նախարարության «Մայր Հայաստան» զինվորական թանգարան, որովհետև պետական պահպանությունը միակ և երաշխավորված, ապահովված մեթոդն է, և, վերջիվերջո, դրանք սերունդների համար պետք է ծառայեն:

-  Իսկ ինչպե՞ս ենք տոնում Հայաստանում մայիսի 9-ը: Կա արդյո՞ք հետաքրքրություն այդ տոնի նկատմամբ։

-  Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար եռատոն է. ոչ միայն հայրենական պատերազմում հաղթանակի տոնն է, այլև Շուշիի ազատագրման, նաև Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ու երկրապահների միության տոնն է:

Կրկին հպարտությամբ պետք է նշեմ, որ մայիսի 9-ի տոնակատարությունների ողջ ծրագրերի ու միջոցառումների առանցքը թե՛ այցելուների համաժողովրդական զանգվածների և թե՛ տոնական միջոցառումների հանդիսավոր պետական մակարդակով նշման առումով իրավամբ կարելի է համարել «Մայր Հայաստան» զինվորական թանգարանը:

Հասկանալի է, որ այս տարի, առավել ևս նկատի ունենալով Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյա տարեդարձը, այդ միջոցառումները ավելի հանդիսավոր և ավելի համաժողովրդական բնույթ են կրելու: 70-ամյա տարեդարձի և տոնակատարությունների հետ կապված՝ նաև տեղեկացնեմ, որ այս տարի՝ ընդամենը մի քանի օր առաջ՝ ապրիլի 28-ին, Մոսկվայում բացվեց միջազգային մեծ ցուցադրություն, որը գործելու է մինչև հոկտեմբեր ամիսը, և ի պատիվ մեր թանգարանի՝ այդ ցուցադրությունում Հայաստանի Հանրապետության ազգային էքսպոզիցիայի ձևավորումը, պատրաստումը և հավուր պատշաճի ներկայացնելը վստահվել էր մեր Պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» զինվորական թանգարանին: Պետք է նշեմ, որ թե՛ ֆիզիկական անձանց, թե՛ պատկան բարձրաստիճան մարմինների կողմից հետաքրքրությունը ՀՀ էքսպոզիցիայի նկատմամբ բավականին մեծ էր:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 84%
Քամի՝ 16.09 կմ/ժ
7 C°
 
  10° 
18.11.2018
  10° 
19.11.2018
Հարցում

Կո՞ղմ եք Փաշինյանի քաղաքականությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: