ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սա ոչ թե կրոնական ծայրահեղականություն է, այլ կրոնով քողարկված ծայրահեղականություն

Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ հարցազրույցը Մոսկվայի պատրիարքարանի միջկրոնական շփումների սեկտորի վարիչ հայր Դմիտրի Սաֆոնովի հետ: Այն իրականացվել է  Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների 5-րդ համագումարի ժամանակ Աստանայում (Ղազախստան) «Հայաստան-Ղազախստան. համագործակցության հարթակներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան հետ համատեղ:

- Ինչո՞ւմն է կայանում Համաշխարհային և ավանդական կրոնների 5-րդ համագումարի հիմնական ուղերձը:

- Այն, ինչ ես լսեցի համագումարի բացմանը ելույթ ունեցողների շուրթերից, ինձ շատ ուրախացրեց: Բացի միջկրոնական երկխոսությունից, ես զբաղվում եմ նաև շատ սուր խնդրով՝ քրիստոնյաների նկատմամբ հալածանքների խնդրով, ինչից այսօր տառապում են քրիստոնյաները աշխարհի շատ երկրներում: Այստեղ մի կարևոր խնդիր էլ բարձրաձայնվեց՝ կրոնական ծայրահեղականության խնդիրը կամ, ավելի ճիշտ, կրոնով քողարկված ծայրահեղականության խնդիրը, քանի որ կրոնը ծայրահեղականություն չի ծնում:

Շատ կարևոր է այսօր լսել կրոնական առաջնորդների շուրթերից, մանավանդ մուսուլմանական, որ կրոնը բռնություն չի ծնում, այլ խաղաղության և բարիդրացիության կոչ է անում, քանի որ, հենց կրոնով քողարկվելով, իսլամի սրբություններով քողարկվելով են այսօր գործում Իսլամական Պետության, այլ ահաբեկչական խմբավորումների ծայրահեղականները, որոնք դաժանաբար ոչնչացնում են Սիրիայի, Իրաքի քրիստոնյա բնակչությունը: Այն ցեղասպանությունը, որն իրականացվեց 100 տարի առաջ, ձեզ՝ հայերիդ լավ հայտնի է, այսօր այն իրականացվում է Մերձավոր Արևելքի բոլոր քրիստոնյաների նկատմամբ՝ և հայերի, և ասորիների, և կաթոլիկների, և ուղղափառների և այլն: Այսինքն՝ կրոնի քողի տակ գնում է քրիստոնեության համընդհանուր բնաջնջում, ահա թե ինչն է սարսափելին: Եվ ոչ թե այն պատճառով, որ նրանք այլ ազգի են պատկանում (քանի որ պատմությունից արդեն գիտենք, թե ինչ է ազգամիջյան կոտորածը), այլ հենց միայն նրա համար, որ նրանք քրիստոնյա են: Եվ ծայրահեղականների կողմից այդ ատելությունը ոչ միայն քրիստոնյաների, այլև մնացած բոլոր այլադավանների նկատմամբ է: Այդ զանգվածային մահապատիժները, ինչն այսօր մեզ սարսափեցնում է, պետք է ստանան իրենց գնահատականը այս համագումարի կրոնական առաջնորդների կողմից:

Այսօր խոսվում էր այն մասին, որ կան որոշակի քաղաքական ուժեր, նույնիսկ պետություններ, որոնք միգուցե ոչ բացահայտորեն, բայց աջակցում ու ֆինանսավորում են, քաղաքական աջակցություն են ցուցաբերում այդ տեսակի ծայրահեղական շարժումներին: Սակայն միջազգային հանրությունը պետք է միասնական լինի:

Շատ կարևոր է, որ հաջողվել է համագումարին հրավիրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին: Սա իրոք կարևորագույն առաջընթաց է: Ես, որպես երկար տարիներ միջկրոնական խնդիրներով զբաղվող անձնավորություն,  գիտեմ, թե ՄԱԿ-ը միշտ ինչ զգուշորեն է վերաբերվել կրոնին: Ժամանակին մենք առաջարկել ենք, դա շատ վաղուց էր, ՄԱԿ-ին կից ստեղծել կրոնական առաջնորդներից բաղկացած մշտական գործող մարմին: Սակայն այդ դիրքորոշումը չընդունվեց: Կազմակերպությունը միշտ ընդգծել է, որ այն աշխարհիկ է և կրոնի հետ կապ չունի: Իսկ ահա այսօր պարզ է դառնում, որ առանց կրոնի հնարավոր չէ խաղաղության հասնել, և որ առանց կրոնական առաջնորդների անհնարին է կարգավորել նույնիսկ քաղաքական հակամարտությունները: Եվ սա իրոք առաջընթաց է:

Եվ այն, որ Ղազախստանին հաջողվել է հրավիրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և դա, հուսով եմ, կմտնի ՄԱԿ-ի օրակարգ, սա իրոք այս համագումարի կարևորագույն նվաճումն է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: