ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչն է ստիպում ադրբեջանցիներին միանալ ԻՊ-ին

Վերջին մեկ տարվա ընթացքում  լուրերն այն մասին, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հաջորդ թիրախն Ադրբեջանն է լինելու, սկսել են ավելի հաճախ շրջանառվել տարբեր լրատվամիջոցներով:  Նախորդ տարվա հուլիսին ԻՊ «Պետանվտանգության նախարար» Աբդուլվահեդ Խուդայր Ահմեդը զգուշացրել էր, որ մոտ ապագայում Ադրբեջանը հայտնվելու է ԻՊ գրոհայինների թիրախում:

Ինչպես հայտնում է ադրբեջանական Azeri Daily թերթը, իր հայտարարության մեջ Աբդուլվահեդ Խուդայր Ահմեդը մասնավորապես նշել է. «Մենք պետք է պատժենք Մոսկվայի, Թբիլիսիի և Բաքվի կոմունիստական կառավարություններին:  Բաքվի նավթահանքերը պատկանում են Իսլամական պետությանը»:

ԻՊ ծայրահեղական խմբավորման անդամերը վերջերս սոցիալական կայքերում նաև տարածել էին Ադրբեջանի պետական խորհրդանիշերի ծաղրանկաները:  Ծաղրանկարներում նրանք Ադրբեջանի քարտեզն ու դրոշը պատկերել էին սև ֆոնի վրա` արաբական հետևյալ գրառությամբ La Ilaha ill-Allah (բացի Ալահից, ուրիշ աստված չկա), հայտնում է Alwaght-ը:

2014 թվականի  հոկտեմբերին Ադրբեջանում Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ (Ադրբեջանի միասնական ընդդիմության ժողովրդավարական շարժում) հայտնվել էր ԻՊ-ի սև դրոշը, որի պատճառով հինգ մարդ էր ձերբակալվել:  

Չնայած միջադեպի հետագա քննությունը հանգեց այն եզրակացության, որ  կատարվածն  ամենայն հավանականությամբ եղել է սադրանք, այնուամենայնիվ «Իսլամական պետության» գործոնի շահարկումն արդեն որոշակի ցուցիչ է:

Նման սադրանքների և սպառնալիքների հետ մեկտեղ Ադրբեջանում կարծես թե տարեցտարի ավելանում է ԻՊ սև դրոշի համակիրների թիվը: Ադրբեջանից ԻՊ-ին են միանում անգամ հանրության շրջանակում ճանաչված և ընկալելի մարդիկ,  ինչպես օրինակ՝ ադրբեջանցի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ Ռաշադ Բախշալիևը: Վերջինս օգոստոսին ԻՊ-ին միանալու նպատակով ոչ միայն ինքն էր մեկնել Սիրիա, այլ նաև իր հետ տարել էր կնոջն ու երեխային, հայտնում է Foreign Intrigue-ը:

Այս միջադեպից առաջ` հուլիս ամսին ինն ադրբեջանցի էր դատապարտվել 15 տարվա ազատազրկման: Նրանք այն 26 մարդկանց թվում էին, ովքեր,  ԻՊ-ի հետ առնչություն ունենալու մեղադրանքով ձեռբակալվել էին դեռևս սեպտեմբերին:  Նրանց թվում օրինակ Վուգար Դուրսունալիևը, ոչ միայն ինքն էր անձամբ միացել ԻՊ-ին, այլ նաև համոզել էր իր 15-ամյա որդուն հետևել իր օրինակին:  

Դժվար է ասել ԻՊ-ում կռվող  ադրբեջանցիների ճշգրիտ թիվը, սակայն ԶԼՄ-ների հայտնած տեղեկության համաձայն՝ մոտավոր թիվն անցնում է 200-ը:  Մինչև 2013 թվականի սեպտեմբերն ադրբեջանցիները հիմնականում կռվում էին այսպես կոչված Ջայշի Ջամաթ ալ Մուհաջիրին վալ Անսար (Jamaat of Jaysh al-Muhajirin val Ansar) խմբի կազմում: Սկզբում խումբը սերտորեն համագործակցում էր ԻՊ-ի հետ, սակայն ավելի ուշ խմբավորումների առաջնորդների փոփոխության պատճառով նրանց հարաբերությունները դարձան թշնամական: Արդեն այս տարվա սեպտեմբերին Ջայշի Ջամաթ ալ Մուհաջիրին վալ Անսար խմբավորումը երդվեց հավատարիմ լինել Ալ-Քայիդային կից Ալ-Նուրսա Ճակատ խմբին:

Ջայշի Ջամաթ ալ Մուհաջիրին վալ Անսար խմբավորման  առաջնորդը Նիքատ Աշուրովը (aka Abu Yahya al-Azeri)) համարվում էր Սիրիայում ադրբեջանական զինյալների դեմքը: Համացանցում կան անգամ տեսանյութեր, որտեղ նա հայտարարություններ է կարդում ադրբեջաներենով` խոսելով  իսլամական օրենքը պարտադրելու նպատակի մասին  և կոչ  անելով ունկնդիրներին շարունակել պայքարը  Սիրիայում: Աշուրովը սպանվեց 2013 թվականի սեպտեմբերին, որից հետո ադրբեջանական զինյալների մեծ մասը  լքեց Ջայշի Ջամաթ ալ Մուհաջիրին վալ Անսար խմբավորումը  և միացավ ԻՊ-ին:

Այսպիսով, ի՞նչն է ստիպում ադրբեջանցիներին, որոնց երկրում պաշտոնական տվյալներով բնակչության 70 տոկոս շիա մահմեդականներն են,  միանալու ԻՊ-ին:

Հիմնական պատճառներից մեկն Ադրբեջանի կառավարության կողմից իրականացվող բռնաճնշումներն են երկրի հյուսիսում գտնվող սալաֆիների նկատմամբ (մահմեդական սուննի ճյուղի ուլտրա-պահպանողական ուղղափառ շարժում): Միայն  կրոնական դավանանքի պատճառով Ադրբեջանի ոստիկանությունը երկրի հյուսիսում իրեն իրավունք է վերապահում  կալանավորել, տուգանել,  ահաբեկել և հետապնդել սալաֆիզմի  ներկայացուցիչներին : Եղել են դեպքեր, երբ ոստիկանները, բռնի ուժ կիրառելով կողոպտել, ծեծել և խոշտանգել են նրանց: Նման բռնաճնշումների պատճառով է, որ  Ադրբեջանում այս  ճյուղի հետևորդները՝ հատկապես պատանիները, ծայրահեղական խմբերի համար դարձել են խոցելի:

Ռուսական BBC ծառայությունը, հղում կատարելով ադրբեջանական publika.az-ին,  մեջբերում է ոմն ադրբեջանցու խոսքեր, ով  նույնպես միացել է ԻՊ-ին: Հարցազրույցում վերջինս մասնավորապես նշում է. «Մեզ շատ են քննադատում Ադրբեջանում: Բայց կա հստակ պատճառ, թե ինչու ենք մենք գնացել Սիրիա: Այդ պատճառը  նախևառաջ կարելի է գտնել Ադրբեջանում: Մարդիկ չեն ընդունում մեզ: Լրատվամիջոցներին  հրահրում են մեր դեմ և մեզ անվանում են վահաբիստներ: Ոստիկանները կտրում են մեր մորուքները»:

Հետաքրքրական է նաև նշել, որ  համաձայն  ԵԱՀԿ կողմից կատարված ուսումնասիրության արդյունքների,  ադրբեջանցիները միանում են ծայրահեղական  խմբավորումներին,  ինչպես իրենք են փաստում.  «երկրի քաղաքականությունը ավելի բարոյական» դարձնելու նպատակով:

Գլխավոր պատճառների շարքում կարելի է նաև առանձնացնել նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են երկրի որոշ շրջաններում բնակչության սոցիալ-տնտեսական վատ պայմանները, երկրում տիրող կոռուպցիան, ադրբեջանական  հասարակության ինքնության փնտրտուքը և այլն:

Չնայած այն հանգամանքին, որ ծայրահեղական տրամադրություններն Ադրբեջանում  համարվում են իրական սպառնալիք առաջին հերթին երկրում իշխող ռեժիմիի համար, համենայն դեպս Ադրբեջանի կառավարության կողմից իրականացվող քայլերի տեսանելի հատվածը փաստում է, որ իշխանոությունները կամ մեծ ուշադրություն չեն դարձնում խնդրին,  կամ էլ համարժեքորեն չեն արձագանքում:

Այնուամենայնիվ, այն մասին, որ ալիևյան կլանն ունի որոշ մտավախություններ, վկայում է թեկուզ հենց երկրի  հակաահաբեկչական օրենսդրության խստացումը: «Ահաբեկչության դեմ պայքարում» օրենքում կատարված փոփոխությունները ենթադրում են ավելի խիստ պատիժ նրանց համար, ովքեր կմիանան  ահաբեկիչներին:

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ Ադրբեջանի կառավարության կողմից իրականացվող  ուժի քաղաքականությունն էլ ավելի է խորացնում ծայրահեղական տրամադրությունները երկրում՝ բնակչության համար առավել գրավիչ դարձնելով  իսլամիստական գաղափարները:  Խնդրի արմատական պատճառներին անդրադառնալու փոխարեն Ադրբեջանի կառավարությունը հավատարիմ է մնում իր հետապնդումների քաղաքականությանը՝  ադրբեջանական հասարակությանը ստիպելով որոնել այլընտրանքային մեթոդներ, որոնք, ըստ վերջիններիս, «ավելի բարոյական կդարձնեն երկրի քաղաքականությունը»:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: