ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նալբանդյան. ԵԱՀԿ-ին անհրաժեշտ է համագործակցության միավորող օրակարգ

«Որպես ցեղասպանության արհավիրքների միջով անցած ժողովուրդ՝ մենք բարոյական պարտավորություն ունենք՝ մեր նպաստը բերելու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերին»,- դեկտեմբերի 3-ին Բելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 22-րդ նիստում ունեցած ելույթում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը,  հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«2015 թվականին նշվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ողջ աշխարհը դատապարտեց այս ոճրագործությունը, իր համերաշխությունը, աջակցությունը հայտնեց հայ ժողովրդին։ Վեց օրից՝ դեկտեմբերի 9-ին, առաջին անգամ կնշվի Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օրը: Դրա հռչակումը առաջարկվեց Հայաստանի կողմից նախաձեռնված և 2015թ. մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից միաձայն ընդունված՝ Ցեղասպանության կանխարգելման բանաձևով, որն այնուհետև արժանացավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հավանությանը՝ կրկին Հայաստանի նախաձեռնությամբ: Որպես ցեղասպանության արհավիրքների միջով անցած ժողովուրդ՝ մենք բարոյական պարտավորություն ունենք՝ մեր նպաստը բերելու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերին:

Այսօր մենք չենք կարող անտարբեր մնալ Դաեշի, Ալ-Նուսրայի, այլ ահաբեկչական խմբավորումների և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների կողմից նման հանցագործությունների կրկնության նկատմամբ: Երկու տարի առաջ Հայաստանը ԵԱՀԿ շրջանակներում դատապարտեց Իրաքում և Սիրիայում այդ խմբերի կողմից իրականացված վայրագությունները, մասնավորապես՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների, ներառյալ՝ մեր հայրենակիցների նկատմամբ Քեսաբում, Դեյր Զորում և այլ վայրերում։ Այն ժամանակ քչերը կարող էին պատկերացնել, թե ահաբեկիչների կողմից իրականացվող բռնությունները ինչ թափ կհավաքեն և կտարածվեն այդ տարածաշրջանից բավականին հեռու գտնվող շատ այլ վայրերում:

Հայաստանն արժևորում է ահաբեկչության դեմ պայքարին ուղղված ԵԱՀԿ հանձնառությունների միանշանակ իրագործումը: Մենք սատարում ենք ազգային և կրոնական փոքրամասնությունների, ներառյալ՝ քրիստոնյաների պաշտպանությանն ուղղված ջանքերը, որոնց հիմնարար իրավունքները և մշակութային ժառանգությունը թիրախ են դարձել: Կարևոր է նաև համարժեք կերպով արձագանքել ԵԱՀԿ հարևան տարածաշրջաններից փախստականների հոսքերի հետևանքով առաջացած ճգնաժամին: Հայաստանը ևս անմասն չի մնացել այդ զարգացումներից, մենք արդեն ավելի քան 17 հազար փախստական ենք ընդունել Սիրիայից:

Անվտանգության հարափոփոխ պայմաններում առավել կարևոր է դառնում ԵԱՀԿ-ում համագործակցության միավորող օրակարգ ունենալը: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Գերմանիայի գալիք նախագահությանը՝ ապահովելու ջանքերի միասնականությունը երեք հարթություններում և զարգացնելու կազմակերպության կենսունակությունն ու կարողություններ, ամրապնդելու ապահովությունն ու անվտանգությունը ԵԱՀԿ տարածաշրջանում»,- իր ելույթում ասել է Է.Նալբանդյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: