ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռիգայում կլինեն նոր շեշտադրումներ. ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար

Ռիգայում մայիսի 21-22-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախաշեմին Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ բացառիկ հարցազրույցը ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի հետ։

 

- Պարո՛ն Մելքոնյան, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկայիս փուլը։ Որքանո՞վ է հաջողվել այսօրվա դրությամբ հաղթահարել առաջացած որոշակի փոխըմբռնման խնդիրները։

- Մենք բազմաթիվ անգամ առիթ ենք ունեցել հրապարակայնորեն ներկայացնելու, թե վերջին ամիսների, նույնիսկ, կարելի է ասել, վերջին մեկ տարվա ընթացքում ինչ գործընթացների մեջ էինք, և գործընթացները ինչ ուղղությամբ էին ընթանում։

 2014 թվականի հունիսին նախաձեռնվեց մի գործընթաց, որի նպատակն էր ունենալ քննարկումներ, երկխոսություն և այդ մասնագիտական երկխոսության ու քննարկումների միջոցով պարզել, թե ինչպիսի հետագա առևտրային, ոլորտային, տնտեսական համագործակցության օրակարգ կարող է ձևավորվել Հայաստանի և Եվրոպական միության միջև։

 Հունիսին նախաձեռնված այս գործընթացը նաև ընթացք ստացավ 2014 թվականի տարեվերջին։ Մենք հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կազմակերպեցինք Եվրոպական միության հետ, այսպես կոչված, «մտքերի փոխանակում» ձևաչափով քննարկումներ, այնուհետև կոմիտեի նիստ, որը գործում է արդեն ավելի քան 10 տարի։ Դրան հաջորդել են առևտրի և տնտեսական հարցերով ենթակոմիտեի նիստը և մի քանի այլ քննարկումներ։

Այս տարբեր քննարկումների նպատակն այն էր, որ ընդհանուր մտքերի փոխանակման ճանապարհով որոշակիորեն ուրվագծվի, թե հետագայում ինչ ուղղություններով, ինչ ոլորտներում և ինչ ձևաչափով է հնարավոր կառուցել Հայաստան-Եվրամիություն առևտրատնտեսական հարաբերությունները։ Մասնավորապես առևտրատնտեսական եմ նշում, քանի որ ընդհանուր՝ քաղաքական, մարդու իրավունքների և այլ ոլորտների մասով քննարկումներ իրականացնում էր Արտաքին գործերի նախարարությունը։ Էկոնոմիկայի նախարարությունը վարում էր այն ամբողջական, ծավալուն, մեծ բլոկը, որ վերաբերում է առևտրային հարաբերություններին և առևտրին առնչվող բազմաթիվ այլ ոլորտներում համագործակցության հետագա ձևաչափին։

Պետք է նշեմ, որ ընդհանուր առմամբ մենք բավարարված ենք քննարկումներով, քանի որ դրանց արդյունքում կարողացանք Եվրոպական միության մեր գործընկերների հետ ուրվագծել այն շրջանակը, որի շուրջ, ըստ էության, հետագա փուլերում արդեն կանցնենք իրավապայմանագրային նոր հնարավոր փաստաթղթի շուրջ բանակցություններին։ Վերջերս նախարարը ևս հարցազրույցներից մեկում առիթ ունեցել է անդրադառնալու այս թեմային, ես ինքս այս թեմայի շուրջ բազմիցս խոսել եմ։

 Ինչպես մեր հասարակության մեծ մասը տեղյակ է, այս քննարկումների հիման վրա եվրոպական կողմը պետք է ապահովի համապատասխան մանդատի տրամադրումը Եվրահանձնաժողովին, որը կլինի անհրաժեշտ իրավական գործընթացի մեկնարկի համար հիմք, որը պետք է եվրոպական հանձնաժողովին բանակցությունները սկսելու համար։

 Բազմաթիվ անգամներ հարց է հնչել, թե երբ կլինի մանդատը։ Ես կարծում եմ, որ սա ընթացակարգային խնդիր է, և երբ եվրոպական կողմը մանդատ ստացած կլինի Եվրամիության համապատասխան կառույցներից, այդ ժամանակ արդեն հնարավորություն կունենանք սկսելու բանակցային գործընթացը հետագայում Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքվելիք փաստաթղթի բովանդակության շուրջ։

- Իսկ համատեղ նախապատրաստական փուլից ելնելով՝ այդ մանդատը ստանալուց հետո, ըստ Ձեզ, այդ բանակցությունները որքա՞ն կարող են տևել։

- Ես կառաջարկեի, որ մենք չսևեռվեինք ժամկետների վրա։ Կարևորը բանակցվող փաստաթղթի բովանդակությունն է և ոչ թե այն ժամկետները, թե երբ կկարողանանք ավարտել։

Իհարկե կարևոր է, որ բանակցությունները լինեն կոնստրուկտիվ և հնարավորինս լավ ընթանան, և ես կարծում եմ այդպես էլ կլինի։ Բայց, դեռ չսկսած, բանակցություններին որոշակի ժամկետներ նախանշելը, կարծում եմ, ամենաարդյունավետ ճանապարհը չէ։

Բայց միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ մենք ունենք նախկինում բանակցված մի փաթեթ՝ ներառյալ Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, և դրանից հետո վերջին շրջանում ունեցանք ակտիվ մասնագիտական քննարկումներ, որոնց նպատակն էր պարզել, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո ինչն է հնարավոր ներառել նոր փաթեթում, ինչը հնարավոր չէ ներառել հին բանակցած փաթեթից։ Սա միմյանց հետ քննարկման բավական ծավալուն և ամբողջական աշխատանք է։ Ես կարծում եմ, որ մենք բավական լավ հիմքեր ունենք, որ բանակցային գործընթացը հնարավորինս արագ առաջ գնա։ Ժամկետներ ուղղակիորեն նշելը, կարծում եմ, շատ արհեստական կլինի, և չէի առաջարկի սևեռվել որոշակի ժամկետ ֆիքսելու վրա։

- Իսկ մեր գերակայությունները այդ բանակցությունների ժամանակ, ըստ Ձեզ, որո՞նք պետք է լինեն։

- Եվրոպական միությունը եղել է և հիմա էլ մնում է Հայաստանի համար կարևոր առևտրային գործընկեր։ Եթե մենք նայենք մեր արտաքին առևտրաշրջանառությանը, կտեսնենք, որ առևտրի մի զգալի հատված մենք իրականացնում ենք հենց Եվրոպական միության հետ։ ԵՄ-ն մնում է և, կարծում եմ, հետագայում էլ կլինի հայկական ծագման ապրանքների համար արտահանման կարևոր շուկաներից մեկը։

Ունենալով նման խոշոր, գնողունակ և ծավալուն արտահանման հնարավոր շուկա՝ կարծում եմ, բնականաբար, շատ կարևոր է, որ այս տեսանկյունից մենք շատ ուշադիր լինենք և զարգացնենք հարաբերությունները։ Կարծում եմ՝ պետք է նպատակաուղղված լինենք բանակցվող փաթեթում ներառել բոլոր այն ուղղությունները և ոլորտները, որոնք մենք իրավասու ենք՝ լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, երկկողմ հարաբերությունների հարթության վրա կարգավորել համագործակցությունը Եվրոպական միության հետ, ինչը կնպաստի մեր առևտրային, տնտեսական հարաբերությունների զարգացմանը։

 Բազմիցս նշել ենք, որ բաց ենք մեր բոլոր գործընկերների համար։ Այո՛, մենք ունենք որոշակի պարտավորություններ՝ ստանձնած ԵԱՏՄ շրջանակներում, և փաթեթը քննարկելիս մենք հաշվի ենք առնելու այդ պարտավորությունները, և այստեղ որևէ կոնֆլիկտային խնդիր ես վստահ եմ, որ չի առաջանա։ Բնականաբար, ձեռք են բերվելու պայմանավորվածություններ, որոնք իրականացնելու տեսանկյունից իրատեսական են և կնպաստեն մեր հարաբերությունների զարգացմանը։

- Ռիգայի գագաթաժողովից մեր հիմնական ակնկալիքները որո՞նք են։

- Ռիգայի գագաթաժողովը իրականացվում է Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում։ Գործընկերության մեջ մտնում են թվով 6 երկրներ, այդ թվում նաև Հայաստանը։ Սա մի ձևաչափ է, որով երկրները պարբերաբար ամենաբարձր մակարդակով հանդիպում են՝ նախ գնահատելու անցած շրջանը և հետագայում նաև նախանշելու և որոշակի ուղղվածություններ կանխորոշելու հետագա զարգացման հնարավոր ուղղությունների և ձևաչափերի վերաբերյալ։

Արևելյան գործընկերությունը բազմակողմ համագործակցության ձևաչափ է, որը նաև ունեցել է իր որոշակի արդյունքները։ Գագաթաժողովին մնացել է մի քանի օր։ Կարծում եմ, որ մի քանի օր հետո մենք արդեն կտեսնենք արդյունքները՝ թե ինչպիսի հայտարարություններ կընդունվեն, ինչպիսի մոտեցումներ կֆիքսվեն հետագա շրջանի համար։

Համագործակցությունը, որպես այդպիսին, ձևաչափի մեջ շարունակական բնույթ կունենա։ Անշուշտ, ես կարծում եմ, որ կլինեն որոշակի նոր շեշտադրումներ Արևելյան գործընկերության համակարգի զարգացման վերաբերյալ, քանի որ յուրաքանչյուր գագաթաժողով, ամփոփելով նախկին շրջանը, նախանշում է հետագա անելիքների հետ կապված նոր, համեմատաբար թարմացված շեշտադրումներ, ուղղություններ, հնարավոր զարգացման մոտեցումներ։ Այս գագաթաժողովի ժամանակ նույնպես, կարծում եմ, կլինեն թարմացումներ։

Հատկապես, իմ կանխատեսմամբ, կլինի որոշակի շեշտադրում, որ Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ լինի հնարավորինս ավելի տարբերակված մոտեցում, քանի որ վերջին շրջանում մենք տեսանք, որ տարբեր երկրների պարագայում տեղի ունեցան տարբեր զարգացումներ։ Որոշները ստորագրեցին համաձայնագիր, որոշները՝ ոչ, որոշները ցանկություն չունեն հետագայում Եվրամիության հետ ասոցացման տեսքով այլ փաստաթուղթ բանակցելու և ստորագրելու. ի նկատի ունեմ Ադրբեջանը։ Մեր պարագայում կա բավականին լավ ստեղծված հիմք։

Կարևորելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձևաչափը՝ մենք քննարկումների ժամանակ ներկայացրել ենք, թե ինչ ոլորտային և թեմատիկ ուղղությունների վրա ենք պատրաստակամ աշխատելու ԵՄ-ի հետ։ Կարևորվել է հայկական կառույցներին տրվող աջակցությունը, որը ոչ միայն նպաստում է մեր կողմից իրականացվող ռեֆորմներին, այլ նաև լավ հարթակ է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները զարգացման համար։ Այս առումով, իհարկե, որոշակի նոր շեշտադրումներ կլինեն, բայց կարծում եմ, որ համագործակցությունը շարունակական է, և գագաթաժողովից հետո գոնե ինչ-որ չափով, բանակցային նոր ձևաչափի մեկնարկի տրմամբ պայմանավորված, հնարավոր լինի սկսել նոր հարաբերությունների քննարկման և հետագա զարգացման շուրջ նոր փուլի աշխատանքներ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: