ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ոչ թե Լեռնային Ղարաբաղ, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ Արցախ

Վերջին շրջանում  Արցախին կամ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող տարատեսակ նյութերում առավել հաճախ են հանդիպում սխալ կիրառվող տերմիններ, անվանումներ: Փորձը ցույց է տալիս, որ դա մի կողմից ոմանց չիմացության, մյուս կողմից՝ ադրբեջանական հետևողական քարոզչության արդյունք է: Ցավոք, բանակցային գործընթացի տարաբնույթ տերմինների սխալ կիրառումն ունենում է լուրջ ազդեցություն ինչպես բանակցային գործընթացում սեփական կողմերի դիրքորոշման թուլացման, այնպես էլ լեզվամտածողության տեսանկյունից:

Ամենից հաճախ թույլատրվող սխալներից մեկը «Լեռնային Ղարաբաղ» եզրույթի կիրառումն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ Արցախի փոխարեն:

Նախ ներկայացնենք, թե ընդհանրապես ինչ իմաստներով է կիրառվում տվյալ եզրույթը.

  • Լեռնային Ղարաբաղը որպես այդպիսին պատմական տարածաշրջան է Հարավային Կովկասում, որն ընկած է Դաշտային Ղարաբաղի և Զանգեզուրի միջև և զբաղեցնում է Փոքր Կովկասի հարավ-արևելյան լեռնաշղթան։

  • Կրճատ Լեռնային Ղարաբաղ էր կոչվում նաև նախկին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ԽՍՀ) Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, որը ձևավորվել է 1923 թվականին: Այն ուներ մոտ տ 4.400 կմ² տարածք և այն մասամբ է մտնում ներկայիս ԼՂՀ կազմի մեջ (Մարտունու, Մարտակերտի շրջանների մի մասը, ինչպես նաև 1989թ-ին շրջանային խորհրդի որոշմամբ ԼՂԻՄ-ին միացած Շահումյանի շրջանն այսօր օկուպացված են Ադրբեջանի կողմից):

Որպես աշխարհագրական տեղանուն Լեռնային Ղարաբաղ եզրույթի օգտագործումը որևէ խնդիր չի ներկայացնում, սակայն իրավիճակն այլ է, երբ բանակցային գործընթացի որևէ տարր կամ հայկական երկրորդ պետությունը ներկայացնելու համար կիրառվում է Լեռնային Ղարաբաղ տերմինը:

Նախ, ինչպես նշեցինք, ներկայիս ԼՂՀ-ն ամբողջությամբ չի ներառում Լեռնային Ղարաբաղը, և ամենակարևորը տվյալ տերմինն օգտագործելով մենք դուրս ենք թողում ազատագրված 7 շրջանները, որոնք գտվում են ներկայիս ԼՂՀ կազմում:

Այսօր թե՛ համանախագահները, թե՛ Ադրբեջանն իրենց բանակցային բառակազմում օգտագործում են միայն Լեռնային Ղարաբաղ եզրույթը:  Եթե առաջինները դա կիրառում են, որպեսզի ընդգծեն ազատագրված շրջանների՝ ճակատագրի անորոշությունը և բանակցային գործընթացի առանձին բաղադրիչ հանդիսանալու փաստը, ապա Ադրբեջանը ԼՂ եզրույթի կիրառումով մի կողմից 7 շրջանները համարում է առանձին գրավյալ տարածքներ, մյուս կողմից դա համապատասխանում է ադրբեջանական կողմից առաջ քաշվող այն թեզին, թե Ղարաբաղյան հակամարտության միակ լուծումը (ԼՂԻՄ նմանությամբ) ինքնավարության ստեղծումն է Ադրբեջանի կազմում:

Եթե ադրբեջանական կողմը և համանախագահներն իրենց դրդապատճառներն ունեն Լեռնային Ղարաբաղ տերմինի օգտագործման համար, ապա առնվազն անտրամաբանական և անթույլատրելի է մեր կողմից նման բառակազմի օգտագործումը: Այսօր, թեև չճանաչված կարգավիճակում, սակայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր պետական ինստիտուտների կայացվածությամբ չի զիջում որևէ պետության և ցանկացած հարմար առիթ պետք է օգտագործել դրա կյանքի իրավունքը միջազգային հանրությանն առավել ընկալելի դարձնելու համար, այլ ոչ թե նրա սուբյեկտայնությանը հարվածել սխալ եզրույթի կիրառմամբ: Ինչ վերաբերում է ազատագրված շրջաններին, ապա դրանք ունեն ինչպես ռազմավարական-անվտանգային, այնպես էլ պատմական կարևորություն ոչ միայն արցախցիների, այլ նաև Հայաստանի, ողջ հայության համար, ուստի, բնական է, որ դիտարկվում են որպես ԼՂՀ անբաժան մաս:

Հաշվի առնելով այս ամենը՝ պետք է առավել հետևողական գտնվենք մեր կողմից օգտագործվող բառակազմի ընտրության հարցում և հիշենք, որ հակառակորդի կողմից շրջանառվող եզրույթների կիրառմամբ մենք անկախ մեզնից գործում ենք ինքներս մեր դեմ:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: