ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽԽՎ-ն փորձում է ապահովել իր ներկայությունը տարածաշրջանում. Վ. Բալայան

ԵԽԽՎ-ում զեկույցն ընդունվում է ոչ թե քննարկումների, այլ՝ այս կամ այն գործոնի ազդեցությամբ: Այս մասին «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում նշել է ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հարցերով հանձնաժողովի կողմից նախօրեին Փարիզում կայացած նիստի ժամանակ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերնագրով վիճահարույց զեկույցի նախագծի հավանության արժանացնելու փաստին:

Զեկույցի նախագիծը ԵԽԽՎ քննարկմանը կներկայացվի 2016 թվականի ձմեռային նստաշրջանին։ «ԵԽԽՎ-ն այս և նմանատիպ այլ զեկույցների միջոցով փորձում է ապահովել իր ներկայությունը տարածաշրջանում՝ թեկուզ առանց հաշվի նստելու փաստերի հետ», - կարծում է Բալայանը:

Նշենք, որ հայկական կողմի համար անընդունելի զեկույցում մասնավորապես կոչ է արվում Հայաստանին «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանություն»:

Բանաձևի նախագծում նաև կոչ է արվում Մինսկի խմբին լիագումար նիստ անցկացնել և Ղարաբաղին տալ միջանկյալ կարգավիճակ, որը կերաշխավորի ինչպես անվտանգությունը, այնպես էլ ներքին ինքնակառավարումը, համաձայնեցված միջանցք բացել Հայաստանի և Ղարաբաղի միջև ու վստահության ամրապնդմանն ուղղված այլ քայլեր կատարել, այդ թվում՝ դեպի Նախիջևան մուտքի թույլտվություն ապահովել։ Հանձնաժողովն անհրաժեշտ է համարում ԵԱՀԿ-ին կից միջազգային խաղաղարար ուժերի ստեղծումը, «ինչը կամրապնդի ԼՂ-ի և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքների անվտանգությունը»։ «ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից վեհաժողովի լիագումար նիստի օրակարգում հակահայկական զեկույցի ներառումը թիկունքից հարված է Մինսկի խմբի գործունեությանը», - լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ ԵԽԽՎ գործունեության արդյունքում հայկական և ադրբեջանական կողմերի միջև առաջացած լարվածությունը հետագայում պետք է հարթի Մինսկի խումբը:  

Նշենք, որ հանձնաժողովի նիստի ժամանակ եվրոպացի խորհրդարանականների առաջարկը՝ զեկույցի քննարկումը հետաձգել գոնե այն պատճառով, որ այն միակողմանի է և չի ներկայացնում հայկական կողմի դիրքորոշումը, մերժվել է: «Ադրբեջանին ձեռնտու զեկուցողն արել է ամեն բան, որպեսզի կատարի իր պատվերը, քանի որ Ուոլթերի մանդատը ավարտվում է նոյեմբերի 7-ին», - նշել է ԵԽԽՎ հայկական պատվիարկության անդամ Նաիրա Կարապետյանը:

Զեկույցի հռետորաբանությունն ամբողջությամբ համապատասխանում է Բաքվի հռետորաբանությանը: Ուոլթերի զեկույցը կազմվել է բացառապես ադրբեջանական կողմի հետ համագործակցության արդյունքում: Հայկական կողմը, ի սկզբանե համաձայն չլինելով զեկույցի վերնագրին, հայտարարել է, թե Ուոլթերն այդպիսով արդեն իսկ կողմնակալ կեցվածք է դրսևորում։ Մասնավորապես, պաշտոնական Ստեփանակերտը հայտարարել է, թե խոչընդոտ է տեսնում բրիտանացի զեկուցողի հետ համագործակցության հարցում։ «Զեկույցի վերնագիրը արտացոլում է հակամարտության միայն մեկ կողմի՝ Ադրբեջանի դիրքորոշումը, ինչը կանխորոշում է զեկույցի բովանդակությունը և եզրակացությունները»,- նշել են Ստեփանակերտում:

Ավելացնենք, որ ԵԽԽՎ զեկույցներն ունեն խորհրդատվական բնույթ և պարտադիր կատարման ենթակա չեն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: