ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դաշնակցությունը կդառնա իշխող կոալիցիայի մաս

Դաշնակցությունը «սկզբունքորեն» ընդունել է իշխող կոալիցիայի մաս կազմելու ՀՀԿ առաջարկը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ հաստատելով, որ այդ հարցի շուրջ երկու օր առաջ բանակցություններ են տեղի ունեցել հանրապետության նախագահ և իշխող կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ: Մարգարյանն իր կուսկացության որոշումը բացատրել է նոր Սահմանադրությունն իրագործելու իրենց պատասխանատվությամբ: «Դաշնակցությունը մեծ պատասխանատվություն է վերցրել՝ համոզումով, հավատքով գնալով սահմանադրական փոփոխություններին: Եվ այսօր մենք չենք կարող պատասխանատվություն չկրել այդ առումով: Դրա համար մենք համաձայն ենք համագործակցության», - նշել է Հրանտ Մարգարյանը:

Մարգարյանի խոսքով՝ առայժմ դժվար է ասել, թե իշխանության հետ համագործակցությունն ինչ ձև կստանա, որովհետև դեռ գտնվում են «բանակցությունների նախնական փուլում»: «Եղել է առաջարկությունը, և մեզ համար սկզբունքորեն ընդունվել է, որ պետք է ունենանք համագործակցություն Սահմանադրությունը կյանքի վերածելու իմաստով: Բայց ուրիշ որևէ խոսակցություն առայժմ տեղի չի ունեցել»,- նշել է Մարգարյանը:

Հարկ է նշել, որ «Հրապարակ» թերթը, վկայակոչելով ՀՅԴ– ՀՀԿ բանակցություններից իրազեկ անձի, հայտնում է, որ բանակցությունները մեկնարկել են դեռ 2015 թվականի դեկտեմբերի 30-ին, հունվարի 8-ի կողմերը երկրորդ հանդիպումն է եղել, դրանից հետո՝ ևս 1-2-ը: «Նույնիսկ պահ է եղել, որ 99 տոկոսանոց որոշում են ընդունել, բայց ամեն անգամ ինչ-որ բան խանգարել է։ Բանն այն է, որ ՀՅԴ-ի պահանջներն ավելի մեծ են, քան նրանց առաջարկում են։ Նրանք երեք նախարարական, երեք մարզպետական պորտֆելների հավակնություն ունեն, ընդ որում՝ ազդեցության մեծ դաշտ ունեցող գերատեսչությունների, ինչպիսին տարածքային կառավարման նախարարությունն է», - գրում է թերթը:

Նշենք, որ լուրերը, որ Դաշնակցությունը կոլաիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ, շրջանառվում են այն օրվանից, երբ կուսակցությունը լքեց ընդդիմադիր քառյակը՝ պաշտպանելով նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները: Այդ ժամանակ արդեն պարզ էր, որ ՀՅԴ-ն որոշել է վերադառնալ 2009 թվականին Թուրքիայի հարցում Սերժ Սարգսյանի քաղաքականության պատճառով լքած իշխող կոալիցիա:

Կոլաիցիան 2009-ին լքելուց հետո Դաշնակցությունը շարունակաբար պնդում էր, որ իշխանության հետ համագործակցությունը հնարավոր է համարում այն դեպքում, երբ իրագործվեն  իշխանություններին առաջադրված 7 կետանոց պահանջը, որոնք են՝ հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրության հետ կանչելը, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցումը, կառավարման խորհրդարանական համակարգը, ընդդիմությանը վերահսկողության լծակների տրամադրումը, բիզնեսի և քաղաքականության հստակ տարանջատումը, դատական իշխանության լիարժեք անկախությունը, Հայաստանի և ԼՂՀ միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքումը և Սոցիալ-տնտեսական քաղաքականությունը։ Այս պահանջներից որոշների, այդ թվում՝ գլխավոր պահանջի՝ հայ-թուրքական արձանագրությունների մասով կատարված չեն, ինչի պատճառով  ՀՅԴ-ՀՀԿ բանակցությունները քննադատության են ենթարկվում։ Սակայն, ինչպես news.am-ի հետ զրույցում մանրամասնել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, 7 կետերի զգալի հատվածն իրականացվել է, իսկ հայ-թուրքական արձանագրություններն օրակարգից հանելը կարելի է իրացում համարել, քանի որ արձանագրությունների վերակենդանանացման որևէ նախանշան չկա։ Պատգամավորի կարծիքով՝ չիրագործված կետերը կարելի է կայնքի կոչել իշխանությունների հետ համագործակցության միջոցով:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն իշխող կուսակցության հետ կոալիցիա է կազմել 3-րդ և 4-րդ գումարման Ազգային ժողովներում: Սակայն, 2007 թվականին ձևավորված կոալիցիան լքել է 2009-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների պատճառով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: