ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բոնուսային մանդատներ՝ հաղթող կուսակցությանը. եվրոպական փորձ

«Արմեդիա» ՏՎԳ, հաշվի առնելով ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման փուլի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրվածությունը«Հայացք» վերլուծական կենտրոնի հետ սկսում է հոդվածների շարք, որտեղ կներկայացվեն հիմնական վիճելի դրույթները եվրոպական փորձի համատեքստում:

ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների ընթացքում առավել քննարկվող թեզերից մեկը, թերևս, բոնուսային մանդատների շնորհումն է:

 Ընտրական օրենսգրքի նախագիծը ենթադրում է լրացուցիչ մանդատների տրամադրում միաժամանակ երկու սկզբունքով՝ փոքրամասնությանը և մեծամասնությանը:

 Այսպես, եթե որևէ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք «ընտրության արդյունքով ստանում է մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը, սակայն 54 տոկոսից պակաս, ապա այդ կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) ստանում է այնքան լրացուցիչ մանդատներ, որ արդյունքում այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) մանդատների տոկոսի ամբողջ մասը հավասար լինի 54 տոկոսի»: Սա մեծամասնությանը տրվող լրացուցիչ մանդատներն են, որոնց նպատակը խորհրդարանական կայուն մեծամասնության ապահովումն է:

 Միաժամանակ ենթադրվում է լրացուցիչ մանդատների շնորհում նաև նվազագույն շեմը հաղթահարած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին, եթե հաղթող կուսակցությունը ստացել է մանդատների 2/3-ը: «Եթե որևէ կուսակցություն, կուսակցությունների դաշինք ընտրության արդյունքով ստանում է մանդատների ընդհանուր թվի 2/3-ից ավելին, ապա մյուս կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ստանում են այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որ արդյունքում նրանց մանդատների ընդհանուր թիվը լինի Ազգային ժողովի մանդատների ընդհանուր թվի 1/3-ը կամ ավելին»:

 Իշխանության ներկայացուցիչների կողմից մեծապես ընդգծվում է այն փաստը, որ բոնուսային մանդատների շնորհումը մեծամասնություն ստացած կուսակցությանը կամ դաշինքին արվում է կայուն մեծամասնություն ապահովելու համար, որն իր հերթին ապահովագրում է երկիրը ներքաղաքական ճգնաժամերից: Միաժամանակ ընդգծվում է, որ բոնուսային մանդատներ շնորհվում են ոչ միայն մեծամասնությանը, այլ նաև փոքրամասնություն կազմող ընդդիմադիր կուսակցություններին:

 Ընդդիմության ներկայացուցիչների պնդմամբ բոնուսային համակարգը կնպաստի քաղաքական մենաշնորհի ամրապնդմանը՝ ավելի լայն լիազորություններ տալով հաղթած ուժին, քանի որ ամրապնդում է 50+ հավաքած ուժի դիրքերը՝ վերացնելով այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության անհրաժեշտությունը: Բացի այդ՝ ցանկացած մանդատ շատ ավելի մեծ նշանակություն է ստանում օրինակ 2/3 ապահովելու անհրաժեշտությամբ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու դեպքում: Վերջիվերջո, հավելյալ մանդատների շնորհումը նրանց կողմից որակվում է որպես ժողովրդի կամքին հակառակ դրսևորում (չստացված ձայների արհեստական շնորհում):

 Բոնուսային մանդատների համակարգերը հազվադեպ են կիրառվում ազգային մակարդակով: Ազգային խորհրդարանական ընտրությունների ժամանակ դրանք կիրառվում են Հունաստանում, Սան Մարինոյում և Իտալիայում, իսկ Ֆրանսիայում՝ տեղական ընտրությունների ժամանակ:

  Իտալիայում բոնուսային համակարգը կամ «մեծամասնության մրցանակը», սկսել է կիրառվել դեռևս 1923թ.-ից: 2005թ.-ից այն վերահաստատվել է ըստ «Կալդերոլիի օրենքի»: Այն ենթադրում էր քվեարկություն փակ համամասնական ցուցակներով և բոնուսային մանդատների շնորհում ձայների մեծամասնությունը ստացած կուսակցություններին՝ խորհրդարանում նրանց բացարձակ մեծամասնությունն ապահովելու համար: Միաժամանակ սահմանվում էին բավական բարդ պայմաններ՝ վերաբերող անցումային շեմին և խորհրդարանի երկու պալատներին: 2013թ.-ին այս օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական են ճանաչվել Իտալիայի սահմանադրական դատարանի կողմից:

2015թ. մայիսի 6-ից սկսել է գործել նոր օրենք՝ «Իտալիկումը»: Վերջինիս համաձայն՝ բոնուսային մանդատների համակարգը գործում է քվեների 40 տոկոսը ստացած կուսակցությունների համար և սահմանված է 55 տոկոս: Այսինքն՝ 40 տոկոսից ավելի ձայներ հավաքած կուսակցությանը տրամադրվում է մանդատների 55 տոկոսը Ներկայացուցիչների պալատում: Եթե երկու կուսակցություն է հավաքում 40 տոկոսից ավելին, առավել շատ ձայներ ստացած կուսակցությանն են շնորհվում բոնուսային մանդատները և նրանց նկատմամբ գործում է միություն կազմելու արգելք:

 Սան Մարինոյի խորհրդարանում հաղթող կուսակցությունը կամ դաշինքը ստանում է ձայների 58 տոկոսը, իսկ բոնուսային տեղերը լրացվում են խորհրդարանում ամենաքիչ ձայներ հավաքած կուսակցությունների մանդատների հաշվին:

 Հունաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվում են մեկ փուլով՝ վարկանիշային համամասնությամբ՝ մեծամասնական բոնուսային համակարգով: Խորհրդարանի 300 մանդատներից 250-ը բաշխվում են համամասնական կարգով 3 տոկոսանոց շեմը հաղթահարած կուսակցությունների մեջ: Մյուս 50 տեղերն անցնում են առաջին տեղը զբաղեցրած կուսակցությանը՝ որպես բոնուս:

 Ֆրանսիայում մեծամասնության բոնուսային համակարգը կիրառվել է դեռևս 1986թ.-ից ՏԻՄ խորհուրդների ընտրություններում: Այնտեղ այն կրում է «համամասնական համակարգ՝ մեծամասնական բոնուսով» անվանումը: Ընտրություններն անցկացվում են երկու փուլով՝ կուսակցական ցուցակներով: Եթե կուսակցություններից մեկը ստանում է ձայների մեծամասնությունը, այն ինքնաբերաբար ստանում է խորհրդի մանդատների 25 տոկոսը: Մյուս մանդատները համամասնորեն բաշխվում են 5 տոկոսանոց շեմը հաղթահարած կուսակցությունների միջև՝ ներառյալ հաղթող կուսակցությունը: Եթե կուսակցություններից ոչ մեկը չի ստանում ձայների մեծամասնությունը, 10 տոկոսանոց շեմն անցած կուսակցությունների մասնակցությամբ անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ: Երկրորդ փուլում մանդատները բաշխվում են նույն սկզբունքով՝ ձայների մեծամասնություն ստացած կուսակցությունը ստանում է տեղերի 25 տոկոսը, մյուս ձայները բաշխվում են շեմն անցած կուսակցությունների մեջ: Այս համակարգում բոնուսը հստակ սահմանված է՝ մանդատների 25 տոկոսի չափով:

Ընդհանուր առմամբ, բոնուսային մանդատների շնորհումը հաղթող կուսակցությանը բավական քիչ օգտագործվող գործիք է, որն ուղղված է ձայների մեծամասնությունը հավաքող կուսակցության կամ դաշինքի դիրքերն ամրապնդելուն և խորհրդարանում կայուն մեծամասնություն ձևավորելուն: Դրա շուրջ մշտապես ծագում են հակասություններ, և հատկապես այդ սկզբունքին դեմ են հանդես գալիս փոքր կուսակցությունները: ՀՀ Ընտրական օրենսգրքում փոքր կուսակցությունների համար առաջացող ռիսկերը նվազեցնելու համար սահմանվել է նաև քիչ ձայներ հավաքած կուսակցություններին լրացուցիչ մանդատներ շնորհելու մեխանիզմը, որը մեծամասնությանը բոնուսներ հատկացնող վերոնշյալ երկրներում չի կիրառվում: Փաստացի, սա լրացուցիչ գործիք է, ընդդիմության, փոքր կուսակցությունները դիրքերը խորհրդարանում ուժեղացնելու համար: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: