ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ճանաչե՛նք Արցախը. Շուշի

Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում։ Ճակատամարտը տեղի է ունեցել 1992թ. մայիսի 8-ին ռազմավարական կարևոր Շուշի լեռնաքաղաքում։ Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)։ Մարտական գործողությունները ճշգրիտ հաշվարկված էին և արդեն մյուս օրը Շուշին լիովին ազատագրված էր ադրբեջանցիներից, որոնք ողջ հակամարտության ընթացքում Շուշիից ռմբակոծում էին ԼՂԻՄ-ի, հետագայում նաև՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը։  

Տարածքը և բնակչությունը

Շուշիի շրջանը զբաղեցնում է ԼՂՀ հարավ-արևմտյան փոքր հատվածը: ԼՂՀ-ի ամենափոքր շրջանն է, տարածքը կազմում է 381,3 քառ. կմ: Շրջանը հյուսիսից և արևելքից սահմանակցում է Ասկերանի, հարավ-արևելքից Մարտունու, արևմուտքից՝ Քաշաթաղին, իսկ հարավից՝ Հադրութին։

Շրջանի մակերևույթն ամբողջովին լեռնային է, որը գերազանցապես ծածկված է անտառներով ու թփուտներով: Նրա հարավային` Հադրութի շրջանին սահմանակից հատվածում է գտնվում Մեծ Քիրս լեռը (2724 մ): Շրջանի տարածքով է անցնում Կարկառ գետն իր վերին հոսանքով, որն այստեղ ունի բազմաթիվ արագահոս վտակներ:

Սա ԼՂՀ-ի միակ շրջանն է, որտեղ բնակչության ընդհանուր թվակազմում հայերը 1920-1988 թթ. Ադրբեջանի կողմից ծրագրված հայաթափման քաղաքականության հետևանքով, համեմատաբար փոքր տեսակարար կշիռ ունեին: Այդ քաղաքականությունը սկսվել էր դեռևս 1918-20 թթ. թուրք-բարբարոսների ու մուսավաթականների կողմից Շուշիում և շրջակա հայկական գյուղերում կազմակերպված հայկական ջարդերով: Այդ տարիներին թուրք ավազակախմբերը միայն Շուշի քաղաքում և նրա շրջանում սպանել են ավելի քան 30 հազ. հայ: Հայաթափման ծրագիրը շարունակվել է նաև հետագա տարիներին:

2009 թ. տվյալներով Շուշիի շրջանում բնակչությունը կազմում է 4806 մարդ, որից 3600-ը քաղաքային, 1207-ը գյուղական:

Վարչատարածքային բաժանումներ

Շրջանը ունի 11 բնակավայր, որոնցից 7-ն ունի համայնքի կարգավիճակ: Շրջանի կենտրոնը համանուն Շուշի քաղաքն է: Որոշ ուսումնասիրողների կարծիքով Շուշի անունը ծագում է նրանից արևելք գտնվող Շոշ գյուղից: Շուշի տեղանվանումը ըստ երևույթի տեղանքը բնութագրող անվանում է։ Արցախի բարբառից հյուսիսկովկասյան լեզուներին անցած որոշ չափով այդ անունը հիշեցնող բառեր կան։ Այսպես օրինակ, ագուլերեն «սու»-լեռ և չեչեներեն «շու»-բլուր բառերը: Վերջինս  կրկնելու դեպքում (ինչպես այն հանդիպում է հատկապես հին հայերենում) կունենանք «շուշու» ձևը, որով էլ միջնադարում հիշատակվում է Շուշի տեղանունը:

Շուշիի հին բնակավայր լինելու մասին վկայում է 1428 թվականին Տեր-Մանվելի ստեղծած Ավետարանը:  1847 թվականին Շուշին իր գերբով ստացավ քաղաքի կարգավիճակ: XX դարի սկզբներին Շուշին եվրոպական բոլոր հարմարություններով լիարժեք քաղաք էր՝ ջրատարով, զարգացած մշակութային և առևտրաարդյունաբերական կյանքով: Այստեղ հրատարակվում էին 20 հայերեն ու 2 ռուսերեն ամսագիր և թերթ, գործում էր 6 դպրոց, ռեալական ուսումնարան: Հարավային կովկասում առաջին օրիորդաց Մարիամյան դպրոցը ու Թեմական դպրոց: 350 տեղանոց Խանդամիրյանի դրամատիկական թատրոնում բեմադրվում էին հայկական և եվրոպական հեղինակների մի շարք պիեսներ: 570 արհեստանոցներում արտադրվում էին համաշխարհային ճանաչում ստացած ղարաբաղյան մետաքս և գորգեր, ոսկերչական զարդեր և այլ ճոխության առարկաներ: Շուշիի բնակչությունը կազմում էր 45 հազար մարդ, որից 30 հազարը հայկական բնակչությունն էր, 15 հազարը՝ մուսուլմանական: 

Մինչև 1923 թվականը քաղաքը հանդիսացել է Պարսկաստանի և Ցարական Ռուսաստանի կազմի մեջ գտնվող կիսանկախ Արցախի քաղաքական-մշակութային կենտրոնը՝ մինչև 20-րդ դարի սկիզբը ունենալով կարևոր դերակատարություն ինչպես Արցախի, այնպես էլ ամբողջ Հարավային Կովկասի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում։ 1920 թ.-ին թուրքերի կողմից ավերվել է և հայաթափվել։ 1992 թվականի մայիսի 9-ին ազատագրվել էհայկական զինուժի կողմից ։

Տեսարժան վայրեր

Այս փոքր տարածք ունեցող շրջանում կա 152 հայկական պատմաճարտարապետական հուշարձան: Դրանց զգալի մասը գտնվում է Շուշի քաղաքում:

Քաղաքի հիմնական տեսարժան վայրերից է Շուշիի ամրոցը, որի միջնաբերդի գրեթե ամբողջությամբ պահպանված պատերը կառուցվել են XVIII դարի սկզբին Վարանդայի մելիքների (իշխանների), իսկ հետագայում, այստեղ հրավիրված թուրքական քոչվոր ցեղերի առաջնորդների կողմից: Ամրոցի 4 դարպասներից միայն Ելիզավետապոլի դարպասն է, որ պահպանվել է իր նախաստեղծ տեսքով:

XIX դարի վերջին իսլամ դավանող բնակչության կրոնական կարիքների համար Շուշիում կառուցվել են 2 մզկիթ և աղոթատներ: Մուսուլմանական թաղամասի կենտրոնական մասում է տեղակայված Վերին մզկիթը, որը կառուցվել է 1883 թվականին՝ հայտնի պարսիկ ճարտարապետ Քերբալա Սեֆի Խանի նախագծով:

Շուշիի ճարտարապետական գերիշխող կառույց է համարվում 40մ բարձրությամբ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որն անվանում են նաև Ղազանչեցոց: Այն կառուցվել է քաղաքի կենտրոնի լայն հրապարակում 1888 թվականին՝ սպիտակ կրաքարից, որը վարպետորեն զարդարված է մանր արտահայտիչ փորագրություններով:  

Մինչև մեր օրերը պահպանվել են նաև մոնումենտալ ճարտարապետության հուշարձաններ: Հատկապես, հարկ է նշել Հարավային Կովկասում ամենահայտնի կրթօջախներից մեկի` Ռեալական ուսումնարանի, եռահարկ շենքը: Այն կառուցվել է 1901-1908թթ., և մինչև այսօր ապշեցնում է իր համամասնություններով, ազգային և եվրոպական ճարտարապետական ավանդույթների հմուտ համակցությամբ: Հարևանությամբ տեղակայված է Ժամհարյանների քաղաքային հիվանդանոցը, Մարյամյան օրիորդաց դպրոցը, որոնք կառուցված են ազգային ճարտարապետության առանձնահատկություններով: Ոչ պակաս հետաքրքրություն են վայելում նաև Շուշիի կենտրոնական հրապարակից ոչ հեռու գտնվող քարվանսարաների (իջևանատուն) ավերակները: 

Շուշիում է գտնվում նաև Արցախի ամենագեղեցիկ վայրերից մեկը՝ Հունոտի կիրճը: Ավելի քան 3կմ ձգվածությամբ և 1000մ խորությամբ ժայռապատ կիրճը ծածկված է խիտ անտառներով, և իրենից ներկայացնում է յուրահատուկ բնական և պատմաճարտարապետական համակարգ: Կիրճի խորքում գտնվում է եզակի բնական հուշարձան– քարանձավ, որի մեջ կարելի է մտնել միայն անցնելով ջրվեժի վարագույրը: Այդտեղ պահպանվել են միջնադարյան Հունոտ գյուղի ավերակները, բազմաթիվ ջրաղացներ, 3 քարե կամուրջ, ինչպես նաև եկեղեցի և պարիսպներ, որոնք մեծ դեր են խաղացել քաղաքի պաշտպանության ժամանակ: Հարակից գյուղերի բնակիչները դեռ օգտվում են կամարակապ կամուրջից, որը կառուցվել է 1720 թվականին:

 

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: