ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Որքանո՞վ է լուրջ Իսլամական պետության սպառնալիքը հարևան Վրաստանում

Մի քանի ամիս առաջ Վրաստանի նախկին քաղաքացի, ոմն Ահմեդ (նախկինում՝ Թամազ) Չախալիձեն, ով ներկայումս կռվում է Իսլամական պետություն (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության սև դրոշի ներքո, You Tube-ում տեսաձայնագրություն էր տարածել, որտեղ վրացիներին սպառնում էր ընդունել մահմեդականություն, հակառակ դեպքում, ինչպես նա էր նշում, «Վրաստանի փողոցներով արյուն կհոսի»:

Ահմեդ Չախալիձեն նախկինում Վրաստանի Աջարիա շրջանի բնակիչ էր: Նշենք, որ Վրաստանի Աջարիայի շրջանը սահմանակից է Թուրքիային, և Թուրքիան այնտեղ փորձում է շարունակ իր ազդեցությունը տարածել: Ինչպես պնդում են տեղացիները, Ահմեդ Չախալիձեն իրենց շրջանից միակը չէ, ով միացել է ԻՊ ահաբեկչական կազմակերպությանը: Ըստ բնակիչների` տեղի շատ մահմեդականներ իրենց ընտանիքներից գաղտնի մեկնում են Սիրիա` միանալու ԻՊ-ին, մինչդեռ ընտանիքներում կարծում են, թե նրանք Թուրքիայում գումար են վաստակում:

Չնայած Աջարիայում մահմեդական բնակչությունը կազմում է ընդհանուր բնակչության 10-ը տոկոսը միայն, այնտեղ կան գյուղեր, որտեղ մուսուլման բնակիչների տոկոսը գերազանցում է 90-ը:

Մեկ այլ հայտնի օրինակ է Թարխան Բատիրաշվիլին, ով ներկայումս հայտնի է որպես Աբու Օմար ալ Շիշանի: ԻՊ-ի կազմում նա կարողացել է զբաղեցնել գլխավոր հրամանատարի պաշտոն: Նա ԻՊ-ին է միացել Վրաստանի Ախմետա շրջանի Պանկիսի բնակավայրից` Չեչնիայի հարավային սահմանին (արևմտյան մեդիայում այս շրջանը հայտնի է ԻՊ-ին միացած բնակիչների մեծ թվով): Պանկիսիի բնակչությունը մեծ մասամբ կազմված է չեչենների ժառանգներից, ովքեր 18-րդ և այնուհետև ավելի ուշ` 20-րդ դարում ռուս-չեչենական պատերազմի ժամանակ հաստատվել են Վրաստանում:

Պատկերն էլ ավելի հետաքրքրական է դառնում, երբ անդրադառնում ենք Բատիրաշվիլիի կենսագրությանը: Նա նախկինում եղել է ԱՄՆ հատուկ ուժերի կողմից պատրաստված ենթասպա, ով Վրաստանի հատուկ ուժերի կազմում 2008 թվականին կռվել է ռուսական բանակի դեմ և իր բնակավայրում հայտնի էր որպես իր երկիրը ռուսական բանակի հարձակումներից պաշտպանող քաջ հերոս: Ներկայումս նա նույնպես հայտնի է իր քաջագործություններով, սակայն այս անգամ որպես ԻՊ ահաբեկչական կազմակերպության հրամանատար:

Համաձայն ամերիկյան և վրացական հետախուզական աղբյուրների` միայն Պանկիսի բնակավայրից մոտ 150-ից 200 երիտասարդ է համալրել ԻՊ-ի շարքերը: Ինչպես փաստում են տեղի բնակիչները, ԻՊ-ի շարքերը ներգրավվելու համար տեղի երիտասարդներին տրամադրվում է մինչև Թբիլիսիի օդանավակայան հասնելու ճանապարհածախս, ինչպես նաև փոխհատուցվում է Թուրքիա տանող ինքնաթիռի տոմսի գումարը: Օրինակ՝ այս տարվա ապրիլ ամսին երկու դպրոցական՝ 16-ամյա Կուշտանաշվիլին և իր դասընկեր 18-ամյա Ռամզան Բագակաշվիլին, գնացել են դպրոց և այլևս տուն չեն վերադարձել: Ինչպես հետագայում հայտնի է դարձել, նրանց ի վերջո հաջողվել է հասնել Թուրքիա, հատել Սիրիայի սահմանը և համալրել ԻՊ շարքերը:

Բացի Աջարիայի և Պանկիսիի շրջաններից՝ ԻՊ-ին միացողներ են եղել նաև Քվեմո Քարթլի (սահմանակից է Հայաստանին և Ադրբեջանին) և մի շարք այլ շրջաններից:

Իսկ ի՞նչն է ստիպում երիտասարդներին դիմել այս քայլին: Պատճառները տարբեր են:

Շատ հաճախ Բատիրաշվիլիի նման «քաջ հերոսներն» օրինակ են դառնում տեղի երիտասարդների համար: Ինչպես նշում է Ֆիլադելֆիայում հաստատված արտաքին հարաբերությունների հետազոտական ինստիտուտի վերլուծաբան Մայքլ Ցեցիրը, Բատիրաշվիլիին հաջողվեց Կովկասում «օրինականացնել» ԻՊ-ի գործունեությունը: Բատիրաշվիլիի անցումը համեստ կյանքից «ռազմադաշտի հերոսի» ոգեշնչման օրինակ դարձավ շատ երիտասարդների համար (ռուս-վրացական պատերազմից հետո Բատիրաշվիլին տարբեր առիթներով շարունակ հետապնդվում էր վրաց իշխանությունների կողմից և, ինչպես փաստում են տեղացիները, ապրում էր ոչ բարեկեցիկ կյանքով):

Վրաստանի մահմեդադավան շրջաններում կրոնի ծայրահեղական ուսմունքի տարածումը ևս ունի իր նշանակությունը: MccClatchyDC լրատվական կայքին տված վերջին հարցազրույցում Պանկիսի համայնքի առաջնորդներից մեկը նշել է, որ վերջին շրջանում իրենց մոտ մեծանում է վահաբիզմի դերը (սուննի իսլամի պահպանողական ճյուղը): Ինչպես նշում է համայնքի նույն առաջնորդը, իսլամի այս ճյուղի ազդեցությունը հատկապես էլ ավելի ակնհայտ դարձավ, երբ Սաուդյան Արաբիայի կատարած նվիրատվության շնորհիվ հնարավոր եղավ համայնքում կառուցել նոր մզկիթ:

«Մզկիթում մարդկանց սովորեցնում են, որ սխալ է աղոթել սրբերի և մեր նախնիների գերեզմաններին, մի բան, որ մարդիկ արել են 100-ավոր տարիներ: Նաև նշվում է, որ սխալ է կիսել կրոնական ծեսերը մեր քրիստոնյա եղբայրների հետ»,- նշում է համայնքի առաջնորդը:

Ըստ վերջինիս` մզկիթի կառուցումից հետո պառակտում առաջացավ երիտասարդ և տարիքով ավելի մեծ մահմեդականություն դավանողների միջև, որից հետո շատ տեղի երիտասարդներ մեկնեցին Սիրիա` համալրելով ԻՊ շարքերը:

Երիտասարդների ծայրահեղական խմբերին միանալու որոշման մեջ չի կարող նշանակություն չունենալ նաև բնակչության սոցիալական վիճակը: Օրինակ՝ հենց նույն Պանկիսիում, համաձայն տարբեր տվյալների, բնակչության աշխատունակ հատվածի միայն մեկ տասներորդն է ապահոված աշխատանքով: Պատճառների շարքը, իհարկե, կարելի է համալրել:

Իսկ ի՞նչ է անում վրաց կառավարությունը՝ կանխելու Վրաստանից ծայրահեղականներին միացողների հոսքը:

Օրինակ՝ այս տարվա հունվարին Վրաստանի կառավարությունը մի շարք օրենսդիր բարեփոխումների առաջարկներ ներկայացրեց, համաձայն որոնց՝ քրեական հետապնդման պետք է ենթարկվեն Վրաստանի բոլոր այն քաղաքացիները, ովքեր արտասահմանում կմիանան ապօրինի կազմակերպություններին և երկիրը կլքեն ահաբեկչության մաս կազմելու ու այն խթանելու նպատակով:

Այս ամենի հետ մեկտեղ պարզ է, որ միայն օրենսդրական դաշտում կատարված բարեփոխումները բավական չեն: Երկրի կառավարությունը պետք է նաև քայլեր ձեռնարկի վերը թվարկված և չթվարկված պատճառների ենթապատճառները գտնելու և դրանք չեզոքացնելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ պատճառները չեն կարող միայն ներքին լինել, դրանք նաև արտաքին են, և ոչ մի երկիր՝ այս դեպքում Վրաստանը, միայնակ չի կարող պայքարել դրանց դեմ:

Փաստը մնում է այն, որ ԻՊ-ի ներկայությունը և դրանից եկող վտանգներն արդեն կանգնած են մեր տարածաշրջանի դռան շեմին: Այստեղից հարց է առաջանում՝ միգուցե ժամանակն է, որ տարածաշրջանի երկրները որոշ ժամանակ մի կողմ դնեն լոկալ խնդիրները և համախմբվեն ընդհանուր վտանգի՝ ԻՊ-ի դեմ պայքարում: Այս համատեքստում միգուցե նաև անհրաժեշտ է, որ տարածաշրջանի երկրները մշակեն և ունենան ԻՊ դեմ պայքարի միասնական ռազմավարություն:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: