ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ ԱլԳ տարբերակված քաղաքականության սկզբունքը դեռևս արմատավորվում է

Մայիսի 21-22-ին Ռիգայում կայացավ այդքան սպասված ԵՄ ԱլԳ գագաթաժողովը, որը կարևորվում էր մի կողմից գործընկեր երկրների ունեցած տարաբնույթ ակնկալիքներով, մյուս կողմից՝ ԵՄ՝ Արևելյան գործընկերության քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնելու վճռականությամբ:

Դեռ նախորդ՝ Վիլնյուսյան գագաթաժողովի արդյունքում ակնհայտ դարձավ և սկսեց լայնորեն քննարկվել Արևելյան գործընկերության քաղաքականությունը բարեփոխումների ենթարկելու անհրաժեշտությունը: Որպես կարևորագույն և հիմնական նորամուծություն՝ դիտարկվում էր գործընկեր երկրների նկատմամբ տարբերակված մոտեցման կիրառումը՝ հաշվի առնելով նրանց առանձնահատկությունները, տարբեր ձգտումները և բարեփոխումներում արձանագրած առաջընթացը: Նման մոտեցման գլխավոր ջատագովներից ու տվյալ գաղափարն առաջ տանողներից մեկը հենց Հայաստանն էր, որն, առաջնորդվելով «և-և»-ի քաղաքականությամբ, ձգտում էր հնարավորինս համադրել եվրասիական և եվրոպական ինտեգրացիոն գործընթացները:

ԱլԳ շրջանակներում տարբերակված մոտեցման հիմքը թերևս պետք է դառնար «3-1-2» կամ «3-1-1-1» բանաձևը: Նման տարբերակումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան (3)՝ որպես ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ստորագրած երկրներ, գտնվում են ԵՄ հետ ինտեգրացիոն այլ մակարդակի վրա: Հայաստանին (1), որն ավարտել էր ԵՄ հետ բանակցությունները և ըստ եվրոպական կողմի՝ պատրաստ էր Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, պետք է դիտարկել առանձին: ԱլԳ մյուս երկրները` Բելառուսը և Ադրբեջանը (որոշ փորձագետներ այս երկու երկրները դիտարկում են միասին, ոմանք՝ առանձին) գտնվում են այլ իրավիճակում: Մի կողմից այդ երկրներում ժողովրդավարական բարեփոխումների դանդաղ և ոչ այդքան արդյունավետ ընթացքը, մյուս կողմից՝ այն հանգամանքը, որ նրանց ԵՄ կողմից չի ներկայացվել Ասոցացման համաձայնագրի ստորագրման առաջարկ, անտրամաբանական է դարձնում Ադրբեջանին և Բելառուսին ԱլԳ մյուս երկրների հետ միևնույն պահանջները և չափորոշիչներն առաջադրելը: Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ պաշտոնական Բրյուսելում ձևավորվեց նոր մոտեցման անհրաժեշտության գիտակցումը, և Ռիգայի գագաթաժողովը կոչված էր դառնալ տարբերակված մոտեցման սկզբունքի ներմուծման  և ամրագրման հիմնական հանգրվանը:

Նման քայլի հաջողության հիմնական ցուցիչը թերևս գագաթաժողովի արդյունքում ընդունված հիմնական փաստաթուղթն է, որտեղ արձանագրված է ինչպես գործընկեր երկրների գրանցած առաջընթացն, այնպես էլ հետագա անելիքները: Օբյեկտիվության համար պետք է նշել, որ Ռիգայի գագաթաժողովի համատեղ հայտարարությունն, ի տարբերություն երկու տարի առաջ տեղի ունեցած Վիլնյուսի գագաթաժողովին ընդունված նմանատիպ հայտարարության, իր մեջ որոշակիորեն ամփոփում է տվյալ սկզբունքը: Այնուամենայնիվ, հատկանշական է այն հանգամանքը, որ տարբերակված մոտեցումը դեռևս լիովին չի հասցրել արմատավորվել: Նույն հայտարարությունում դեռևս հանդիպում ենք (հավանաբար իներցիայի ուժով) որոշակի ընդհանրականության, ավելի կոնկրետ՝ «3-1-2» պայմանական բանաձևից շեղումների: Փաստաթղթի որոշ հատվածներում բաժանումն արված է Ասոցացման համաձայնագիրը ստորագրած և չստորագրած երկրների բաժանման սկզբունքով, իսկ որոշ դեպքերում՝ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարակշռված քաղաքականություն կիրառելու ակնկալիքով երկու երկրները դիտարկվում են մեկ կարգավիճակում, ինչն անընդունելի է պարզ պատճառով. Հայաստանը և Ադրբեջանն ժողովրդավարության ոլորտում և ԵՄ հետ ինտեգրման գործընթացում արձանագրած առաջընթացի մակարդակով բավական տարբեր են և ընդհանրական մոտեցման կիրառումը տվյալ պարագայում օբյեկտիվ չէ:

Չնայած նմանատիպ թերացումներին՝ գործընկեր երկրների նկատմամբ տարբերակված քաղաքականության սկզբունքի ամրագրումն արդեն իսկ մեծ կարևորություն ունի և հիմք է տալիս ենթադրելու, որ անաչառ պայմանների դեպքում մոտ ապագայում հստակ կուրվագծվեն գործընկեր երկրների իրական եվրոպական մղումները, ինչն էլ հիմք կծառայի ԵՄ կողմից տարաբնույթ օժանդակության տրամադրման և համագործակցության խորացման համար: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: