ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիա-Ռուսաստան. որքանո՞վ է վտանգավոր լարվածությունը

Սիրիայում Ռուսաստանի իրականացրած ավիահարվածները լարվածության պատճառ են դարձել ռուս-թուրքական հարաբերություններում: Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ շաբաթ օրը տեղի ունեցածից հետո կիրակի երկրորդ միջադեպն է գրանցվել: Ինչպես հայտնում է թուրքական Hurriyet Daily News-ը, Թուրքիան զգուշացրել է, որ «պատրաստ է արձագանքել̦ եթե Ռուսաստանը կրկին խախտի Սիրիայի հետ սահմանը»:

«Թույլ տվեք ուղիղ ասել: Թուրքիայի զինված ուժերը հստակ հրահանգ են ստացել: Թուրքիայի օդային տարածքը խախտողներն, անգամ եթե դա թռչուն է, համապատասխան գործողությունների են արժանանալու», - Habertürk TV-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն` կոչ անելով Ռուսաստանին չսրել լարվածությունը Սիրիայում:

Միևնույն ժամանակ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը փորձել է պարզաբանել միջադեպը՝ նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել անբարենպաստ պայմանների պատճառով և կոչ անելով որևէ դավադրության չփնտրել տեղի ունեցածում, նշում է РИА Новости-ն: Ռուսական կողմը վստահեցրել է, որ նման միջադեպ այլևս չի գրանցվի:

ՆԱՏՕ-ն խստորեն դատապարտել է Ռուսաստանի կողմից Թուրքիայի օդային տարածքի խախտումը: Ինչպես հայտնում է The Guardian-ը̦ ՆԱՏՕ-ի 28 անդամ պետությունների դեսպաններն արտահերթ հանդիպում են անցկացրել Բրյուսելում: «Դաշնակիցները նաև ընդգծում են նման անպատասխանատու վարքագծից բխող ծայրահեղ վտանգը: Նրանք կոչ են անում ՌԴ-ին դադարեցնել և այսուհետ զերծ մնալ նման գործողություններից», - ասվում է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, իր հերթին, զգուշացրել է, որ միջադեպը կարող էր հանգեցնել Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի ոչնչացմանը` ընդգծելով, որ Միացյալ նահանգները խիստ անհանգստացած են տեղի ունեցածի կապակցությամբ: Քերին նշել, որ «Ռուսաստանը պարտավոր է գործել միջազգային չափանիշների շրջանակներում»:

Չնայած վերոնշյալ հայտարարություններին` ակնհայտ է, որ Ռուսաստանն ու Թուրքիան մտադիր չեն սրել երկկողմ հարաբերությունները: Այս մասին համապատասխան ազդակներ կան երկու կողմերից էլ: «Ռուսաստանը մեր ընկերն ու հարևանն է: Թուրքիայի և Ռուսաստանի միջև այս առումով որևէ լարվածություն չկա: Սիրիայի խնդիրը ռուս-թուրքական ճգնաժամ չէ», - ասել է Դավութօղլուն:

Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ «Սիրիայում Ռուսաստանի գործողությունները չեն հանգեցնելու Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման, և երկու երկրների համագործակցությունն ամուր հիմք ունի»:

Եվ իսկապես, գաղտնիք չէ, որ այս երկրները մշտապես փորձել են իրենց քաղաքական տարաձայնությունները հարթել տնտեսական համագործակցության խորացմամբ: Իբրև ասվածի ապացույց նշենք, որ նախօրեին Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարեց, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն 2016 թվականին: Ինչպես նշում է МИР 24-ն, ենթադրվում է, որ միջկառավարական համաձայնագիրը պետք է ստորագրվի երկու երկրների միջև Գերագույն պետական խորհրդի նիստի ժամանակ:

Թուրքիայի` որոշ իմաստով կոշտ հռետորաբանությունը հավանաբար պայմանավորված է այն «վախերով»̦ որ Թուրքիան զգում է սիրիական ճգնաժամում Ռուսաստանի զինված ներգրավվածության պատճառով, քանի որ Ռուսաստանի գործողությունները Սիրիայում գրեթե չեզոքացնում են Սիրիայի հետ սահմանին այսպես կոչված «անվտանգության գոտի» ստեղծելու Թուրքիայի ծրագրերը` վերջնական անհաջողության մատնելով Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայում: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0 կմ/ժ
    20 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: