ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԻՊ-ի դեմ պայքարը ծառայեցվում է տարածաշրջանային երկրների շահերին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը շարունակում է իր առաջխաղացումը տարածաշրջանում: Այս արտահայտությունը վերջին մեկ տարվա ընթացքում գրեթե ամեն օր կրկնվում է, մինչդեռ տարածաշրջանային բոլոր երկրներն ու գերտերությունները հայտարարում են ԻՊ- դեմ պայքարելու և նրան ոչնչացնելու իրենց մտադրության կամ էլ հստակ գործողությունների մասին: Հարց է առաջանում, թե ինչպե՞ս է այս ահաբեկչական խմբավորումը կարողանում օրեցօր նորանոր «հաջողություններ» գրանցել:

Ասել, որ դա հնարավոր է անել միայն ներքին ֆինանսավորման հաշվին, ինչ խոսք, չի կարելի` անգամ հաշվի առնելով ԻՊ-ի կողմից վերահսկվող նավթագազային աղբյուրները և դրանցից ստացվող ֆինասական միջոցները: Սա նշանակում է, որ այս խմբավորումը շարունակում է իր առաջխաղացումը Մերձավոր Արևելքում, քանի որ մի շարք երկրներ կարողանում են օգտագործել ԻՊ-ի սպառնալիքը և նրա դեմ պայքարելու անհրաժեշտությունն տարածաշրջանային ծրագրերի իրականացման համար:

Տարածաշրջանային երկրների շարքում հատկապես հետաքրքիր է Թուրքիայի քաղաքականությունը: Երկրի ղեկավարությունը շարունակ քայլեր է ձեռնարկում իր և միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ վճռական է տրամադրված ԻՊ-ի դեմ անզիջում պայքար մղելու հարցում: Միջազգային ուժերի կողմից ԻՊ-ի դեմ կոալիցիայի ստեղծումից հետո Թուրքիան աստիճանաբար ներգրավվում է կոալիցիայի գործողություններում: Անգամ համաձայնել է Ինջիրլիկ ավիաբազան տրամադրել ԻՊ-ի դեմ ավիահարվածներ իրականացնելու համար, իսկ օրեր առաջ էլ պաշտոնապես միացավ կոալիցիայի ավիահարվածներին:

Թվում է, թե Թուրքիան իսկապես մտահոգված է ԻՊ-ից բխող սպառնալիքներով, սակայն իրականում նա օգտագործում է ԻՊ-ի դեմ պայքարի իմիտացիան՝ իր ներքին և արտաքին խնդիրների լուծման, ինչպես նաև ձախողումների քողարկման համար: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, օգտագործելով ԻՊ-ի դեմ պայքարի պատրվակը, իսկական ռազմական գործողություններ սկսեց Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության դեմ  և դա որպես պատճառաբանություն օգտագործեց նոյեմբերի 1-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար: Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցությունը հույս ունի «շտկել» նախորդ ընտրությունների ժամանակ կուսակցության թույլ տված սխալները, ստանալ ձայների մեծամասնությունը և կառավարություն ձևավորել առանց մյուս կուսակցությունների մասնակցության:

Մյուս կողմից, հայտարարելով ԻՊ-ի դեմ պայքարի մասին` Թուրքիան արժանանում է Արևմուտքի «գովասանքին», ինչն Իրանի և Արևմուտքի միջև միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո չափազանց կարևոր է թուրքական իշխանությունների համար: Ի վերջո, Թուրքիան և Իրանը մրցակցում են տարածաշրջանային գերակայության և մուսուլմանական աշխարհի առաջնորդության համար, հետևաբար, ԻՊ-ի հարցում արևմտյան քաղաքականությանը հետևելը որոշակի դիվիդենտներ է բերում Թուրքիային` միաժամանակ թույլ տալով շարունակել զինված գործողությունները քրդերի դեմ:

Արևմտյան քաղաքականությանը հետևելու հարցում խորհրդանշական է նաև Սիրիայի անմիջական մյուս հարևանի` Հորդանանի օրինակը: Սիրիական հակամարտության 5 տարիները բացասական ազդեցություն են ունեցել այս արաբական թագավորության վրա, որը հայտարարում է, որ ցանկանում է բուֆերային գոտի ստեղծել Սիրիայի հետ սահմանին: Հորդանանը, միանալով ԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածներին, հերթական «ծառայությունը» մատուցեց ԱՄՆ-ին, որից զգալի ռազմական և ֆինանսական օգնություն է ստանում:

Կարելի է ենթադրել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ևս որոշակիորեն օգտագործում է ԻՊ-ի դեմ պայքարը Սիրիայում, Լիբանանում, Իրաքում իր դիրքերն ամրապնդելու և այս երկրների ղեկավարությունների հետ ունեցած ռազմավարական համագործակցությունը խորացնելու համար: Ակնկալվում է, որ առաջիկայում Իրանն ավելի է մեծացնելու ԻՊ-ի դեմ գործողություններում իր ներգրավվածությունը` ավելի ամրապնդելով Իրան-Սիրիա-Լիբանան-Իրաք առանցքը:

Մերձավոր Արևելքում ԻՊ-ի առաջխաղացումը նոր հնարավորություններ ստեղծեց նաև տարածաշրջանի քրդերի համար: Մասնավորապես, Իրաքյան Քուրդիստանն իրաքյան բանակի նահանջի արդյունքում զգալիորեն ընդլայնեց իր վերահսկողության գոտին, այդ թվում՝ իր վերահսկողությունը հատատելով նաև ռազմավարական նշանակություն ունեցող շրջանների վրա, ինչպիսին է օրինակ՝ Քիրքուկը: Բացի այդ, Իրաքում ԻՊ-ի առաջխաղացման ֆոնին մեծապես ամրապնդվեցին Բաղդադից անկախ Իրաքյան Քուրդիստան պետության հեռանկարները: ԻՊ-ի դեմ պայքարելու համար քրդական շրջանի ղեկավարությունը զգալի ֆինանսական և ռազմական օգնություն ստացավ արևմուտքից, ինչի արդյունքում վերլուծաբանները սկսեցին խոսել այն մասին, որ արևմուտքը սկսել է ճանաչել անկախ Իրաքյան Քուրդիստան պետությունը: Այս տեսանկյունից հատկապես խորհրդանշական էր վերջերս Էրբիլում ԵՄ պաշտոնական ներկայացուցչության բացումը:

Ինչպես տեսնում ենք̦ մերձավորարևելյան երկրներից յուրաքանչյուրը փորձում է  օգտագործել ԻՊ-ի դեմ պայքարն իր շահերի իրացման համար, մինչդեռ իսլամական ծայրահեղական խմբավորումներին պարտության մատնելու համար իրական համակարգված գործողությունների կարիք կա: Միայն առանձին ավիահարվածներով կամ սահմանափակ գործողություններով հնարավոր չէ ոչնչացնել այս խմբավորումներին: Դրա համար նախևառաջ քաղաքական կամք է անհրաժեշտ, որի հիմքում ընկած կլինի ոչ թե ԻՊ-ի դեմ պայքարի իմիտացիան կամ դրանից բխող շահերն, այլ տարածաշրջանում պատերազմներն ու մարդասիրական աղետը դադարեցնելու ցանկությունը: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: