ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիական հակամարտությունը մտնում է նոր փուլ

Մերձավոր Արևելքում իրադարձություններն արագ են զարգանում: Ընդամենը երկու օր առաջ տեղեկատվություն տարածվեց, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կնքված Սիրիայում թռիչքների անվտանգության մասին հուշագիրը մտել է ուժի մեջ, իսկ արդեն երեկ տեղեկանում ենք Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար ալ Ասադի Մոսկվա կատարած անակնկալ այցի մասին:

Այցի հիմնական նպատակի վերաբերյալ դատողություններ անելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալ հիմնական գործոնների վրա. այցի մասին նախապես տեղեկատվություն չի տարածվել, Սիրիայի նախագահի այցը Մոսկվա տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ, և ինչպես երևում է Կրեմլի կողմից տարածված պաշտոնական հայտարարության տեքստից, հանդիպման ընթացքում Սիրիայում ռուսական կողմի ռազմական գործողություններից զատ հիմնական շեշտը դրվել է Սիրիական ճգնաժամի  քաղաքական կարգավորման վրա, որը, ինչպես ՌԴ նախագահը ինքն է փաստել, կապահովի խնդրի երկարաժամկետ լուծումը:

Այն, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ կազմակերպված այցի մասին նախապես  որևէ մեդիա արշավ չի կազմակերպել, նախևառաջ կարելի է բացատրել Ասադի անվտանգությունը ապահովման խնդրով:

Չնայած արևմտյան լրատվամիջոցները պնդում են, թե Ասադի մոսկովյան այցը հետապնդել է Սիրիայում ռուսական գործողությունները գովազդելու և լեգիտիմացնելու նպատակ, այնուամենայնիվ, չենք կարող բացառել, որ դա ռուսական կողմի համար առնվազն առաջնային խնդիր չի եղել:

Ըստ էության, ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած այցի ժամանակ կողմերը հետապնդել են մեկ հիմնական նպատակ. խնդրի ռազմական  կարգավորմանը  զուգահեռ քաղաքական կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկելուց առաջ  ճշտել ժամացույցները: Այլ կերպ ասած դաշնակիցներին անհրաժեշտ է եղել հասկանալ, որոնք են այն կարմիր գծերը և հնարավոր զիջումները, որոնց կողմերը կարող են գնալ՝ Արևմուտքի և Մերձավոր Արևելքի այլ երկրների հետ քաղաքական բանակցություններից հնարավորինս շահեկան դուրս գալու համար:

Այս առումով պատահական չէ և հենց այս նպատակի համատեքստում է բացատրվում այն,  որ հանդիպումից անմիջապես հետո, ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել  տարածաշրջանի մի շարք երկրների առաջնորդների հետ: Սրանով է բացատրվում նաև ուրբաթ օրը նախատեսված  ՌԴ արտգործնախարար Սերգել Լավրովի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ինչպես նաև Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների հետ` քննարկելու սիրիական խնդիրը: Հաշվի առնելով ռուս-սիրիական նոր պայմանավորվածությունները՝ չեն կարող բացառել, որ շուտով ականատես կլինենք փոփոխությունների նաև հակամարտությունում ներգրավված արևմտյան երկրների և նրանց տարածաշրջանային դաշնակիցների մարտավարությունում: 

Ուստի, հետևելով իրադարձությունների զարգացմանը, կարող ենք փաստել,  որ Սիրիական հակամարտության կարգավորման գործընթացը ռազմականին զուգահեռ մտնում  է խնդրի քաղաքական կարգավորման  նոր փուլ, որի նախապատրաստական աշխատանքների համատեքստում էլ պետք է դիտարկել Սիրիայի նախագահի այցը Մոսկվա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: