ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

MIDEM-2015 - Հայաստանը՝ պատվավոր հյուրի կարգավիճակով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կաննում ներկա կգտնվի MIDEM միջազգային աշխարհահռչակ երաժշտական փառատոնին, որտեղ Հայաստանն այս տարի մասնակցում է պատվավոր հյուրի կարգավիճակով:

MIDEM-ը երաժշտական ինդուստրիայի աշխարհի կարևորագույն փառատոններից է, որն անցկացվում է 1966 թվականից ի վեր, Ֆրանսիայի Կանն քաղաքում: Փառատոնին մասնակցում են աշխարհի հեղինակավոր ձայնագրման կազմակերպությունները, հայտնի երգիչներ, խմբեր, պրոդյուսերական կենտրոններ և երաժշտական հրատարակչություններ:

Յուրաքանչյուր տարի մասնակից երկրներից մեկին հնարավորություն է ընձեռվում ներկայանալու փառատոնին պատվավոր երկրի կարգավիճակով, ինչն էլ նշանակում է, որ փառատոնի շրջանակում` գերակա երաժշտական թեման տվյալ երկրի երաժշտությունն ու մշակույթն է:

Եվ ահա̦, ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության կայքը̦, Հայաստանը պատվավոր երկրի կարգավիճակով այս տարի կմասնակցի MIDEM միջազգային երաժշտական փառատոնին̦ որը տեղի կունենա հունիսի 5-8-ն ընկած ժամանակահատվածում:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդգծել է այն գաղափարական հենքը, որով ուղղորդվում է հայկական ծրագիրը: Հիշողություն, երախտագիտություն, վերածնունդ՝ 3 կարգախոս, որոնք բանաձևում են Ցեղասպանություն ապրած հայ ժողովրդի անցյալը, ներկան ու ապագան:

«Հայաստանի մասնակցությունը MIDEM փառատոնին վերածննդի գաղափարի տիրույթում է, որովհետև մենք ներկայացնում ենք մի մշակույթ, որը վերածնված Հայաստանում է ստեղծվել: Մեր հայացքը միշտ ուղղված է լինելու Կոմիտասին՝ որպես վերածնված ժողովրդի հավատի, ոգեղենության ու մշտարթուն պահանջի խորհրդանիշ։ Եվ օրինաչափ է, որ հենց կոմիտասյան արվեստն է լինելու հայաստանյան մասնակցության հիմնաքարն այս փառատոնին»,- նկատել է Հասմիկ Պողոսյանը:

MIDEM փառատոնը` երաժշտարվեստի ոլորտում մեր հարուստ ժառանգության և արդի զարգացումներն աշխարհին ներկայացնելու կարևոր հարթակներից է: Այս չորս օրերի ընթացքում ողջ Կաննը ողողված կլինի հայկական երաժշտությամբ. ինչպես բացօթյա բեմահարթակներում, այնպես էլ համերգային դահլիճներում  կհնչեն հայկական դասական, հոգևոր, ջազ, ռոք, էթնո-ջազ կատարումներ և այլն: Կկազմակերպվեն դասախոսություններ հայկական մշակույթի, ժողովրդական գործիքների, Կոմիտասի, ինչպես նաև Հայաստանով ոգեշնչված աշխարհահռչակ կոմպոզիտոների` Հայաստանին նվիրված ստեղծագործություների թեմաներով:

Հայաստանի` որպես MIDEM-2015 փառատոնի խորհրդանիշ է մշակվել ՆՈՒՌ-ը, որը պատկերված է չորս տարբեր գույներով, որոնք և խորհրդանշում են ոգեշնչման չորս հիմնական հայկական տարրերը` հողը, օդը, ջուրը և կրակը: Այս չորս հիմնական տարրերի հայկականությունն է, որ ընկած է հայ գենի հիմքում, որի արդյունքում աշխարհով մեկ սփռված հայերի ստեղծագործությունների մեջ նկատելի է դառնում ընդհանրական մի ձեռագիր ու ելևէջ, որի արդյունքում է, որ ճանաչելի են դառնում հայկական երանգները: Հենց այս հայկականության բաղադրիչի ներկայացումն է ընկած «Երաժշտության հայկական էլեմենտները» գաղափարի հիմքում: Իր չորս հիմնական տարերքների յուրօրինակության միջոցով է, որ Հայաստանը դառնում է ոգեշնչման երկիր ոչ միայն հայերի, այլև Հայաստան ժամանող և Հայաստանի հետ առնչություն ունեցող օտարազգի շատ արվեստագետների համար:

Նման տեսանկյունից Հայաստանի մասնակցությունը MIDEM փառատոնին նպատակ ունի ոչ միայն ներկայացնել ոգեշնչման արդյունքում ծնված ստեղծագործությունները, այլև միջազգային հանրության ուշադրությունը գրավել դեպի Հայաստան` որպես պահպանված յուրօրինակ մշակութային արժեքների երկիր, ուր այցելելով կարելի է առնչվել հարուստ մշակույթին ժառանգությանը, ինչպես նաև ոգեշնչվել, ստանալ նոր ստեղծագործական լիցքեր: 

Փառատոնին հայ մշակույթը ներկայացվելու է իր ողջ բազմազանությամբ. երաժշտությունից բացի կներկայացվեն նաև հայկական կերպարվեստը, խոհանոցն ու նորաձևության ժամանակակից զարգացումները: Բացօթյա միջոցառումների շարքում ելույթներով հանդես կգան նաև պարային համույթներ` «Բերդ» և «Յարխուշտա» պարային կատարումներով, կհնչեն հայկական դուդուկը, զուռնան, դհոլը, թառը: Հայկական տաղավարում կներկայացվեն Հայաստանում և նրա սահմաններից դուրս գործող երաժշտական խմբերի, անհատ կատարողների, կոմպոզիտորների ստեղծագործությունների սկավառակները և ոլորտին վերաբերող տպագիր նյութեր:

Մեծ աշխատանք է տարվում նաև Կաննում Հայաստանի վիզուալ ներկայացման ուղղությամբ. միջոցառման օրերին քաղաքը զարդարված կլինի հայկական գույներով, հրապարակները` «Հայաստան-Պատվավոր երկիր» խորհրդանշող դրոշներով, քաղաքային վահանակները կազդարարեն հայկական միջոցառումների ու ծրագրերի մասին, իսկ Կաննի հայտնի փառատոնի դահլիճի ճակատային վահանակը նվիրված կլինի բացառապես Հայաստանին: Լուսային պրոեկցիաներով Կաննի ամենահայտնի «Կարլթոն» հյուրանոցի շենքի ճակատին կցուցադրվի  հայկական պատմությունն ու մշակույթը ներկայացնող ֆիլմ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 55%
    Քամի՝ 5,66 կմ/ժ
    18 C°
     
    22°  13° 
    04.05.2024
    22°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: