ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հակահայկական բանաձևերը հակասում են ԵԽԽՎ-ի հռչակած սկզբունքներին

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում քննարկման դրված Ռ. Ուոլթերի և Մ.Մարկովիչի հեղինակած բանաձևերի նախագծերն, ըստ էության, իրենցից ներկայացնում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ քննարկումները մեկ այլ հարթակ, տվյալ դեպքում՝ ԵԽԽՎ տեղափոխելու փորձ: Սակայն, երրորդ երկրի շահերը սպասարկող այդ խորհրդարանականներն անգամ չեն գիտակցում, որ նման անարդյունավետ և ոչ կառուցողական մոտեցումը հակասում է անգամ ԵԽԽՎ-ի հռչակած սկզբունքներին:

Վերոնշյալ պատգամավորները մոռանում են նաև, որ 2001 թվականի հունվարին Եվրոպայի խորհրդին միանալիս Հայաստանն և Ադրբեջանը պարտավորվել են կիրառել միայն խաղաղ միջոցներ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Հենց ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը իր թիվ 221 (2000) և 222 (2000) Եզրակացություններում մատնանշում էր, որ «Հայաստանի և Ադրբեջանի անդամակցությունը կարող է օգնել վստահության մթնոլորտ հաստատել, որն անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար»: Սակայն, հակամարտության կողմերի միջև փոխվստահության ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների փոխարեն, այսօր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ներառված են մեղմ ասած ոչ օբյեկտիվ և բազում իրողություններ խեղաթյուրող բանաձևեր: Ավելին, առաջարկելով̦ ինչպես Ուոլթերն է ձևակերպում̦ «հայկական զինված ուժերի և մյուս անկանոն զինված ուժերի դուրս բերում Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներից, Ադրբեջանի լիակատար ինքնիշխանության հաստատում այդ տարածքներում»` բրիտանացի պատգամավորը լիովին խեղաթյուրում է 2001 թվականի հունվարին ԵԽ-ին անդամակցելիս Հայաստանի և Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները, քանզի ո՛չ այդ նույն խորհրդարանականները, ո՛չ ԵԽԽՎ-ն կամ որևէ այլ կառույց չեն կարող երաշխավորել, որ նման զարգացումը չի հանգեցնի հակամարտության նոր էսկալացիայի:

Մյուս կողմից, նման բանաձևերի նախագծերը ոչ մի կերպ չեն կարող նպաստել վստահության մթնոլորտի կառուցմանը: ԵԽԽՎ-ի հիմնական գործառույթը նման իրավիճակում պետք է լինի հակամարտության կողմերի՝ Արցախի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև ողջ տարածաշրջանում վստահության միջոցների կառուցմանն աջակցելը:

Եվ ԵԽ-ին անդամակցելիս այս հարցը բարձրացվել է Հայաստանի կողմից: Դեռևս 1999 թվականին ՀՀ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը հանդես եկավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հովանու ներքո Հարավկովկասյան հանրապետությունների խորհրդարանական համագործակցության հաստատման մասին նախաձեռնությամբ: 1999 թվականի մարտի 15-ին Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների նախագահները Ստրասբուրգում համատեղ հռչակագիր  ընդունեցին՝ հայտարարելով խորհրդարանական մակարդակում երկխոսության հաստատման մասին: Հարավկովկասյան հանրապետությունները լիահույս էին, որ ԵԽԽՎ-ի հովանու ներքո ստեղծվող այս ձևաչափը պետք է օգնի տարածաշրջանային համագործակցության զարգացմանը և վստահության մթնոլորտի ստեղծմանը: Ակնկալվում էր, որ ԵԽԽՎ-ն պետք է իր նպաստն ունենա ոչ վիճահարույց ոլորտներում տարածաշրջանային երկրների միջև համագործակցության հաստատմանը ոչ միայն բարձր մակարդակում, այլ նաև հասարակ քաղաքացիների շրջանում: Մինչդեռ քաղաքական կողմնակալ զեկույցների քննարկումը ոչ մի կերպ չի կարող ծառայել այս նպատակի իրագործմանը:

Մյուս կողմից, ԵԽԽՎ-ն իր փաստաթղթերում բազմիցս ընդգծել է, որ «Խորհրդարանական վեհաժողովը ԵԱՀԿ Մինսկի խումբը համարում է ամենաբարենպաստ ձևաչափը հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների համար»: Այս տեսանկյունից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ քննարկումների տեղափոխումը մեկ այլ հարթակ չի համապատասխանում նույն ԵԽԽՎ-ի հռչակած սկզբունքներին և սպառնում է խափանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: Այս հանգամանքը շեշտվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2015 թվականի նոյեմբերի 12-ի և 2016 թվականի հունվարի 22-ի հայտարարություններում:

Տվյալ բանաձերի նախագծերը սպառնում են ավելի ապակայունացնել իրավիճակը ողջ Հարավային Կովկասում, և այդ վտանգը պետք է հստակ գիտակցեն նաև ԵԽԽՎ-ում: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: