ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միջուկային բանակցություններ. հաղթանակ̦ թե՞ պարտություն

Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» արտգործնախարարներն այսօր կրկին հավաքվել են Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքման գործընթացն ավարտին հասցնելու համար̦ քանի որ նրանց նախանշած վերջնաժամկետին ընդամենը մեկ օր է մնացել:

Դիվանագետները հայտարարում են բանակցություններում առաջընթացի մասին` ընդգծելով չլուծված խնդիրները հաղթահարելու անհրաժեշտությունը: Նրանց նպատակն է սահմանափակել Իրանի միջուկային ծրագիրը պատժամիջոցների թեթևացման դիմաց:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է̦ որ թեև համաձայնագրի կնքումը երբեք այսքան մոտ չի եղել̦ այնուամենայնիվ̦ դեռ չլուծված հարցեր կան̦ գրում է The Voice of America-ն:  Երեկ Քերին և Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը մի քանի անգամ հանդիպել են̦ ինչից հետո հայտարարվել է բանակցություններում գրանցված առաջընթացի մասին: Նշվում է̦ որ Իրանն ու «վեցյակը» նախնական համաձայնության են եկել պատժամիջոցների հարցի շուրջ̦ սակայն նախարարները դեռ պետք է իրենց համաձայնությունը տան:

Հիշեցնենք̦ որ համապարփակ համաձայնագրի վերջնաժամկետը հունիսի 30-ն էր̦ սակայն կողմերը համաձայնեցին բանակցությունները երկարաձգել մինչև հուլիսի 7-ը: Ֆրանսիան հույս է հայտնել̦ որ միջուկային համաձայնագիրը կարող է կնքվել առաջիկա 72 ժամվա ընթացքում: Այս մասին Վիեննայում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը: «Ես հույս ունեմ̦ որ մենք այնպիսի համաձայնագիր կունենանք̦ որը կնպաստի խաղաղությանն ու անվտանգությանը̦ սակայն ամեն ինչ դեռ պետք է ստուգվի»̦ - Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի խոսքերը մեջբերում է իրանական IRNA գործակալությունը:

Նշենք̦ որ Ֆրանսիան համարվում է միջազգային միջնորդների «վեցյակի» ամենակոշտ դիրքորոշում ունեցող անդամը: Նույն գործակալությունը փոխանցում է նաև Իրանի արտգործնախարարի խոսքերը̦ ով այսօր առավոտյան հայտնել է լրագրողներին̦ որ մի շարք հարցերի շուրջ կողմերը դեռևս չեն կարողանում համաձայնության գալ: Նա նաև նշել է̦ որ բանակցությունների արդյունքները դեռևս հստակ չեն:

Իր հերթին Գերմանիայի արտգործնախարարը կոչ է արել բանակցող կողմերին փոխզիջումների գնալ վերջնական համաձայնագիր ստորագրելու համար: Նա նշել է̦ որ իրանական միջուկային խնդրի լուծումը կնշանակի̦ որ ողջ աշխարհը հաղթել է̦ իսկ խնդրի տապալումը կազդարարի բոլորի պարտությունը:

Վերլուծաբանները փաստում են̦ որ վերջնական համաձայնագրի կնքումը նոր էջ կբացի Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» հարաբերություններում` նոր հնարավորություններ ստեղծելով հետագա համագործակցության խորացման համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: