ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպե՞ս է սահմանադրական բարեփոխումների նախագիծը պաշտպանում սեփականության իրավունքը

Հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ քննարկումները, ինչպես նաև մեկնարկած քարոզարշավը՝ «Արմեդիա» ՏՎԳ-ն, «Հայացք» վերլուծական կենտրոնի աջակցությամբ, ներկայացնում է վերլուծական հոդվածների շարք, որոնք սահմանադրական բարեփոխումների նախագծի առանձին տարրեր կդիտարկեն եվրոպական փորձի համատեքստում:

 Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն սարերի ետևում չէ և ընդամենը երկու օրից՝ դեկտեմբերի 6-ին, ՀՀ քաղաքացիները կկայացնեն իրենց որոշումը: Չնայած մինչև հանրաքվեն մնացած քիչ ժամանակին՝ բուռն քննարկումները Սահմանադրության բարեփոխումների վերաբերյալ դեռ շարունակվում են, իսկ քննարկման առարկա դարձած և առավել շատ շահարկվող թեմաներից է սեփականության իրավունքն ու այդ իրավունքից զրկելը:

Սահմանադրական նախագիծը քննադատողները, մասնավորապես, նշում են, որ այն դրույթը, ըստ որի սեփականության իրավունքի իրացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, առաջարկվող նախագծում բացակայում է: Իսկապես, հոդված 60-ում, որտեղ խոսվում է սեփականության իրավունքի մասին, նման նախադասություն չկա, սակայն սա ամենևին չի նշանակում, որ այս նախագծում անտեսվել է շրջակա միջավայրի պահպանության կարևորությունը: Հոդված 12-ում ասվում է, որ «պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը»:

Ինչ վերաբերում է սեփականության իրավունքի պաշտպանված լինելուն, ապա առաջարկվող սահմանադրական փոփոխությունների նախագծում ոչ միայն նշվում է, որ ՀՀ-ն պաշտպանում է սեփականության իրավունքը, այլև մասնավորեցվում է՝ «սեփականության բոլոր ձևերը», ինչը ենթադրում է մասնավոր, հանրային և պետական սեփականությունը:

Սեփականության իրավունքից զրկելու հոդվածը նույնպես արժանացել է քննադատության, քանի որ նշվում է, թե առաջարկվող նախագծով մարդ կարող է զրկվել այս իրավունքից առանց դատարանի որոշման: Այնուամենայնիվ, և՛ գործող Սահմանադրությունում, և՛ առաջարկվող նախագծում սեփականության իրավունքից զրկելու վերաբերյալ ձևակերպումը նույնն է: Դրանք հոդված 31 և հոդված 60.4-ն են համապատասխանաբար. «Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի»: Գործող Սահմանադրությունում և առաջարկվող նախագծում սեփականության օտարումը հնարավոր է միայն գերակա հանրային շահերի դեպքում և օրենքով սահմանված կարգով՝ համարժեք փոխհատուցմամբ: Ավելին, առաջարկվող նախագծով  երաշխավորվում է ժառանգելու իրավունքը, ինչը բացակայում է գործողի մեջ:

Անդրադառնալով նրան, թե որքանով է սահմանադրական բարեփոխումների նախագծում առաջարկվող սեփականության իրավունքի վերաբերյալ հոդվածը համապատասխանում եվրոպական երկրներում կիրառվող փորձին, պետք է նշել, որ այն բավականին նմանություն ունի գերմանականի հետ: Գերմանիայի Սահմանադրությունը երաշխավորում է սեփականության և այն ժառանգելու իրավունքը, իսկ սեփականության օտարումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե այն արվում է հանրային օգտի համար: Ինչ վերաբերում է փոխհատուցմանը, ապա նշվում է, որ այն կարգավորվում է օրենքով և պետք է բավարարի և՛ հանրային շահը, և՛ նրանց, ովքեր զրկվել են սեփականությունից, իսկ համաձայության չգալու պարագայում կողմերը կարող են դիմել դատարան (հոդված 14):

Հունաստանի Սահմանադրության 17-րդ հոդվածով սեփականության իրավունքը պաշտպանվում է պետության կողմից, որտեղ նշվում է նաև, որ այն չպետք է հակասի հանրային շահին: Սեփականության իրավունքից զրկել հնարավոր է միայն հանրային շահերի դեպքում, ինչը մանրամասն կհիմնավորվի, որին կհետևի փոխհատուցումը: Իսկ փոխատուցման չափը, ըստ Հունաստանի Սահմանադրության, որոշվում է դատական լսումների արդյունքում:

Լատվիայի Սահմանադրությունում սեփականության իրավունքի վերաբերյալ հոդվածը նույնպես գրեթե նույնն է, ինչ մեզ առաջարկվող նախագծում: Սեփականության օտարումը  թույլատրվում է կատարել հանրային նպատակներով օրենքով սահմանված կարգով և արդար փոխհատուցմամբ: Ինչ վերաբերում է սեփականության իրավունքից զրկելուն, ապա այս երկրի Սահմանադրությունում խոսվում է միայն այդ իրավունքի սահմանափակման մասին, սակայն ոչ թե դատական, այլ օրենքով սահմանված կարգով (հոդված 25):

Այսպիսով պետք է փաստել, որ առաջարկվող սահմանադրական փոփոխությունների նախագծում սեփականության իրավունքին վերաբերող հոդվածը ոչ միայն համապատասխանում է եվրոպական, ժողովրդավար երկրների փորձին, այլև իր մեջ ամփոփում է առավել ժողովրդավար մոտեցումներով տարբերակը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: