ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ գործող նախագահի՝ Հայաստան կատարած այցի արդյունքները

Ավարտվել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչի տարածաշրջանային այցը, որի շրջանակում Դաչիչը այցելել է Ադրբեջան, Վրաստան և Հայաստան:

Հայաստանում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար  Էդվարդ Նալբանդյան, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպումների ժամանակ կողմերը անդրադարձել են ինչպես տարածաշրջանային մարտահրավերներին, այնպես էլ հայ-սերբական երկկողմ հարաբերություններին: Սակայն, իհարկե, բոլոր քննարկումներում կենտրոնականը եղել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը և բանակցային գործընթացի ներկա փուլում առկա խնդիրները:

Այսպես, նախարար Նալբանդյանի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Դաչիչը նշել է․ «Ադրբեջանն առաջարկում է ավելացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների թիվը: Կարծում եմ, սա նոր առաջարկ չէ, սակայն այս առաջարկը ընդունելու համար մենք կոնսենսուսով կայացված որոշման կարիք ունենք, որը կընդունվի մասնակից բոլոր երկրների կողմից: Միգուցե այս հարցը ուսումնասիրենք ապագայում, բայց, կարծում եմ, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի աշխատել: Եթե որևէ կողմ գոհ չէ աշխատանքի արդյունքներից, այնուամենայնիվ սա միակ ձևաչափն է, որի շրջանակում տարաբնույթ բանակցություններ են ընթանում, երկխոսություն է տեղի ունենում, և սա պետք է պահպանվի»:

Վերջին տարիներին պաշտոնական Բաքուն պարբերաբար դժգոհում է Մինսկի խմբի՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված աշխատանքից: Այս մասին Բաքուն բարձրաձայնել էր նաև Դաչիչի՝ հունիսի 1-ին Ադրբեջան կատարած այցի ժամանակ:

Իր հերթին նախարար Նալբանդյանը ԵԱՀԿ գործող նախագահի ուշադրությունը հրավիրել է Ռիգայի գագաթաժողովի ժամանակ Ադրբեջանի որդեգրած ոչ կառուցողական դիրքորոշման վրա: Անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ համապարփակ խաղաղ պայմանագրի վրա աշխատելու Բաքվի պատրաստակամության մասին հայտարարությանը՝ Նալբանդյանն ընդգծել է, որ Արևելյան գործընկերության վերջին գագաթաժողովը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Բաքվի դիրքորոշումը չի փոխվել, քանի որ վերջինս հրաժարվում է ստորագրել Ռիգայի գագաթաժողովի վերջնական փաստաթուղթը, որում մասնակից երկրները վերահաստատել էին իրենց աջակցությունը Մինսկի խմբի ջանքերին:

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները գրում էին, որ ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կատարելիք այցի ժամանակ բարձրացնելու է Ղարաբաղում մի շարք ծանր հանցագործություններ իրականացրած երկու ադրբեջանցի դիվեսանտների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի Ադրբեջան հետ վերադարձման հարցը, սակայն համատեղ ասուլիսի ժամանակ այս թեմային կողմերը չեն անդրադարձել:

Բաքվի  վարած քաղաքականությունը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար և հանդիսանում է միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում, այս մասին նշել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Դաչիչի հետ հանդիպման ժամանակ: Սահակյան նաև նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտն իր աջակցությունն է հայտնում Մինսկի խմբի գործող ձևաչափին: Նա նաև ընդգծել է բանակցությունները լիրաժեք ձևաչափով վերսկսելու անհրաժեշտությունը՝ այն համարելով գործընթացի առանցքային բաղադրամասերից մեկը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ևս ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի դիրքորոշման վերաբերյալ, որով ապակայունացվում է իրավիճակը տարածաշրջանում: Նա նշել է, որ Հայաստանը վաղուց որդեգրել է խնդրին խաղաղ լուծում տալու ուղին, սակայն միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ-ին, Ադրբեջանի պահվածքը պիտի մտահոգության առիթ տա:

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաև կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: ԱԺ նախագահը դրական է գնահատել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը և համագործակցությունը ՀՀ Ազգային ժողովի հետ:

Գալուստ Սահակյանըն, անդրադառնալով հայ-սերբական համագործակցությանը, կարևորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը և խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը:

Նշենք, որ հայ-սերբական երկկողմ հարաբերությունների զարգացման առումով բավականին արդյունավետ էր Իվիցա Դաչիչի և արտգործնախարար Նալբանդյանի հանդիպումը: Այսպես, երկկողմ ձևաչափով հանդիպումից հետո Հայաստանի և Սերբիայի արտգործնախարարները ստորագրեցին երկու երկրների ԱԳՆ-ների միջև փոխգործակցության մասին հուշագիր, որով նախատեսվում է պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացում:

Կոմերը անդրադարձան Երևանում և Բելգրադում դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնադրման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Ավելացնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահի Հայաստան կատարած այցի ավարտին ԵԱՀԿ նախագահի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերը գոհունակությամբ նշել է նաև, որ Հայաստանը տարածաշրջանում օրինակելի է իր ժողովրդավարությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 8,75 կմ/ժ
    17 C°
     
    20°   
    18.05.2024
    21°   
    19.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: