ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկական հարցը և Թուրքիան 2015-ին

Հայ-թուրքական հարաբերությունների կամ, ավելի ճիշտ, առնչությունների կիզակետում 2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն էր: Ոգեկոչման արարողություններն ու Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը որոշակիորեն պայմանավորեցին Թուրքիայի քայլերը հայության և հայկական երկու պետությունների նկատմամբ:

Դեռևս 2014-ին Թուրքիայի նախագահական ընտրություններում հաղթանակից հետո ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանը վերջինիս էր հանձնել 2015-ի ապրիլի 24-ին Երևան ժամանելու մասին ՀՀ նախագահի հրավերը: Թուրքիայի ղեկավարը որևէ կերպ չարձագանքեց պաշտոնական այս նամակին, իսկ հունվարին պարզ դարձավ, որ Թուրքիան պատրաստվում է Եղեռնի հիշատակման օրը՝ ապրիլի 24-ին, նշել Գալիպոլիի ճակատամարտի օրը: Տոնակատարություններին մասնակցության հրավեր էր ուղարկվել 102 համաշխարհային առաջնորդների, այդ թվում՝ ՀՀ նախագահին՝ հիմնավորումով, որ Գալիպոլիի մարտերին իրենց մասնակցությունն էին ունեցել նաև օսմանյան բանակի հայ զինծառայողներ: Նշենք, որ Թուրքիան Գալիպոլիի ճակատամարտում իր հաղթանակը տոնում է միայն վերջին 20 տարիների ընթացքում, հիշատակման արարողությունները մշտապես նշվել են մարտին, հիմնականում՝ մարտի 18-ին: 2015-ին ապրիլի 24-ը՝ որպես Գալիպոլիի ճակատամարտի հիշատակման օր, ընտրվեց առաջին անգամ: ՀՀ նախագահի պատասխանը թուրքական հրավերին չուշացավ: Պաշտոնական նամակում Ս. Սարգսյանն Էրդողանին հիշեցնում էր Օսմանյան կայսրության զորքերի հայազգի հրետանավոր, կապիտան Սարգիս Թորոսյանի ճակատագիրը, ում ընտանիքը կոտորածների զոհ էր դարձել:

Ապրիլի 24-ին Թուրքիաում մեծ շուքով «տոնակատարություններ» կազմակերպելու նախաձեռնությունն ակնհայտ էր դարձնում դեռևս 2014-ին Էրդողանի կողմից Ցեղասպանության հարցում որդեգրված քարոզչական հնարքի կեղծությունը: Խոսքն Էրդողանի կողմից բարձրաձայնված «ընդհանուր ցավի» տեսության մասին է, որի շրջանակում Թուրքիայի ղեկավարը փորձում է նույն հարթության մեջ դիտարկել առաջին աշխարհամարտի տարիներին մահմեդականների՝ մասնավորապես թուրքերի կրած վնասներն ու հայերի կոտորածները: Հետագայում Թուրքիայի կողմից ձեռնարկված մի շարք գործողություններ ևս կապացուցեն, որ հայերիս նկատմամբ նման «ռևերանսները» զուտ քարոզչական նպատակներ են հետապնդում:

Հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից միաձայն ընդունվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, որը նախագահ Ս. Սարգսյանն ավելի ուշ հրապարակեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Փաստաթուղթը, հղում կատարելով 1919-1921թթ. Օսմանյան ռազմական արտակարգ ատյանների կողմից «Իրավական և մարդկային օրենքների դեմ» այդ ծանր ոճիրի ուղղությամբ կայացված դատավճիռներին՝ որպես եղելության իրավական գնահատականի, կոչ էր անում Թուրքիային ճանաչել Ցեղասպանության փաստը: Հռչակագիրը նաև «արտահայտեց Հայաստանի և հայ ժողովրդի միասնական կամքը Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու հարցում և նշեց, որ այդ նպատակով «մշակվում է իրավական պահանջների թղթածրար՝ դիտելով այն որպես անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ»:

Այս դրույթի հրապարակումը, ինչպես և Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում որդեգրված «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը տարաբնույթ մեկնաբանությունների դաշտ հանդիսացան՝ մտահոգություն առաջացնելով նաև Թուրքիայում: Մասնավորապես ինչպես թուրքական, այնպես էլ ադրբեջանական մամուլում հայտնվեցին հրապարակումներ այն մասին, թե Հայաստանը տարածքային պահանջներ է ներկայացնում Թուրքիային: ՀՀ նախագահը թուրքական «Հյուրիեթին» տված հարցազրույցում շտապեց հերքել դա: «Հայաստանի Հանրապետությունն իր անկախացումից ի վեր երբեք Թուրքիային կամ որևէ այլ երկրի տարածքային պահանջներ չի ներկայացրել: Մեր պետության արտաքին քաղաքական օրակարգում նման խնդիր չի եղել և չկա: ... Մենք միջազգային հանրության լիիրավ ու պատասխանատու անդամ ենք, ... հարգում ենք միջազգային իրավունքի սկզբունքները, նույնը, իմիջիայլոց, ակնկալելով նաև մեր արևմտյան հարևանից, որը մինչ օրս ապօրինաբար փակ է պահում մեր երկրի հետ սահմանը»,-հայտարարել էր Ս. Սարգսյանը:

Ինչպես նախորդ մի քանի տարիներին, այնպես էլ 2015-ի սկզբին ակնհայտ էր, որ Թուրքիանչի պատրաստվում վավերացնել 2009-ին կնքված հայ-թուրքական արձանագրությունները: Միաժամանակ ակնհայտ էր, որ փաստաթղթերի՝ Հայաստանի և Թուրքիայի խորհրդարաններում գտնվելու փաստը հնարավորություն էր տալիս Թուրքիային շահարկել այն՝ որոշ երկրներում Ցեղասպանության միջազգային ճանաչումը կասեցնելու նպատակով: Ուստի փետրվարի 16-ին ՀՀ նախագահը Ազգային ժողովից 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Հայաստան-Թուրքիա արձանագրությունները հետ կանչելու մասին որոշում կայացրեց՝ համապատասխան նամակ ուղղելով ՀՀ ԱԺ նախագահին: Ինչպես և ակնկալվում էր, այս քայլը դրական արձագանք ստացավ սփյուռքում, ինչպես նաև հայաստանյան շրջանակներում:

Ավելի ուշ ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը հայտարարեց, որ «արձանագրությունների ճարտարապետները փորձել էին միանգամից շատ բանի հասնել», ինչն էլ դրանց տապալման պատճառ դարձավ։ 

 Այս ամենի ֆոնին Թուրքիայի իշխանությունները 2015-ին շարունակում էին «կառուցողականություն» խաղալ հայկական հարցերում: Այն դրսևորվում էր երկու ուղղությամբ՝ անմիջականորեն պետական նախաձեռնությունների և Թուրքիայում Ցեղասպանության զոհերի ոգեկոչման հասարակական միջոցառումներին կոպտորեն չխոչընդոտելու տեսքով: Պաշտոնական նախաձեռնություններից էին ապրիլի 24-ին Էրդողանի և Դավութօղլուի՝ հայերին հղված ուղերձները, որոնցում նրանք, «կիսելով հայ համայնքի վիշտը», կրկին հայկական հարցը ներկայացնում էին առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության բոլոր հպատակների կրած տառապանքների համատեքստում: Թուրքիայի իշխանությունների կողմից Պոլսի Հայոց պատրիարքարանին ապրիլի 24-ին թույլատրվեց պատարագ մատուցել Սբ. Աստվածածնի հայկական եկեղեցում: Սակայն պատարագի ընթացքում այդպես էլ չհնչեց Ցեղասպանություն բառը, փոխարենը կրկին խոսվեց «համատեղ ցավի» մասին: Մինչ այդ՝ ապրիլի 23-ին, Պոլսո Հայոց պատրիարքարանը չէր մասնակցել նաև «100 զանգ» համահայկական ակցիային, որի ընթացքում Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում միաժամանակ ղողանջեցին զանգերը:

Հայկական հարցում կառուցողական երևալու համատեքստում դեռևս 2014-ին Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի գլխավոր խորհրդական էր նշանակվել հայազգի Էթյեն Մահչուփյանը: Վերջինս, 2015-ի մարտին ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, 1915-ի կոտորածներն անվանել էր Ցեղասպանություն: «Ինչպես երեկ ասացի, ինձ հայից ավելի օսմանցի եմ զգում։ Ես ազգայնական չեմ։ Սակայն 1915-ի ցեղասպանության մասին խոսելիս «Հայոց ցեղասպանություն» եմ ասում։ Ես մտածում եմ, որ դա ցեղասպանություն է եղել, քանի որ համապատասխանում է դրա բնորոշմանը»,- հայտարարել էր Մահչուփյանը։ Օրեր անց հայտնի դարձավ, որ Է. Մահչուփյանն ազատվել է Դավութօղլուի խորհրդականի պաշտոնից:

Ապրիլի 24-ին ընդառաջ Թուրքիայում ակնհայտ էր մտահոգությունը՝ կապված միջազգային մարմինների կողմից աճող ճնշման հետ, և շատ արդիական էր այդ ամենին Թուրքիայի արձագանքի հարցը: Այս համատեքստում իշխանություններն ընտրեցին հասարակական շրջանակներից բխող նախաձեռնություններին կոպիտ արձագանքից ձեռնպահ մնալու քաղաքականությունը: Ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններ տեղի ունեցան Ստամբուլում, Անկարայում, Բոդրումում, Իզմիրում և Դիարբեքիրում: Ստամբուլի կենտրոնական` Տաքսիմ հրապարակում հարյուրավոր մարդիկ, այդ թվում թուրք մտավորականներ, իրավապաշտպաններ էին հավաքվել և հայկական երաժշտության ներքո ծնկի իջնելով` հարգել 1.5 միլիոն հայ նահատակների հիշատակը: Միջոցառմանը մասնակցել էին նաև քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորներ: Միջոցառում էր կազմակերպվել նաև Ստամբուլի «Հայդար փաշա» երկաթուղային կայարանում, որտեղից էլ 1915-ի ապրիլի 24-ին արտաքսվել էին հայազգի հայտնի մտավորականները: Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մեկշաբաթյա միջոցառումների շարքում Ստամբուլում հրավիրվեց նաև Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով, որի կազմակերպիչներից էր Լոս Անջելեսում Կալիֆոռնիայի համալսարանի ժամանակակից հայոց պատմության ամբիոնը: 

2015-ին Թուրքիայում տեղի ունեցան կրկնակի խորհրդարանական ընտրություններ. Երկու քվեարկությունների արդյունքում էլ երեք հայ պատգամավորներ տեղեր զբաղեցրին Միլլի Մեջլիսում, վերջիններս ներկայացված էին իշխող «Արդարություն և զարգացում», քեմալական «Ժողովրդահանրապետական» և քրդամետ «Ժողովրդադեմոկրատական» կուսակցություններից: Մինչ այդ Թուրքիայի խորհրդարանում ներկայացված հայ պատգամավորը Բերք Սահակ Թուրանն էր եղել, որ օրենսդիրում աշխատել էր 1961-1964 թթ: 

Այս ամենի ֆոնին, սակայն, Թուրքիան շարունակում էր պայքարը ինչպես Ցեղասպանության միջազգային ճանաչմանը խոչընդոտելու, այնպես էլ միջազգային հանրության ուշադրությունը Ցեղասպանությունից շեղելու ուղղությամբ: Օրինակ՝ դեռևս տարեսկզբին հայտնի դարձավ, որ Թուրքիայի իշխանությունները կաշառել են Եգիպտոսի «Մուսուլման եղբայրներ»-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կահիրեում առկա փաստաթղթերը ոչնչացնելու համար: Թուրքական Demokrat Haber-ի փոխանցմամբ, այդ մասին Եգիպտոսի կառավարության նիստի ընթացքում հայտարարել էր «Ջիհադ» կուսակցության հիմնադիր շեյխ Նաբիլ Նաիմը: Նա տեղեկացրել էր, որ Եգիպտոսում գտնվող փաստաթղթերն այրելու համար Թուրքիան ավելի քան 1 միլիոն դոլար է վճարել: Կահիրեում լույս տեսնող «Վեթո» թերթի հրապարակած տեղեկության համաձայն՝ հրկիզված փաստաթղթերի թվում են եղել այնպիսիք, որոնց առկայության պարագայում Թուրքիան միջազգային դատարաններում կհայտնվեր դժվարին իրավիճակում՝ կապված Ցեղասպանության ճանաչման հետ:

Ավելի ուշ Դեր Զորում ռմբակոծման էր ենթարկվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված եկեղեցին: Այնուհետև հենց Թուրքիայում ներքաղաքական լարվածության և թուրք-քրդական բախումների ֆոնին արձանագրվեցին հարձակումներ հայկական եկեղեցիների նկատմամբ: Թուրք ուժայինների կողմից սեպտեմբերին Դիարբեքիրում հարձակման էր ենթարկվել հայ կաթոլիկ եկեղեցին, այնուհետև Մարդինում իրավապահները ներխուժել էին Սուրբ Գևորգ եկեղեցի:

Ցեղասպանության հարցում Թուրքիայի և Հայաստանի միջև անուղղակի առճակատման դաշտ էր նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում թուրք ազգայնական Դ. Փերինչեքի գործը: Թեև դատարանը վճիռը կայացրեց հօգուտ Փերինչեքի (ընդդեմ Շվեյցարիայի), այնուամենայնիվ Մեծ պալատն իր վճռով չեղարկեց ՄԻԵԴ ստորին պալատի՝ Ցեղասպանությանն առնչվող ձևակերպումները: Այս իմաստով իրավագետների կողմից վճիռը գնահատվեց Հայաստանի համար դրական, ով գործում ներգրավված էր որպես երրորդ կողմ, ինչպես և Թուրքիան: Հետաքրքրական է նաև, որ վերջինս, հանդես գալով ի պաշտպանություն Փերինչեքի, չի հերքում Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների փաստը: «Հայցորդը [Փերինչեքը] հարցականի տակ չի դրել կոտորածների և տեղահանությունների փաստը, պարզապես դեմ է հանդես եկել դրանք որպես ցեղասպանություն որակելուն», - նշված է թուրքական կողմի հայտում:

Թուրքիայի կողմից նման ձևակերպումը, ինչպես և տարվա ողջ ընթացքում հայկական հարցի նկատմամբ իշխանությունների կեցվածքը կրկին ընդգծում են այն փաստը, որ Ցեղասպանության հերքման ճանապարհին Անկարան փոխել է իր գործիքակազմը: «Իսկ ո՞ւր անհետացան Օսմանյան կայսրությունում ապրող 1,5 մլն հայերը» հարցին Անկարան այժմ առաջարկում է ուրույն պատասխան. «Նրանց մեծ մասը զոհվել է առաջին աշխարհամարտի զրկանքների հետևանքով, որոնք նաև բազում մահմեդականների մահվան պատճառ են դարձել», «կոտորածների կազմակերպման և իրականացման համար պետությունը պատասխանատու չէ»: Փաստորեն Թուրքիան, չհերքելով ակնհայտը, փորձում է հասնել նրան, որ միջազգային ատյաններում ջարդերը չստանան «ցեղասպանություն» իրավական որակումը՝ փորձելով ապացուցել, որ դրանք կազմակերպված չեն եղել պետականորեն: Ցավով պետք է նշել, որ մարտավարության այս փոփոխությունը Թուրքիային շատ ավելի ընկալելի է դարձնում միջազգային հանրության համար, քան նախկինում որդեգրված «ցեղասպանություն չի եղել» պարզ հերքումը: Մինչդեռ սրանով հանդերձ Թուրքիայի հակահայկական քաղաքականությունն իրականում որևէ փոփոխություն չի կրել:

Ցեղասպանության ճանաչումից ինչպես միջազգային հանրության, այնպես էլ հայերիս շեղելու նպատակն էր հետապնդում ղարաբաղյան ճակատում իրավիճակի սրումը, որում շատ փորձագետներ հակված են տեսնելու թուրքական հետքը: Թերևս պատահական չէ, որ հենց թուրքական զինատեսակներից են վերջին շրջանում գնդակոծվում հայաստանյան ու արցախյան գյուղերը, հենակետերը: Պատահական չէ նաև, որ թուրք գեներալների՝ Ադրբեջան այցելությունների հետ է զուգակցվում սահմաններին լարվածության աճը: Այս ամենի ֆոնին սպասելի և տրամաբանական է հնչում Դավութօղլուի հայտարարությունը. «Թուրքիան կաջակցի Ադրբեջանին մինչև ադրբեջանական հողերի լիակատար ազատագրումը»: 

Ամփոփելով կարելի է եզրակացնել, որ շարունակելով թշնամական ու հակահայկական քաղաքականությունը տարածաշրջանում Անկարան միջազգային հանրային կարծիքի ճնշման ներքո (ինչն արտահայտվեց մի շարք պետությունների և կառույցների կողմից Ցեղասպանության ճանաչման ակտերով) փոխում է քարոզչությունը հայկական հարցում: Սա կարող է նրան ընկալելի դարձնել միջազգային հանրության աչքերում, եթե համարժեք արձագանք չլինի հայկական կողմից: 

Միաժամանակ Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին բազմաթիվ թուրք մտավորականների և իրավապաշտպանների մասնակցությունը թուրք և հայ հասարակությունների (կամ առնվազն հասարակական որոշ շրջանակների) մակարդակով անկեղծ երկխոսության որոշակի հույս են ներշնչում: Թերևս հենց այս համատեքստում կարելի է հասկանալ ՀՀ Նախագահի խոսքերը, որոնք հնչեցին Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստին. «Այս ամենով հանդերձ, մենք թշնամանք չենք տածում թուրք ժողովրդի հանդեպ: Ավելին՝ փորձում ենք ստեղծել պայմաններ, որտեղ հայ և թուրք ժողովուրդները կկարողանան շփվել միմյանց հետ՝ գտնելու համար հաշտեցման ուղին»:

 

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: