ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան շանտաժի է ենթարկում Մերկելին

EPA

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով նախօրեին մեկնել էր Թուրքիա՝ վերջինիս համոզելու կանխել դեպի Եվրոպա միգրանտների հոսքը, տուն է վերադարձել դատարկաձեռն, գրում է Politico թերթը:

Մերկելի՝ բոլոր միգրանտներին Եվրոպայում ընդունելու ծրագիրը հանգեցրել է լուրջ ճգնաժամի ոչ միայն Գերմանիայում, այլև ԵՄ-ում: Եվ այժմ գերմանացի քաղաքական գործիչների և Բրյուսելի քննադատությունից խուսափելու համար Մերկելը փորձում է ճգնաժամի կարգավորման ամենակարճ ուղին գտնել: Սիրիական հակամարտության սկզբից ավելի քան 2.5 մլն սիրիացի փախստական ընդունած Թուրքիան հանդիսանում է ԵՄ միգրացիոն ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ Մերկելի ծրագրի գլխավոր դերակատարը: Նոյեմբերի վերջին Մերկելի ակտիվ միջամտությամբ ԵՄ և Թուրքիան համաձայնության եկան միգրացիոն ճգնաժամի հաղթահարման գործողությունների համատեղ պլանի շուրջ, որի համաձայն՝ ԵՄ պարտավորվեց Թուրքիայի տարածքում միգրանտներին պահելու համար վերջինիս 3 մլրդ ֆինանսական օգնություն տրամադրել, վերսկսել ԵՄ անդամակցության բանակցությունները և Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմ մտցնել: Սակայն Մերկելի այս պլանի իրագործումն այդքան էլ հարթ չի ընթանում:

Եվրոպական որոշ երկրներ՝ հատկապես սահմանային Իտալիան և Հունաստանը, հայտարարում են, որ Անկարան անհրաժեշտ միջոցառումներ չի ձեռնարկում միգրանտների հոսքը կասեցնելու համար՝ հրաժարվելով Թուրքիային ֆինանսական օգնություն տրամադրել: Միևնույն ժամանակ, Անկարան իր այդ ծառայության համար պահանջում է ԵՄ-ից ավելի մեծ գումար՝ 5 մլրդ եվրո: Սակայն Գերմանիայի կանցլերի այս վերջին այցը Թուրքիա ցույց տվեց, որ Անկարայի միակ պահանջը ֆինանսական օգնությունը չէ:  

Անկարայում Մերկելը հայտարարեց, որ ինքը «սարսափած» է Սիրիայում ռուսական օդուժի ավիահարվածներից և պահանջեց դադարեցնել խաղաղ բնակչության դեմ ռուսական ավիահարվածները: Սակայն նույնիսկ նման հայտարարությունը չօգնեց Մերկելին Անկարայից գործնական երաշխիքներ ստանալ, որ Հալեպի պաշարման հետևանքով թուրք-սիրիական սահմանին կուտակված սիրիացի փախստականները չեն հայտնվի Եվրոպայում:

Այսպես, նախօրեին կայացած բանակցությունների արդյունքում Անկարան համաձայնել է համագործակցել գերմանական կամավորական կազմակերպությունների հետ միգրանտներին օգնելու հարցում և համաձայնություն է տվել համակարգել թուրքական ոստիկանության գործողությունները գերմանացի գործընկերների հետ՝ միգրանտների անօրինական տեղափոխման հարցով: Կողմերը նաև պայմանավորվել են Թուրքիայի և Հունաստանի ծովային սահմանին հսկողության համար օգտագործել ՆԱՏՕ-ի ուժերը: Սակայն այս նախագիծը դեռ գտնվում է քննարկման փուլում: 

Սա այն չէ, ինչ սպասում էին եվրոպայում: «Անկարա մշտական գործուղումները չեն փոխարինի ճգնաժամի հաղթահարման կառավարության ծրագրին, որը մինչ այժմ չկա», - հայտարարել է Եվրոխորհրդարանի փոխխոսնակ Ալեքսանդր Գրաֆ Լամբսֆորդը: Գերմանական մամուլը, շեշտելով, որ Մերկելը հոկտեմբերից այս կողմ արդեն վեց պաշտոնական հանդիպում է ունեցել Թուրքիայի ղեկավարության հետ, գրում է, որ Գերմանիայի կանցլերն ավելի հաճախ հանդիպում է Դավութօղլուի և էրդողանի հետ, քան՝ սեփական նախարարների: 

Թուրքիայի հանդեպ նման զիջողական ու մեղմ քաղաքականությունը եվրոպացի գործընկերների «սրտով չէ», քանի որ նրանք գիտակցում են, որ չափազանց մեծ գին են վճարում Թուրքիայի թերի մատուցվող «ծառայությունների» համար, իսկ այդ գնի հետևանքները կարող են ապագայում էլ ավելի մեծ լինել: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: