ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպական միության «գլխավոր դիվանագետը» Երևանում. ՀՀ-ԵՄ համագործակցության նոր շրջափուլ

europa.eu

Մարտի 1-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով առաջին անգամ Հայաստան կայցելի Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: Այլ կերպ ասած՝ Հայաստան է ժամանում Եվրամիության գլխավոր դիվանագետն ու կառավարության երկրորդ դեմքը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Նալբանդյանի հետ կայանալիք հանդիպումների ու բանակցությունների գլխավոր առարկան լինելու է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների նոր ձևաչափը:

Հիշեցնենք, որ 2013թ. աշնանը շուրջ չորս տարի տևած բանակցություններից հետո, երբ Հայաստանը հայտարարեց Մաքսային միության մաս կազմելու մասին, շատերին թվում էր, թե ՀՀ-ԵՄ հարաբերությունները կհայտնվեն խոր փակուղում և որևէ առաջընթաց ակնկալել իրատեսական չէ: Սակայն, դեպքերի բարեհաջող ընթացքն այլ բան նախանշեց և ապացուցեց, որ եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մաս հանդիսացող Հայաստանը Եվրոպայից հեռու չի կարող գտնվել:

Բանն այն է, որ երկու տարի անց` 2015թ. դեկտեմբերի 7-ին, Բրյուսելում ազդարարվեց Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը: Բանակցությունների առաջնահերթությունները ներառել են առևտրի ու ներդրումների ընդլայնման համար միջավայրի հետագա կատարելագործումը և ոլորտային համագործակցության ընդլայնումը:

«Ես հավատացած եմ, որ մենք այսօր նոր խոստումնալից էջ ենք բացում Հայաստան-Եվրոպական Միություն փոխշահավետ հարաբերություններում»,- դեկտեմբերյան հանդիպման ժամանակ բանակցությունների մեկնարկի կապակցությամբ իր խոսքում նշել է Նալբանդյանը՝ համոզմունք հայտնելով, որ հասունացել է պահն առաջ գնալու և մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը սկսելու համար:

Ֆեդերիկա Մոգերինին իր հերթին նշել էր, որ նոր համաձայնագրի հիմքում ընկած են լինելու Հայաստանի և ԵՄ-ի ընդհանուր արժեքներն ու հանձնառությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և օրենքի գերակայությանը: «Այն կստեղծի բարենպաստ պայմաններ` ամրապնդելու համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսին են էներգետիկան, տրանսպորտը և շրջակա միջավայրը, նոր հնարավորություններ` երկկողմ առևտրի և ներդրումների, ինչպես նաև տեղաշարժի ընդլայնման համար` ի շահ ԵՄ-ի և Հայաստանի քաղաքացիների»,- ասել էր Մոգերինին:

Եվրոպացի պաշտոնյաների հաճախակի դարձած այցելությունները Հայաստան վառ վկայություն դարձան, որ երկու կողմերի միջև իսկապես բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն է ընթանում: Նախորդ տարվա մարտ ամսին Հայաստան ժամանեց Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, հուլիս ամսին Երևանում էր գտնվում Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, իսկ այժմ՝ Ֆեդերիկա Մոգերինին:

Նման ներկայացուցչական այցերը, ՀՀ-ԵՄ համագործակցության այսպիսի բարձր մակարդակը հուշում են, թե ինչ հսկայական աշխատանք է կատարվում հայ և եվրոպացի դիվանագետների կողմից այս ուղղությամբ: Ուստի կարելի է միանշանակ հաստատել, որ նրանց մեծ աշխատանքի արդյունքում էր, որ Հայաստան-Եվրոպա համագործակցությունը չսառեց:

«Մենք շրջել ենք 2013թ. բոլոր անորոշությունների էջը։ Եվրոպական միությունը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է, մեր ժողովուրդների միջև հարաբերությունների պատմությունը սկսվում է դեռ անհիշելի ժամանակներից, և մենք ունենք ընդհանուր ռազմավարական հետաքրքրություն ձեր տարածաշրջանի կայունության հարցում», - հայտնել է Մոգերինին Մեդիամաքսին տված իր հարցազրույցում, - «Հայաստանի՝ տնտեսական, պատմական և միջազգային նկատառումներից ելնելով՝ փակուղուց դուրս գալը բոլորի շահերից էր բխում։ Այսպիսով, վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք ունեցել ենք խիտ ժամանակացույցով մի շարք հանդիպումներ, թե բազմակողմ՝ Արևելյան գործընկերության շրջանակներում, թե՛ երկկողմ ձևաչափով»։

«Ես տեսել եմ Հայաստանի հանձնառությունը՝ ամրապնդել համագործակցությունը ԵՄ-ի հետ Ռիգայում, և այնուհետ՝ Արևելյան գործընկերության շրջանակներում մեր բազմակողմ հանդիպումների և նոր համաձայնագրին ուղղված մեր երկկողմ աշխատանքային հանդիպումների ընթացքում։ ԵՄ-ն ունի նույն հանձնառությունը, և մենք տրամադրում ենք զգալի ֆինանսական և տեխնիկական աջակցություն, որն ուղղված է Հայաստանի քաղաքացիների կյանքի բարելավմանը», - հայտարարել է բարձրաստիճան դիվանագետն իր այցին ընդառաջ, - «Ուղերձը, որը ես կբերեմ Երևան, պարզ է. եկեք առաջ մղենք անցյալ տարվա ընթացքում թափ հավաքած ջանքերը և համատեղ կազմենք մեր հետագա համագործակցության դրական օրակարգը՝ մշտապես մտքում պահելով մեր փոխադարձ հետաքրքրությունները»։

Մնում է սպասել և տեսնել, թե Մոգերինիի մեկօրյա այցը մեր երկիր ինչ ազդեցություն կունենա Եվրոպական Միություն- Հայաստան հարաբերությունների ընթացքի վրա և  նախանշված օրակարգով շարժվելու դեպքում կհաջողվի արդյոք որևէ շոշափելի հաջողության հասնել և թեկուզ փոքրիկ, բայց հերթական առաջընթացը գրանցել:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: