ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպիսի՞ն էր 2015թ-ը Վրաստանի արտաքին քաղաքականության համար. ամփոփում

2015 թվականը Վրաստանի համար համեմատաբար բարդ և միևնույն ժամանակ հագեցած տարի էր: Հայաստանի հյուսիսային հարևանի թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական կյանքում արձանագրվեցին ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ որոշակի բարդություններ: Համառոտ անդրադառնանք, թե ինչպիսին էր 2015-ը Վրաստանի համար.

Արտաքին քաղաքականություն

2015թ-ին Վրաստանի արտաքին քաղաքականությունը բավական ակտիվ էր ինչպես ինտեգրացիոն գործընթացների, այնպես էլ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Ինչ վերաբերվում է Վրաստան-ԵՄ հարաբերություններին, ապա այս առումով պետք է նշել, որ առանցքային իրադարձություն էր մայիսին Ռիգայում կայացած ԱԼԳ գագաթաժողովը, որի եզրափակիչ փաստաթուղթն իր մեջ ամփոփում էր նաև Վրաստանի արձանագրած առաջընթացը և փոխգործակցության հեռանկարները: Հատկանշական է, որ օրերս ավարտվեց նաև Վրաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի վավերացման գործընթացը (Բելգիան վերջինն էր ԵՄ երկրներից, որ վավերացրեց այն), ինչը Թբիլիսիին թույլ կտա օգտվել համաձայնագրից բխող մի շարք հնարավորություններից:

Եվրաինտեգրման համատեքստում բավական լուրջ ձեռքբերում էր նաև վիզաների ազատականացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը: Դեկտեմբերին Եվրահանձնաժողովի կողմից կայացված որոշման համաձայն՝ Վրաստանը և Ուկրաինան պատրաստ են առանց վիզային ռեժիմի հաստատմանը և կստանան այն արդեն 2016թ-ի սկզբին:

Ի տարբերություն ԵՄ-Վրաստան հարբերություններին, որտեղ Թբիլիսին նշանակալի արդյունքներ է արձանագրել, Վրաստան-ՆԱՏՕ հարաբերություններում ցանկալի արդյունքների մասին խոսելու համար դեռ վաղ է: Վրաստան-ՆԱՏՕ փոխգործակցության տեսանկյունից 2015թ-ի նշանակալի իրադարձություն կարելի է համարել Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնի ստեղծումը, որը վրաստանի իշխանությունների կողմից դիտարկվում է «ավելի շատ ՆԱՏՕ Վրաստանում և ավելի շատ Վրաստան ՆԱՏՕ-ում» բանաձևի համատեքստում:

Տարվա երկրորդ կեսից տարբեր մակարդակի պաշտոնյաների կողմից սկսեցին հնչել ՆԱՏՕ-ին ուղղված կոչեր (որոշ դեպքերում՝ պահանջատիրական ոգով) կառույցին Վրաստանի անդամակցության հեռանկարի հետ կապված: Վրաստանի կողմից հայտարարություններն առավել ակտիվացան Մոնտենեգրոյին ՆԱՏՕ ընդունելու որոշմամբ պայմանավորված: Այս ամենը Վրաստանի թե՛ հանրային, թե՛ քաղաքական շրջանակներում, կարծես թե ձևավորվել են լուրջ ակնկալիքեր (որոնց իրատեսականությունն այլ քննարկման առարկա է) 2016թ-ին Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովից:

Բավական հետաքրքիր էին նաև ռուս-վրացական հարաբերություններում նկատվող զարգացումները: Չնայած հարաբերություններում նկատվող լարվածության պարբերական աճին և նվազմանը (սահմանային բաններների տեղաշարժի, ռուս-աբխազական, ռուս-հարավօսական ռազմական պայմանագրերի և այլ գործոններով պայմանավորված), ընդհանուր առմամբ հարաբերությունների կարգավորման դրական միտումը ողջ տարվա ընթացքում պահպանվեց: Կարասին-Աբաշիձե ֆորմատով ընթացող շփումների շնորհիվ կողմերին հաջողվեց համաձայնեցնել առևտրատնտեսական, հումանիտար մի շարք հարցեր: Այս առումով թերևս գլխավոր ձեռքբերումը հանդիսանում է դեկտեմբերին ՌԴ ԱԳՆ կողմից տարածած հայտարարությունը՝ Վրաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ, որը միևնույն ժամանակ չէր բացառում նաև դրա վերացումը:

 Հատկանշական է, որ տարվա կեսերից Վրաստանը սկսեց բավական մեծ հետաքրքրություն ցուցաբերել մեկ այլ՝ իրանական վեկտորի ուղղությամբ: Պատժամիջոցներից ազատվող Իրանին Թբիլիսին ընկալում է որպես բավական լուրջ և հարուստ պոտենցիալով գործընկեր, ներդրող, ինչի մասին է վկայում համատեղ տարբեր ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ հայտարարված պատրաստակամությունը: Այս առումով մեզ համար բավական կարևոր է այն հանգամանքը, որ վրաց-իրանական նախանշվող տարբեր էներգետիկ ծրագրերի համար հենց Հայաստանն է դիտարկվում որպես հիմնական տրանզիտային երկիր և այս ուղղությամբ արդեն իսկ իրականացվում են զգալի աշխատանքներ:

Հայաստան-Վրաստան հարաբերությունների զարգացման տեսանկյունից տարին բավական ակտիվ էր: 2015թ-ը երկկողմ փոխայցելությունների քանակով եթե ոչ աննախադեպ, ապա բավական հագեցած էր, ինչը թերևս պայմանավորված էր ընդհանուր շահերի հիման վրա հարաբերությունների խորացման երկուստեք քաղաքական կամքի առկայությամբ: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ թե՛ վրացական, թե՛ հայկական իշխանությունների կողմից առանձնահատուկ կարևորություն էր հատկացվում երկու երկրների ինտեգրացիոն գործընթացների արդյունքում ստեղծված հնարավորությունների օգտվելու խնդրին: Հետաքրքրական է նաև այն, որ մի շարք երկկողմ նախագծերից բացի կողմերը քայլեր են ձեռնարկում նաև բազմակողմ համագործակցության զարգացման ուղղությամբ՝ հաշվի առնելով երկու երկրների տրանզիտային պոտենցիալը: Ասվածի վառ դրսևորումներից է թերևս դեկտեմբերին էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ հուշագրի ստորագրումը Երևանում:

Ինչ վերաբերում է Վրաստան-Ադրբեջան, Վրաստան-Թուրքիա հարաբերություններին, ապա պետք է նշել, որ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցքի համատեքստում այդ հարաբերությունները կայուն զագացում են ապրել 2015թ-ին: Ավարտին է հասցվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը, որն արդեն հաջորդ տարի կհանձնվի կանոնավոր շահագործման: Հարկ է նշել սակայն, որ տարվա երկրորդ կեսին Վրաստան-Ադրբեջան հարաբերություններում որոշակի լարվածություն առաջացավ՝ պայմանավորված Վրաստանի գազային աղբյուրների դիվերսիֆիկացման որոշմամբ: Չցուցադրելով որևէ բացասական պահվածք, Բաքուն, այնուամենայնիվ, փորձում է խնդիրը կարգավորել քաղաքական կուլիսներում, քանզի կա հստակ գիտակցում, որ Վրաստանի գազային շուկայում մենաշնորհային դիրքի կորուստը կնշանակի նաև Թբիլիսիի նկատմամբ ազդեցության լծակների թուլացում:

Ամփոփելով 2015թ Վրաստանի արտաքին քաղաքականության հիմնական գծերը՝ կարող ենք նշել, որ ընդհանուր առմամբ տարվա ընթացքում պաշտոնական Թբիլիսին մի շարք ուղղություններով կարողացել է արդյունավետ և նախաձեռնողական քաղաքականության շնորհիվ լուծել իր առջև դրված խնդիրները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: