ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիանա Հովհաննիսյան. ԱՄՆ նախընտրական պայքարի հիմնական արտաքին քաղաքական թեզերը

Ինչո՞ւ է Ջեբ Բուշը կողմ Պուտինի հանդեպ ավելի կոշտ քաղաքականությանը, մինչդեռ Թրամփը կարծում է, որ ինքը կկարողանա «հեշտ լեզու գտնել ՌԴ նախագահի հետ»: Թեկնածուներից ո՞վ էր, որ դեռևս 2002 թվականին՝ ԱՄՆ-ի կողմից Իրաք ներխուժելուց առաջ, բարձրացրեց հետևյալ հարցը. «Ո՞վ է կառավարելու երկիրը, եթե Սադամ Հուսեյնի իշխանությունը տապալվի»:

Այս և մի շարք այլ հարցերի «Արմեդիա» ՏՎԳ-ին տված հարցազրույցում կպատասխանի «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Լիանա Հովհաննիսյանը: 


- Ինչպիսի՞ն են ԱՄՆ նախագահի թեկնածության համար պայքարող առաջնորդ հիմնական չորս թեկնածուների դիրքորոշումներն Ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ:

- Կարելի է ասել, որ այս հարցում նույնպես, ինչպես գրեթե մյուս բոլոր հարցերում, թեկնածուների տեսակետները հակասական են և տարբեր: Օրինակ, եթե հանրապետական թեկնածուներից մեկը՝ Ջեբ Բուշը, կողմ է ՌԴ նախագահ Պուտինի հանդեպ ավելի ԱՄՆ կոշտ քաղաքականության վարելուն (վերջինիս կարծիքով ՌԴ նախագահը միայն ուժի լեզուն է հասկանում՝ «բնույթով լինելով կռվարար և ռազմատենչ»), ապա հանրապետական մյուս թեկնածուն՝ Դոնալդ Թրամփը, կարծում է, որ որպես ԱՄՆ նախագահ՝ ինքը կկարողանար հեշտությամբ լեզու գտնել ՌԴ ներկայիս նախագահի հետ, ով «հեղինակություն է վայելում ՌԴ բնակչության շրջանում»: 

Ինչ վերաբերում է Ուկրաինական ճգնաժամի հարցում ԱՄՆ-ի վարած քաղաքականությանն, ապա թեկնածու Բուշը կողմ է, որ ԱՄՆ-ը մեծացնի իր ռազմական ներկայությունը ՌԴ հարևան երկրներում և ավելի հաճախ այնտեղ զորավարժություններ կազմակերպի: Մինչդեռ Թրամփի կարծիքով, Ուկրաինան Եվրոպական Միության խնդիրն է, և ԱՄՆ-ը չպետք է այդ հարցում որպես գլխավոր դերակատար հանդես գա, այն դեպքում, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «ձեռքերը ծալած նստած է»: Այս առումով թերևս պատահական չէր, որ վերջերս ուկրաինական մամուլում հրապարակվել է այսպես կոչված Ուկրաինայի թշնամիների ցանկը, որտեղ Թրամփին անվանել էին «Կրեմլի գործակալ»:

Ռուսաստանի և Ուկրաինական ճգնաժամի հարցում դեմոկրատ թեկնածու Քլինթոնի դիրքորոշումը տարբերվում է ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշումից, սակայն գրեթե նույնական է հանրապետական թեկնածու Ջեբ Բուշի տեսակետի հետ, քանի որ, ինչպես Ջեբ Բուշը, Քլինթոնը նույնպես կողմ է Ռուսաստանի հանդեպ ուժի քաղաքականության կիրառմանը և հանդես է գալիս Ուկրաինային ավելի շատ տնտեսական ու ռազմական օգնության տրամադրելու օգտին: Խոսելով Քլինթոնի Ռուսաստանի հանդեպ ունեցած քաղաքականության մասին՝ հարկ է նաև նշել, որ իր ելույթներից մեկում Քլինթոնն անգամ զուգահեռներ է անցկացրել Ղրիմում ՌԴ քաղաքականության և Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Գերմանիայի քաղաքականության միջև, երբ Հիտլերը պատերազմից առաջ սկսեց հազարավոր բնիկ գերմանացիների տեղափոխել կենտրոնական և արևելյան Եվրոպա:

Ինչ վերաբերում է մյուս դեմոկրատ թեկնածու Բըրնի Սանդերսի՝ Ուկրաինական ճգնաժամի և Ռուսաստանի հարցում ԱՄՆ-ի վարած քաղաքականության հարցում դիրքորոշմանն, ապա պետք է փաստել, որ նրա դիրքորոշումն էականորեն չի տարբերում այդ հարցերում ԱՄՆ ներկայիս նախագահի՝ Օբամայի վարած քաղաքականությունից, քանի որ վերջինս նույնպես բազմիցս կողմ է արտահայտվել Ռուսաստանի մեկուսացմանը՝ նշելով, որ «քաղաքական մեկուսացումն ի վերջո կհանգեցնի նաև տնտեսական մեկուսացման»:

- Իսկ ինչպիսի՞ն է թեկնածուների դիրքորոշումը Մերձավոր Արևելքում ԱՄՆ վարած քաղաքականության հարցում:

- Եթե սկսենք հենց Բըրնի Սանդերսի՝ այս հարցում ունեցած դիրքորոշումից, ապա պետք է փաստենք, որ նա այն քչերից էր, ով 2002 թվականին դեմ դուրս եկավ ԱՄՆ կառավարության՝ Իրաք ներխուժելու որոշմանը՝ տալով մեկ պարզ և շատ տրամաբանական հարց. «Ո՞վ է կառավարելու երկիրը, եթե Սադամ Հուսեյնի իշխանությունը տապալվի»: Դեմոկրատ թեկնածուն նաև դեմ է, որ ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ն առաջնորդի դեր ստանձնի Իրաքում և Սիրիայում: Այս հարցում էլ նա հանդես է գալիս հետևյալ հարցադրմամբ. «Որտե՞ղ են արաբները, որ ամերիկացի երիտասարդները զոհվեն այդ պայքարում»:

Ինչ վերաբերում է դեմոկրատ մյուս թեկնածու Քլինթոնին, ապա նա նույնպես դեմ է ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ ցամաքային ուժերի օգտագործմանը: Հետաքրքիր է նշել, որ սրա հետ մեկտեղ ԱՄՆ պետքարտուղար եղած ժամանակ Քլինթոնը կողմ էր Սիրիայի ապստամբներին անմիջական օգնության տրամադրմանը, սակայն Օբաման դեմ գնաց նրան՝ չկամենալով ևս մեկ անգամ ներխուժել Մերձավոր Արևելք: Խոսելով դեմոկրատ թեկնածուների՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ ունեցած դիրքորոշման շուրջ՝ կարևոր է նաև նշել, որ թե՛ Քլինթոնը և թե՛ Սանդերսն իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցում հիմնականում դրսևորել են իսրայելամետ դիրքորոշում՝ կողմ հանդես գալով Իսրայելի՝ Գազայի դեմ ուղղված ավիահարվածներին:

Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ հնարավոր քաղաքականության հանրապետականների տեսլականին, ապա պետք է ասենք, որ նրանք, ի տարբերություն դեմոկրատների, կողմ են տարածաշրջանում ԱՄՆ-ի ավելի ակտիվ ներգրավվածությանը: Օրինակ, եթե Ուկրաինայի դեպքում Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ ԱՄՆ հանդես գա ավելի պասիվ դերակատարի դերում, ապա Մերձավոր Արևելքում նա կողմ է իսլամական ծայրահեղականների դեմ ԱՄՆ ցամաքային ուժերի օգտագործմանը: Հետաքրքիր է փաստել, որ սրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի օգնության դիմաց Դոնալդ Թրամփը գումար է պահանջում Մերձավոր Արևելքի երկրներից:

Թեպետ Ջեբ Բուշը նույնպես կողմ է, որ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում առաջնորդի ծայրահեղականների դեմ ուղղված պայքարը և այնտեղ մեծացնի իր ներկայությունը, նա իր ընտրական արշավում շարունակ խուսափում է պարզաբանելուց, թե ի՞նչ է նշանակում ավելի մեծ ներկայացվածություն, և արդյո՞ք դա չի նշանակում, որ նա հավատարիմ է մնալու իր եղբոր քաղաքականությանը:

- Եվ վերջում հակիրճ անդրադառնանք Իրանի և Իրանի միջուկային ծրագրին: Ինչպիսի՞ն են թեկնածուների դիրքորոշումներն այս հարցի հետ կապված::

- Այս հարցում դեմոկրատ թեկնածուները և հանրապետական թեկնածուները հակադիր մոտեցումներ ունեն: Թե՛ Քլինթոնը և թե՛ Սանդերսը կողմ են հանդես գալիս համաձայնագրին՝ նշելով, որ խնդրի կարգավորման համար այլ տարբերակ չկա, և միայն դիվանագիտության միջոցով է հնարավոր վերջ դնել Մերձավոր Արևելքում շարունակվող անվերջ պատերազմին:

Ի հակադրություն նրանց՝ հանրապետական թեկնածուները լավատեսորեն չեն տրամադրված համաձայնագրի հարցում: Իր վերջին ելույթում Բուշը նշեց, որ այն, ինչ Իրանի հարցում Օբաման դիվանագիտական հաղթանակ է համարում, թույլ է տալիս Իրանի եկամուտներն ավելացնել 100 միլիարդ դոլարով, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Մերձավոր Արևելքի ծայրահեղականները նոր եկամուտի աղբյուր կստանան: Իր հերթին Թրամփը կարծում է, որ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը կբերի «միջուկային հոլոքոստի»: Բայց հետաքրքրական է այն, որ նա, ի տարբերություն հանրապետականների մեծամասնության, համաձայնագիրն ամբողջությամբ չեղյալ համարելու փոխարեն կողմ է դրա վրա խիստ վերահսկողություն սահմանելուն:

Վերջում եթե փորձենք գալ ընդհանրական եզրահանգման, ապա պետք է փաստենք, որ ներկայումս մենք դեռ ԱՄՆ ընտրությունների առաջին փուլի նախընտրական արշավում ենք, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ դեռ ականատես ենք լինելու թեկնածուների դիրքորոշումների փոփոխությանն ինչպես ներքին այնպես էլ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում: Այս համատեքստում պատահական չէ, որ նշված թեկնածուները վերը նշված հարցերից շատերի շուրջ դեռևս խուսափում են իրենց դիրքորոշումն ավելի հստակեցնելուց:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: