ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսական գործոնը՝ թուրք-ուկրաինական դաշնակցության գլխավոր խթան

Official website of the President of Ukraine

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկօրյա այցով ժամանել է Թուրքիա: Նախօրեին Պորոշենկոն հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ: Կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը երկու երկրների միջև բեռնափոխադրության ոլորտում՝ կարևորելով «Ուկրաինայի և Թուրքիայի տարանցիկ ներուժի օգտագործումը ողջ ծավալով», - հայտնում է РИА Новости-ն: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայի և Թուրքիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքումը:

Ավելի ուշ կայացել է Պորոշենկոյի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Թուրքիայի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակով Ռազմավարական խորհրդրի 5-րդ նիստի ժամանակ քննարկվել է երկկողմ հարաբերությունների ողջ փաթեթը, համաձայնեցվել են ապագա համատեղ գործողությունները, հայտնում է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը: Կողմերը որոշում են կայացրել «ռուսական ագրեսիայի պայմաններում» խորացնել Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմավարական դաշնակցությունը, մասնավորապես` անվտանգության և պաշտպանության ոլորտում:

Թեև Ուկրաինայի նախագահը պնդում է, որ թուրք-ուկրաինական բանակցությունների գլխավոր բաղադրիչը տնտեսական թեմատիկան է, այնուամենայնիվ, ռուս-թուրքական խորացող տարաձայնությունների ֆոնին հատկապես հետաքրքրական է Անկարայի և Կիևի հարաբերությունների քաղաքական կողմը:

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մշտապես աջակցել է և շարունակելու է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, «երբեք չի ճանաչել Ղրիմի բռնակցումը և չի պատրաստվում դա անել»: Թուրքիայի նախագահը խոստացել է, որ իր երկիրը կկատարի Ուկրաինային 10 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրելու խոստումը՝ կոչ անելով միջազգային հանրությանը մեծացնել Ուկրաինային տրամադրվող աջակցությունը:

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ «Թուրքիան և Ուկրաինան համագործակցելու են միջազգային կազմակերպությունների շրջանակներում Ղրիմի օկուպացիան դադարեցնելու համար»: Պորոշենկոն նաև խոսել է «Ղրիմի ռուսական օկուպացիոն իշխանությունների կողմից թաթարների նկատմամբ ճնշումների և նրանց հիմնարար իրավունքների խախտումների» մասին: Vesti-ն հայտնում է նաև, որ Պորոշենկոն կոչ է արել Թուրքիայի խորհրդարանին 1944 թվականին Ղրիմի թաթարների տեղահանումը ճանաչել որպես ցեղասպանություն:  

Հատկանշական է, որ թուրք-ուկրաինական գործակցությունը հատկապես սկսեց խորանալ թուրքական ուժերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպից հետո, որի արդյունքում Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները խիստ լարված բնույթ ստացան: Մինչ այդ պաշտոնական Անկարան ամեն ինչ անում էր ուկրաինական ճգնաժամի ֆոնին ռուս-թուրքական հարաբերություններին վնաս չհասցնելու համար՝ չնայած հայտարարում էր, որ աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և հանդես է գալիս Ղրիմի թաթարների պաշտպանությամբ:

Իսկ հիմա Թուրքիան բալանսի պահպանման նման խնդիր չի դնում իր առջև: Ընդհակառակը՝ Ուկրաինան և Ղրիմի թաթարները դարձել են այն լծակներից մեկը, որն Անկարան ակտիվորեն օգտագործում է Մոսկվայի դեմ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: