ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ճանաչե՛նք Արցախը. Ստեփանակերտ

Ստեփանակերտը՝ որպես բնակավայր ձևավորվել է 5-րդ վերջին: 490-ական թվականներին բնակավայրը հիմնադրել է Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը. իր ասպախմբով այդ վայրով անցնելիս հայտնաբերել է մի հորդ աղբյուր և անվանել Վարարակն (Վռակն): Ուշ միջնադարում Վարարակնը մտել է Խաչենի մելիքության կազմի մեջ: 1700-ական թվականների վերջին այժմյան քաղաքի հյուսիսարևելյան մասում հիմնադրվել է Շուշիի խանի ձմեռանոցը՝ «Խանեն բաղը» («Խանի այգի»), որի անվանափոխումից բնակավայրը ստացել է Խանքենդ (Խանի գյուղ) անվանումը, որտեղ 1800-ական թվականներին ռուսները հիմնադրել են զորանոց: 

Ստեփանակերտ է անվանվել 1923 թվականին՝ ի պատիվ կոմունիստական կուսակցության և Միջազգային բանվորական շարժման գործիչ Ստեփան Շահումյանի:

Ստեփանակերտի առաջին հատակագիծը կազմվել է 1926 թվականին (ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան), 2-րդը՝ 1938 թվականին (ճարտարապետ Սլոբոտյանիկի ղեկավարությամբ), 3-րդը՝ 1968 թվականին (ճարտարապետ՝ Բ. Դադաշյան), 4-րդը՝ 2000 թվականին («Հայնախագիծ» ինստիտուտ, ճարտարապետ՝ Սերգեյ Ամիրաղյան). բոլոր նախագծերում էլ պահպանվել է քաղաքի կառուցապատման թամանյանական համակարգը:

Տարածքը և բնակչությունը

Ստեփանակերտը գտնվում է Արցախյան լեռնաշղթայի արևելյան լանջին, Կարկառ գետի վտակ Վարարակնի ձախ ափին, 850 մետր բարձրության վրա։ Ստեփանակերտի շրջագծում են Արմենավան, Կրկժան և Մալիբեկլու գյուղերը:

Ստեփանակերտը ԼՂՀ նախագահի, Ազգային ժողովի ու Կառավարության նստավայրն է: Այստեղ են հանրապետության բոլոր նախարարություններն ու գերատեսչությունները, Ստեփանակերտում իրենց ներկայացուցչություններն ունեն մի շարք միջազգային և հասարակական կազմակերպություններ: 

2009 թվականի տվյալների համաձայն քաղաքն ունի 53.6 հազար բնակչություն: 

Կլիմա

Ստեփանակերտում կլիման մեղմ է, բարեխառն: Հունվարի միջին ջերմաստիճանը –0.2 օC է, հուլիսինը՝ 22.4 օC, տարեկան տեղումների միջին քանակը՝ 530 մմ: 

Տնտեսություն

Ստեփանակերտը Արցախի արդյունաբերական խոշոր կենտրոնն է։ Ստեփանակերտի տնտեսական ենթակառուցվածքներն Արցախյան ազատագրական պատերազմի (1991– 1994 թթ.) տարիներին գրեթե ամբողջությամբ ավերվել ու խաթարվել էր: Ներկայումս քաղաքը վերականգնված է: 2008 թ. տվյալներով մայրաքաղաքում գործում են արդյունաբերական 148, շինարարական՝ 126, ծառայություններ մատուցող՝ 324, առևտուր իրականացնող՝ 882 տնտեսավարող սուբյեկտներ։

Արդյունաբերական առաջատար ճյուղը թեթև արդյունաբերությունն է։ Ստեփանակերտի թեթև արդյունաբերության խոշոր ձեռնարկություններից է կոշիկի ֆաբրիկան, որը տարեկան կարող է թողարկել 4.5-5 մլն զույգ կաշվե կոշիկ։ Նշանավոր են նաև գորգագործական կոմբինատն ու կարի ֆաբրիկան։ Մյուս ճյուղերի ձեռնարկություններից հիշարժան են էլեկտրատեխնիկական, կոնդենսատորների գործարաններն ու շինանյութերի կոմբինատը, ինչպես նաև կահույքի ֆաբրիկան, կաթնամթերքների, մսի, հացաբուլկեղենի, հրուշակեղենի, խմիչքների արտադրության ձեռնարկությունները։

Տրանսպորտ

Քաղաքն ավտոճանապարհներով միացած է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) շրջաններին և Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքին:

Այստեղից սկսվում են Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս-Ջերմուկ-Երևան, Ստեփանակերտ-Աղդամ-Եվլախ-Բաքու, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի, Ստեփանակերտ-Կարմիր Շուկա-Մարտունի ավտոճանապարհները։ Քաղաքն ունի նաև օդանավակայան: 

Տեսարժան վայրեր

Չնայած քաղաքի չափերն այդքան էլ մեծ չեն, սակայն այստեղ կան բազմաթիվ գեղատեսիլ վայրեր: Ստեփանակերտի սիրտը համարվում է Վերածննդի հրապարակը, որտեղ գտնվում են Նախագահական նստավայրը, Ազգային ժողովի և Կառավարության շենքերը, Երիտասարդական պալատը: Քաղաքի հիշարժան վայրերից մեկը Զոհված մարտիկների հուշահամալիրն է, որը արցախցիները անվանում են «Եղբայրական գերեզմանատուն»: Այստեղ առաջին գերեզմանաքարերը հայտնվել են դեռ երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանում, սակայն Ստեփանակերտի բնակիչների մոտ հուշահամալիրը զուգորդվում է Արցախյան պատերազմում անկախության համար մղված պայքարում զոհվածների՝ ազատամարտիկների հետ:

 Ստեփանակերտի, ինչպես նաև ամբողջ Արցախի, խորհրդանիշը հանդիսանում է «Մենք ենք, մեր սարերը» («Ղարաբաղցիներ») տուֆակերտ կոթողը, որը գտնվում է քաղաքի մուտքի մոտ՝ բարձր բլրի վրա: Կոթողը տեղացիների կողմից ստացել է Տատիկ – Պապիկ անվանումը: Քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի և ճարտարապետ Յուրի Հակոբյանի ստեղծագործությունը խորհրդանշում է կյանքի և ընտանեկան արժեքների պահպանման նկատմամբ ղարաբաղցիների անկոտրում կամքը: Թվում է թե, ազգային տարազ հագած տատը և պապը կառչած են բլրի գագաթին, ինչը խորհրդանշում է ղարաբաղցիների կապվածությունը հայրենի հողին: Այլ կերպ, այս կոթողը անվանում են նաև «Երկարակյացների հուշարձան»:

Քաղաքում կառուցվել են Հայրենական մեծ պատերազմում (1941–45 թթ.) և Արցախյան ազատամարտում զոհվածների, Մեծ եղեռնի, 1988 թ-ի սումգայիթյան ջարդերի, Սպիտակի երկրաշարժի զոհերի հուշահամալիրները, տեղադրվել Ստեփան Շահումյանի արձանը, բանաստեղծ Հակոբ Հակոբյանի, դերասան Վահրամ Փափազյանի, ազատամարտիկ Աշոտ Ղուլյանի (Բեկոր), գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի արձանները, պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի կիսանդրին:

Քաղաքի միակ գործող եկեղեցին Սուրբ Հակոբ եկեղեցին է, որը հիմնադրվել է 2005 թվականին: Նորակառույց եկեղեցու առաջին պատարագը նվիրված էր ԼՂՀ զինված ուժերին։  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: