ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոլդովայում ցույցերը կարող են վերսկսվել (ՏԵՂԵԿԱՆՔ)

© www.activenews.ro

Մոլդովայում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու խորհրդարանում չներկայացված կուսակցությունները մտադիր են մոտ ապագայում հրավիրել «Քաղաքացիական երրորդ համաժողովը»՝ հետագա անելիքները որոշելու համար: Նրանց կարծիքով իշխանությունները շարունակում են անտեսել իրենց պահանջները և չեն գնում երկխոսության:

Հունվարին Մոլդովայում ծավալված ցույցերը գլխավորում էին «Արժանապատվություն և արդարություն» քաղաքացիական պլատֆորմը, Սոցիալիստների կուսակցությունը և  «Մեր կուսակցությունը»: Նրանք պահանջում էին անհապաղ իշխանափոխություն և մեղադրում իշխող էլիտային կաշառակերության և անօրինությունների մեջ: Հունվարի 24-ին ցույցերը դադարեցվել են՝ իշխանություններին ներկայացնելով 3 ամսյա վերջնաժամկետ և պահանջելով մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություն և արտահերթ ընտրություններ:

Մոլդովայում առաջացած  քաղաքական ճգնաժամի շարժառիթները հասկանալու համար անդրադառնանք առկա հիմնական տարաձայնություններին:

Ներկայումս հասարակության մեջ գերակշռում է երկու հիմնական մոտեցում՝ ռումինամետ (արևմտամետ) և ռուսամետ, ինչն էլ հանգեցնում է ներքին խռովությունների և քաղաքական բախման:

Խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական կուսակցությունների մի մասը հանդես է  գալիս արևմտամետ  դիրքորոշմամբ՝ հետամուտ լինելով եվրաինտեգրման գործընթացներին, նրանց մեջ բավական մեծ թիվ են կազմում նաև Ռումինիայի հետ միավորման ձգտող ուժերը:

Մոլդովայի արևմտամետ դիրքորոշում ունեցող հիմնական քաղաքական ուժերն են լիբերալ-դեմոկրատները, ժողովրդավարական կուսակցությունները:  Կոմունիստական կուսակցությունը նույնպես 2001թ.-ից հետո սկսել է ձգտել Եվրոպայի հետ սերտ համագործակցության:

Ըստ ռումինամետ ուժերի դիրքորոշման Մոլդովայի՝ Ռումինիայի հետ միավորմանն ուղղված գործողությունների ծրագրավորումը պետք  է համընկնի  «1918 թվականի Ռումինիայի մեծ միավորման» (Տրանսիլվանիայի, Բեսարաբիայի միավորումը Ռումինիային 1918 թ., ինչը թվում էր, թե պետք է նպաստեր մոլդովացիների և ռումինացիների ինտեգրմանը) 100-ամյա տարելիցին: 

Ըստ ռուսամետ դիրքորոշում ունեցող քաղաքական ուժերի, Մոլդովայի Հանրապետությունում տարիներ ընթացող խրոնիկ քաղաքական ճգնաժամը, ռումինական «անշլյուսի» (անեքսիա)  սպառնալիք է ռուսամետ տարածաշրջանների համար: Նրանք կարծում են, որ երկարատև քաղաքական ճգնաժամը ստեղծում է նախադրյալներ և  մեծացնում  ունիոնիստական (ռումինամետ) պետական հեղաշրջման հավանականությունը:

Մոլդովայի Սոցիալիստների կուսակցության առաջնորդ՝ Իգոր Դոդոնը մեկնաբանելով երկրում ընթացող վերջին զարգացումները նշում է, որ «Եվրոպայի արևելքում ՆԱՏՕ-ի ազդեցությունը մեծացնելու նպատակով, օվկիանոսից այն կողմ պլանավորում են Մոլդովայի Ռումինիային միավորման հարցը», փաստում է Actualitati.md-ն:

Ռումինիային միավորվելու գաղափարին դեմ հանդես եկած քաղաքական ուժերը՝ «Արժանապատվություն և արդարություն» քաղաքացիական պլատֆորմը, Սոցիալիստների կուսակցությունը և  «Մեր կուսակցությունը» կարևորում են գյուղատնտեսական արտադրանքների մեծագույն մասը Եվրասիական տարածաշրջանում սպառելու հնարավորությունները: Ի տարբերություն ռումինամետ քաղաքական ուժերի, նրանք կարծում են, որ Եվրասիական միությանն ինտեգրվելու  ծրագրերը չեն վտանգում Մոլդովայի Հանրապետության պետականությունը:  Դրա մեջ նրանք տեսնում են նաև  Գագաուզիայի, Մերձդնեստրի շուրջ հակասությունների կարգավորման բանալին, և տնտեսական ու մշակութային զարգացման հեռանկարների շուրջ միասնական դիրքորոշում ձևավորելու հնարավորությունը:

Բախման հիմքում էական դերակատարում ունի նաև Մերձդնեստրի հակամարտությունը (1992 թվականին բռնկվեց քաղաքացիական պատերազմ Մոլդովայի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության միջև, որը սկսվել էր դեռևս խորհրդային փուլում 1989-ին և սրվեց Մոլդովայի Հանրապետության անկախութան հռչակումից հետո՝ վերածվելով ռազմական բախումի): Դրանից ի վեր Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունն իրեն համարում է անկախ՝ լինելով չճանաչված Մոլդովայի և միջազգային հանրության կողմից:  Գերակայությունը տալով իր ազգային ինքնության պահպանմամը, Մերձդնեստրը դեմ է հանդես գալիս զարգացման արևմտյան ուղղությանը:

Ռուսամետ  տարածաշրջան է համարվում նաև են Գագաուզիան և Ուկրաինային սահմանակից ռուս և ուկրաինական էթնիկ կազմով տարածաշրջանները: Այստեղ զգալիորեն մեծ է Ռուսաստանի ազդեցությունը, ինչը պայմանավորված է աշխարհի տարբեր անկյուններում ապրող ռուս ժողովրդի շահերի պաշտպանության գերակայությամբ:

Ամփոփելով, կարեղ ենք ենթադրել, որ Մոլդովայի Ռումինիային միավորվելու դեպքում Մերձդնեստրի, Գագաուզիայի և այլ ռուսամետ տարածաշրջանների՝ որպես սուվերեն միավորների վերացման վտանգը կդառնա ակտուալ:

Բացի այդ, ներքաղաքական բախման առիթ է նաև արևմտամետ դիրքորոշում ունեցող ուժերի կոռումպացվածությունն ու բոլորովին վերջերս բյուջեից «անհետացած» հսկայական գումարները, ինչը պարարտ հող է ստեղծում ռուսամետ ուժերի ակտիվացման համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: