ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիանա Հովհաննիսյան. ԱՄՆ նախընտրական պայքարի հիմնական ներքաղաքական թեզերը

Միգրանտները հանդիսանում են խոչընդոտ, թե՞ զարգացման  հիմնական խթան ԱՄՆ-ում, ԱՄՆ բնակչության շահերից է բխում ունենալ նախագահ, ով կախման մեջ է երկրի միլիարդատերերից, թե՞ ինքն է հանդիսանում միլիարդատեր: Այս և  մի շարք այլ հարցերին  «Արմեդիա» ՏՎԳ-ին տված բացառիկ հարցազրույցում կպատասխանի «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Լիանա Հովհաննիսյանը:

- ԱՄՆ նախընտրական արշավը կարծես թե արդեն ակտիվ փուլում է: Ինչո՞վ է պայմանավորված այս ժամանակաշրջանում արդեն իսկ հայտնի թեկնածուների նման ակտիվությունը և ո՞վքեր են պայքարի առաջնաբեմում

- ԱՄՆ-ում հանրապետականները և դեմոկրատներն արդեն իսկ ակտիվ ներգրավված են 2016 թվականին սպասվող նախագահական ընտրությունների առաջին փուլի` փրայմերիզի նախընտրական արշավին: ԱՄՆ ընտրությունների առաջին փուլի ժամանակ, որը շատերի կողմից համարվում է  «բուն ընտրությունների խորթ երեխան», յուրաքանչյուր կուսակցություն ընտրվում է իր ամենաուժեղ թեկնածուին, ով պետք է արդեն բուն ընտրություններում մրցակցի  հակառակ կուսակցությունից ընտրված թեկնածուի հետ:

Ներկայումս  ընտրությունների առաջին փուլի համար հայտ է ներկայացրել 18 հանրապետական և 5 դեմոկրատ թեկնածու:  Հանրապետական թեկնածուների քանակն արդեն իսկ գերազանցում է 1948 թվականին սահմանված ռեկորդը, երբ  ընտրական պայքարին էր միացել 15 հանրապետական թեկնածու: Հանրապետական թեկնածուների նման ռեկորդային թվին տրվող` որպես մեկ հնարավոր բացատրություն հաճախ նշվում է այն, որ միևնույն կուսակցության թեկնածուն տվյալ կուսակցությունը ներկայացնող նախագահի երկու կառավարման ժամկետներից հետո սովորաբար պարտվում է հաջորդ ընտրություններում:  Այս տեսանկյունից հանրապետականները 2016-ի նախագահական ընտրությունները դիտարկում են որպես իրական հնարավորություն:

Չնայած հանրապետական և դեմոկրատ թեկնածուների թվի միջև առկա նման տարբերությանը, պայքարը դեռևս ընթանում է յուրաքանչյուր կուսակցության հիմնական երկու թեկնածուների միջև: Դեմոկրատ թեկնածուներից պայքարի առաջնաբեմում են ԱՄՆ նախկին պետքարտուղար  Հիլարի Քլինթոնը և ԱՄՆ Կոնգրեսի պատմության մեջ ամենաերկար անկախ կոնգրեսական եղած Բըրնի Սանդերսը: 

Հանրապետական թեկնածուներից պայքարը գլխավորում են ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի երկրորդ տղան՝ Ջեբ Բուշը և ամերիկացի անշարժ գույքի գործակալ, միլիարդատեր գործարար Դոնալդ Թրամփը:

- Նախընտրական արշավում որո՞նք են թեկնածուների կողմից շոշափվող հիմնական նախընտրական թեմաները:

- Թեկնածուների կողմից քննարկվող հիմնական ներքաղաքական  թեմաների շարքում են երկրում առկա սոցիալական անհավասարությունը և միգրացիային վերաբերող  խնդիրները (ըստ ծննդյան վայրի քաղաքացիություն ստանալու իրավունքը. կանայք ապօրինի ներգաղթում են ԱՄՆ, այնտեղ երեխա ունենում, որից հետո ԱՄՆ-ում ծնված և ԱՄՆ քաղաքացի համարվող այդ երեխայի միջոցով ընտանիքի բոլոր անդամները կարողանում են  ստանալ քաղաքացիության իրավունք):

Անհավասարության խնդիրն առկա է բոլոր թեկնածուների ընտրական քարոզարշավի հիմնական թեզերի շարքում: Սրա հետ մեկտեղ  թեկնածուները  շարունակում են ակտիվ մրցակցել, թե ում կհաջողվի իր ընտրական քարոզարշավի համար ավելի շատ գումար հավաքել:  Այս նպատակով թեկնածուները հիմնականում դիմում են ընտրարշավին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծված հատուկ քաղաքական կոմիտեներին, այսպես կոչված Super Political Action Committees (Super PACs), որի շրջանակներում մեկ հարուստ միլիարդատեր կարող է ֆինանսավորել մեկ թեկնածուի ամբողջ քաղաքական քարոզարշավը` առանց որևէ իրավական սահմանափակման (ներկայումս Բուշն առաջին տեղում է՝ շնորհիվ Վերելքի Իրավունք (Right to Rise) կոչվող Super PAC-ի, որի շնորհիվ այս թեկնածուի ընտրարշավի համար կուտակված գումարն արդեն իսկ գերազանցել է 114 միլիոնը):  Սա,  իհարկե, անհավասարության դեմ պայքարող նախագահի թեկնածուներին կանխման մեջ է դնում  ընտրարշավը ֆինանսավորող այդ միլիարդատերերից, ովքեր միևնույն ժամանակ հանդիսանում են սոցիալական անհավասարության հիմնական մեղավորներից մեկը:

Նախագահի մյուս թեկնածու` Դոնալդ Թրամփի դեպքն էլ ավելի հետաքրքիր  է: Նա հրաժարվել է այսպես կոչված Super PAC-երի օգնությունից, հայտարարելով, որ իր սեփական միջոցները բավարար են սեփական ընտրական քարոզարշավը ֆինանսավորելու համար: Այս դեպքում հարց է առաջանում, ԱՄՆ ժողովրդի համար ավելի լավ է, երբ նախագահի թեկնածուն կախված է երկրի միլիարդտաերերից, թե՞ ինքն է դասվում այդ միլիարդատերերի շարքին: 

Երևի թե  Բըրնի Սանդերսի նախընտրական արշավի ֆինանսական բաղադրիչն ամենացանկալին է: Վերջինս հրաժարվել է super PAC-երի համակարգից` հայտարարելով, որ դրանք երկրի միլիոնատերերին և միլիարդատերերին տալիս են անսահման  ազդեցություն:

- Իսկ ինչպիսի՞ն են թեկնածուների դիրքորոշումները միգրացիայի հարցի շուրջ:

- Միգրացիայի հարցի շուրջ թեկնածուների տեսակետները հակասական են և տարբեր: Այս հարցի շուրջ տարբերություններն ակնհայտ են անգամ միևնույն կուսակցությունը ներկայացնող հանրապետական թեկնածուներ`  Ջեբ Բուշի և Դոնալդ Թրամփի մոտեցումներում: Եթե Ջեբ Բուշը միգրացիայի դրդապատճառները փնտրում է «սիրո մեջ» և այն բացատրում մարդկանց` իրենց ընտանիքների կյանքն ավելի լավը դարձնելու ձգտումով` դեմ դուրս գալով միգրանտների զանգվածային արտաքսման գաղափարին (ինչն առավել քան բնական է, եթե հաշվի առնենք, որ Ջեբ Բուշի կինը նույնպես միգրանտ է), ապա իր հակառակորդ Դոնալդ Թրամփը կողմ է զանգվածային արտաքսմանը: Ավելին, նա հաճախ նշում է «Մեքսիկայի ֆինանսավորմամբ»  երկրի հարավային սահմանին պատի կառուցման անհրաժեշտության մասին, ինչն, ըստ նրա, կնվազեցնի ԱՄՆ ժամանող միգրանտների թիվը:

Ի տարբերություն հանրապետականների, դեմոկրատների դիրքրոշումն այս հարցում ավելի մեղմ է: Համաձայն այս տարվա մայիսին  Pew Research Center-ի կողմից անցկացված հարցման արդյունքների՝ հանրապետականների  63%-ը կարծում է, որ միգրանտները բեռ են պետության ուսերին, մինչդեռ միայն 27%-ն է  կարծում, որ միգրանտները նպաստում են պետության ուժեղացմանը: Ի հակադրություն հանրապետականների, դեմոկտարների 62%-ը և անկախ քաղաքական գործիչների 57%-ը կարծում է, որ միգրանտները հզորացնում են երկիրը:

Հաշվի առնելով այս տվյալները՝ բնավ զարմանալի չէ, որ դեմոկրատ թեկնածու Քլինթոնը մեկ անգամ չէ, որ կոչ է արել հանրապետականներին «իջնել երկնքից և ընդունել իրականությունը»: Քլինթոնը կողմ է անօրեն միգրանտներին քաղաքացիություն շնորհելուն, եթե վերջիններս բավարարեն մի շարք պայմանների, որոնք ներառում են կառավարությանը տուգանքի և  հարկերի վճարումը, ինչպես նաև անգլերենի ուսուցումը: Բըրնի Սանդերս մոտեցումն այս հարցում նույնական է Քլինթոնի դիրքորոշման հետ: Համաձայն Սանդերսի՝ «Ամերիկան միգրանտների պետություն է և նրանք հանդիսանում են Ամերիկայի ուժը»:

Սակայն, ի տարբերություն Քլինթոնի` Սանդերսը դեռևս պակաս հայտնի է լատինական ծագմում ունեցողների  և ԱՄՆ այլ փոքրամասնությունների շրջանակում: Համաձայն CNN-ի վերջին հարցումների` Սանդերսը վայելում է ոչ սպիտակամորթ դեմոկրատների միայն 5 տոկոսի աջակցությունը, մինչդեռ Քլինթոնին աջակցում է հարցված ոչ սպիտակամորթների 65 տոկոսը:

Վերջում  մնում է փաստել, որ միգրանտների խնդիրը դեռ շարունակելու է մնալ ընտրական քարոզարշավի գլխավոր թեմաներից մեկը: Եվ եթե հաշվի առնենք, որ  համաձայն վերջին ուսումնասիրության տվյալների` ԱՄՆ բնակիչների տասից յոթը կողմ է անօրինակ միգրանտներին փաստաթուղթ տրամադրելուն, ապա, եթե ոչ այս փուլում, ապա բուն ընտրական արշավում հաջողության հասնելու համար նրանք ստիպված կլինեն հաշվի առնել ԱՄՆ բնակչության դիրքորոշումն այս հարցի շուրջ:  Սա թույլ է տալիս ենթադրել, որ այս հարցում կուսակցությունների դիրքորոշումներում մենք դեռ ականատես կլինենք որոշակի փոփոխությունների:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: