ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինայում կայունության մասին դեռ վաղ է խոսել

Ուկրաինայում հակամարտության կարգավորմամբ զբաղվող եռակողմ Կոնտակտային խմբի Մինսկում դեկտեմբերի 8-ին կայացած հանդիպմանը կողմերին հաջողվել է որոշ պայմանավորվածություններ ձեռք բերել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոնտակտային խմբում Ուկրաինայի ներկայացուցիչ Լեոնիդ Կուչմայի մամլո քարտուղար Դարիյա Օլիֆերը:

Այսպես, հանդիպման արդյունքում հավանության է արժանացել անվտանգության հարցերով աշխատանքային ենթախմբի առաջարկությունը՝ կապված շփման գծի երկայնքով ականազերծման աշխատանքների իրականացման հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև այն հարցում, որ ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության ներկայացուցիչները մուտքի հնարավորություն ունենան Դոնբասի ողջ տարածք՝ այդ թվում նաև Ուկրաինայի վերահսկողության տակ չգտնվող ռուս-ուկրաինական սահման:

Հանդիպման արդյունքում Դոնեցկի և Լուգանսիկի առանձին շրջանների ներկայացուցիչները պարտավորվել են ապահովել միջազգային կազմակերպությունների՝ այդ թվում նաև «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փորձագետների շփումը Դոնբասի՝ Ուկրաինայի վերահսկողության տակ չգտնվող շրջանների բանտարկյալների հետ:

Ուկրաինական կողմի պնդմամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Կոնտակտային խմբի դեկտեմբերի 22-ին կայանալիք հանդիպմանը քննարկել մինչև Նոր տարի պատանդների և անօրինական կերպով պահվող անձանց փոխանակման հարցը:

Մինսկում կայացած հանդիպման ժամանակ չհաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել քաղաքական հարցերով ենթախմբի շրջանակներում, որը քննարկում էր Դոնեցկում և Լուգանսկում տեղական ընտրություններ անցկացնելու պայմանների մասին օրինագիծ ընդունելու հարցը:

Նշենք, որ Մինսկում Կոնտակտային խմբի հաջորդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 15-ին: Կոնտակտային խմբի աշխատանքների 2016 թվականին հնարավոր երկարաձգման մասին որոշում կընդունվի «Նորմանդական քառյակի» առաջնորդների կողմից:

Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը լրագրողներին հայտնել է, որ մինչև տարվա վերջ հնարավոր է կայանա «Նորմանդական քառյակի» ձևաչափով նոր հանդիպում: Նրա փոխանցմամբ քառյակի հնարավոր հանդիպմանը կքննարկվեն այն նույն հարցերը, որոնք քննարկվում են Կոնտակտային խմբի ձևաչափում:

Չնայած այս տարվա ընթացքում բավականին շատ քայլեր են արվել Մինսկի համաձայնագրերի իրականացման ուղղությամբ, սակայն Ուկրաինայի արևելքում կայունության ամրապնդման մասին դեռ վաղ է խոսել:

Մարտական գործողությունները Դոնբասում շարունակվում են՝ չնայած հակամարտող կողմերի հրադադարի ռեժիմը պահպանելու պատրաստակամության մասին հայտարարություններին: ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Մարտին Սայդիկը վերջին շրջանում բազմիցս արձանագրել է հակամարտության գոտում լարվածության աճը և կոչ է արել կողմերին հրադադար հաստատել:

Նշենք, որ հիմնական առաջընթացը կողմերին հաջողվել է արձանագրել համաձայնագրերի ռազմական մասի իրականացման ուղղությամբ՝ մասնավորապես շփման գծից զենքի հետ քաշելու հարցում: Չնայած հնարավոր եղավ պայմանավորվածություն ձեռք բերել Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչների հետ տեղական ընտրություններն ուկրաինական օրենսդրության համապատասխան անցկացնելու հարցում, Կիևը կատարեց Մինսկի համաձայնագրերով նախատեսված սահմանադրական փոփոխությունների միայն մի մասը՝ կապված Ուկրաինայում իշխանության ապակենտրոնացման հետ, սակայն համաձայնագրերի քաղաքական, ինչպես նաև տնտեսական և հումանիտար բաղադրիչների իրականացման մասով կողմերին չի հաջողվել առաջընթաց գրանցել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: