ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը գիտակցում է Հայաստանի նշանակությունը նոր իրավիճակում

Շարունակվում է Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: Հոկտեմբերի 15-ին այն ուղեկցվեց հայ-իրանական գործարար համաժողովի անցկացմամբ, որին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել ավելի քան 60 իրանցի գործարար: Մինչ համաժողովի ընթացքում քննարկված հարցերին անդրադառնալը, նշենք, որ ԻԻՀ փոխնախագահ Ջահանգիրիի այցը, փաստորեն, Իրան-Արևմուտք պատմական համաձայանության ձեռքբերումից հետո նման բարձր մակարդակի հետո առաջին պաշտոնական այցն էր ընդհանրապես:

ԻԻՀ փոխնախագահի ունեցած հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ, ինչպես նաև դրանց շրջանակներում քննարկված հարցերը թույլ են տալիս որոշակի սխեմատիկ պատկերացում կազմել հայ-իրանական՝ որակական նոր փուլ անցած հարաբերությունների զարգացման հիմնական առանցքների վերաբերյալ:

Դրանք են առաջին հերթին էներգետիկ ոլորտը, առևտրաշրջանառությունը, Հայաստանի դերակատարության բարձրացումը՝ որպես Իրան-Արևմուտք տարանցիկ երկրի, ինչպես նաև համագործակցության այնպիսի ձևաչափերի զարգացումն, ինչպիսիք են տուրիզմը կամ համագործակցությունը ջրային տնտեսության ոլորտում, և ի հարկե, ահաբեկչության դեմ համատեղ պայքարի ու տարածաշրջանային կայունության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

Միանգամից նշենք, որ բազմիցս շահարկված հարցը՝ կապված  Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման հետ, առայժմ մնում է չլուծված: Մոտեցումը, թե Հայաստանն այս առումով դուրս է եկել օրակարգից, հատկապես Իրան-Ադրբեջան երկաթգծի կառուցման հուշագրի ստորագրման ֆոնին, տրամաբանական, սակայն  ոչ այնքան բացարձակ է, քանի որ հայ-իրանական գործարար համաժողովի ընթացքում փոխանակված մտքերից պարզորոշ երևում է, որ երկաթգծի կառուցման անհրաժեշտությունը դեռևս պահպանվում է, սակայն լուծված չէ ֆինանսավորման խնդիրը: Մասնավորապես նման կարծիք է հայտնել համաժողովին ներկա գտնվող իրանցի գործարար Մոսեն Ջալալփուրին: Նա նշել է նաև, որ իրանցի գործարարները Հայաստանը դիտարկում են ոչ թե որպես մի քանի միլիոնանոց շուկա, այլ  ճանապարհ դեպի Ռուսաստան և Ասիա:  Սա նշանակում է, որ իրանական կիրառական տնտեսության տեսանկյունից բավական նկատելի է Հայաստանի տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունը, ինչը փաստացի բխում է մեր շահերից: Իսկ այն, որ տարանցիկ երկիր դառնալու քաղաքական կամք կա նաև հայկական կողմից, փաստվում է սեպտեմբերին Շավարշ Քոչարյանի հնչեցրած հայտարարությունով, թե  Հայաստանի նախաձեռնությամբ ԵԱՏՄ-ում ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի Եվրասիական դաշինքի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման աշխատանքներով:

Ինչ վերաբերում է համագործակցությանն էներգետիկ ոլորտում, ապա դրա զարգացման ամենավառ ու փաստացի ապացույցն է հանդիսանում ընդամենն ամսիների առաջ Երևանի ու Թեհրանի միջև ձեռք բերված 120 մլն դոլար արժողությամբ համաձայնագիրը՝ երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության վերսկսման վերաբերյալ:

Եվս մի բազմիցս շահարկվող հարց է Հայաստանի տարածքով իրանական գազի արտահանման հարցը, ինչը գոնե առայժմ, չի դիտարկվում, որպես առաջանահերթություն՝ հաշվի առնելով առաջին հերթին փաստը, որ հայ-իրանական խողովակաշարը չունի  արտահանման համար անհրաժեշտ մեծ հզորություն, և ի վերջո, պետք չէ մոռանալ, որ այն ռուսական «Գազպրոմի» սեփականությունն է և Հայաստանը նման առաջարկության համար պետք է կոնսուլտացիաներ ունենա ռուսական կողմի հետ:

Այն, որ հայ-իրանական հարաբերությունները բարիդրացիական են, ապացուցվել է պատմությամբ, ինչպես նաև դժվար պահերին միմյանց օժանդակելու պատրաստակամությամբ: Նմանատիպ պատրաստակամություն Իրանին վերջին տարիներ սանկցիաների առկայության պարագայում ցուցադրեց Հայաստանը, ինչն ակնհայտորեն նկատվել ու անընդհատ շեշտվում է հենց իրանական կողմից և գուցե ինչը նաև կնպաստի, որպեսզի հայ-իրանական համագործակցությունը լինի շատ արգասաբեր երկու կողմերի համար էլ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: