ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եթե ընդդիմության լիազորությունները չընդլայնվեն, կունենանք լճացում. Սերժ Սարգսյան

Սահմանադրական փոփոխություններով նախատեսված ընդդիմության լիազորությունների ընդլայնումն անհրաժեշտություն է: Այս տեսակետը հանրապետության նախագահը հիմնավորել է այսպես՝ եթե չանենք, ունենալու ենք լճացում, եթե չանենք, ունենալու ենք անձնակենտրոն իշխանություն:
Հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին տված  հարցազրույցում  պատասխանելով հարցին, թե ընդդիմությանը նոր իրավունքներով օժտելու խնդրով իշխանության մտահոգվելը կասկածելի չի՞ թվում, Սերժ Սարգսյանն արձագանքել է. «Մենք պարտադրված ենք դա անել: Եթե չանենք, ունենալու ենք լճացում, եթե չանենք, նորից ունենալու ենք անձնակենտրոն իշխանություն: Մենք պարտավոր ենք դա անել: Պարտավոր ենք, որովհետև խորհրդարանական կառավարումը ենթադրում է հաշվետվողականության ավելացում, ենթադրում է թափանցիկության մեծացում և, եթե խորհրդարանում ընդդիմությունը հնարավորություն չի ունենալու ստեղծել, ենթադրենք, քննիչ հանձնաժողովներ, ապա ինչպիսի փաստարկներ պետք է բերի խորհրդարանում ընդդիմությունը, որպեսզի իշխանությունն ուղղի սխալը, կամ էլ բացատրի հանրությանը, թե ինչու՞ է այդպես արել»:
Խոսելով սահմանադրական փոփոխություններոի նախագծով նախատեսված նոր կարգավորումների մասին՝ երկրի ղեկավարը նշել է. «Նոր Սահմանադրությամբ Վարչապետը պարտավոր է լինելու իր կառավարության հետ միասին առնվազն ամիսը երկու անգամ գնալ Ազգային ժողով և հրապարակավ պատասխանել հարցերի, իսկ եթե ընդդիմությունն իրավունք չունենա արտահերթ հարցի օրակարգ մտցնելու և այլն, ապա մեծամասնությունն ուղղակի կխեղդի նրան, և եթե հարցեր տվողը մեծամասնությունն է, ապա անհրաժեշտություն չկա խորհրդարանում լինելու, որովհետև այդ նույն հարցը, եթե ինքը մեծամասնություն է, կուսակցությունը այլ տեղերում կտա, և դա լայնորեն չի լուսաբանվի: Իսկ ընդդիմության հարցերը շատ լայնորեն լուսաբանվում են: Բացի դրանից, միգուցե ուղիղ հարցի պատասխանը չէ, բայց ասեմ հետևյալը. տեսե՛ք, այսօր Հանրապետության Նախագահը ուղիղ քաղաքական պատասխանատվություն չի կրում, որևէ մեխանիզմ չկա ուղիղ քաղաքական պատասխանատվություն կրելու: Ընտրություններում հաղթեց՝ Նախագահը ո՛չ պարտավոր է գնալ խորհրդարան, ո՛չ պարտավոր է շփվել լրագրողների հետ, ո՛չ պարտավոր է հանրային բացատրություններ տալ և այլն: Եվ նրա պատասխանատվությունն ավելի շատ բարոյական է: Քաղաքական պատասխանատվություն ի հայտ է գալիս հաջորդ ընտրություններին: Այսինքն` այդ հինգ տարիների ընթացքում շատ բան կարող է երկրում փոխվել:
Իսկ կառավարությունը և Վարչապետը կրելու են անմիջական քաղաքական պատասխանատվություն: Որովհետև պատկերացրեք իրավիճակ, երբ կառավարությունը կամ վարչապետը գնում են խորհրդարան, և խորհրդարանի ընդդիմադիր հատվածը հարցեր է ուղղում Վարչապետին կամ կառավարությանն ու նրանք չեն կարողանում լիարժեքորեն պատասխանել այդ հարցերին: Ի՞նչ պետք է տեղի ունենա: Ակնհայտ է չէ՞, որ դժգոհություններ կառաջանան ոչ միայն ընդդիմադիր հատվածի, այլ նաև իշխանական հատվածի մոտ: Եվ կգա մի գեղեցիկ օր, երբ 10, 15, 20 պատգամավոր կգան Վարչապետի մոտ, կգան կառավարություն և կասեն՝ գիտե՞ս ինչ, հարգելի մեր ընկեր, ախր, այսպես չի լինի, մենք ընտրություններում չենք կարողանալու հավաքել համապատասխան տոկոս, լավ կլինի դու գնաս, մեկ ուրիշը գա, ով իրավիճակին տիրապետում է: Այս պարագայում՝ նախագահական համակարգի պարագայում, դա հնարավոր չէ, որովհետև, եթե ես խիղճս կորցնեմ, կարող եմ ընդհանրապես չընդունել նույնիսկ իմ կուսակից պատգամավորներին, և նրանք ի՞նչ պետք է անեն: Այո՛, կարող են հրապարակավ քննադատել և այլն, բայց դա ինձ չի սպառնում պաշտոնանկությամբ»:
Սերժ Սարգսյանի վստահեցմամբ՝ գործող Սահմանադրության պայմաններում նախագահի պաշտոնանկություն սպառնում է միայն փողոցով, անօրինական ճանապարհով հրաժարական պարտադրելու միջոցով:
«Բայց ա՞յդ ճանապարհն է մեզ համար ընդունելի, թե՞ այս մի ճանապարհը: Իսկ Վարչապետը այն ժամանակ չի կարող ասել՝ ես քեզ չեմ ընդունում, որովհետև հաջորդ օրինագիծն անցկացնելիս նույնիսկ արդեն իշխանությունը ներկայացնող պատգամավորը կարող է չքվեարկել»,- նշել է հանրապետության նախագահը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: