ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղյան քառօրյա պատերազմն ու թուրքական հաշվարկները

ԼՂՀ սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմը նոր իրադրություն հաստատեց տարածաշրջանում՝ ստիպելով անհրաժեշտ ռազմավարություն մշակել ստեղծված իրավիճակից բխող մարտահրավերներին դիմագրավելու և ընձեռնվող հնարավորություններից օգտվելու համար: Նման խնդրի առջև հայտնվեց նաև Թուրքիան, որի օրինակի դիտարկումը հատկապես հետաքրքրական է՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ նրա «եղբայրական կապերն» ու մեր տարածաշրջանում ունեցած շահերը:

Ինչպե՞ս Թուրքիան արձագանքեց ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի հարձակողական գործողություններին: Ի՞նչ դրդապատճառներ են ընկած թուրքական դիրքորոշման հիմքում: Ի՞նչ շահեց կամ ի՞նչ կորցրեց Թուրքիան այս ամենի արդյունքում: Փորձենք գտնել այս հարցերի պատասխանները:

Թուրքիայի ներգրավվածությունն Ադրբեջանի գործողություններում դրսոևորվեց ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ձևով:

Վերջին օրերին թուրքական իշխանությունները բոլոր հնարավոր մակարդակներով իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին «եղբայրական Ադրբեջանին»: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և այլ գործիչներ ջանք չեն խնայում Ադրբեջանին վստահեցնելու համար, որ «Թուրքիան մինչև վերջ ուս ուսի կանգնած է մնալու Ադրբեջանի կողքին»: Ավելին, Թուրքիան ամեն ջանք գործադրում է Ադրբեջանին ոգևորելու համար շարունակել զինված ոտնձգությունները: «Մինչև չազատագրվեն օկուպացիայի տակ գտնվող ադրբեջանական հողերը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղը, մենք` որպես 78 միլիոն քաղաքացի, շարունակելու ենք կանգնած մնալ Ադրբեջանի կողքին», - բացահայտ հայտարարում է Թուրքիայի վարչապետը:

Ինչ վերաբերվում է Թուրքիայի կողմից Ադրբեջանին տրամադրվող ուղղակի աջակցությանն, ապա գաղտնիք չէ, որ Անկարան զինտեխնիկա և կադրեր է տրամադրում Բաքվին: Ադրբեջանական ուժերի շարքերում առկա են թուրքական բանակի սպաներ, հրահանգիչներ: Ավելին՝ որոշ տեղեկություններ կան թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակեպության զինյալների մասնակցության մասին:

Սակայն, սա դեռ ամենը չէ: ԼՂՀ որոշ պաշտոնյաներ նշում են, որ ադրբեջանական ուժերի շարքում քիչ թիվ չեն կազմում նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերում կռված ադրբեջանցի, թուրք և այլազգի զինյալները: Միայն Սիրիայում ԻՊ-ի շարքերում կռված ադրբեջանցիների թիվը գերազանցում է 2500-ը: Եվ վստահաբար կարելի է պնդել, որ Թուրքիան և Ադրբեջանը նրանց ակտիվորեն ներգրավել են ԼՂՀ-ի դեմ մարտական գործողություններում: Այս վարձկան ահաբեկիչները վայրագություններ են իրականացրել անգամ Արցախի սահմանակից ադրբեջանական գյուղերում՝ թալանելով և բռնության ենթարկելով տեղի ադրբեջանական բնակչությանը:

Հատկանշական է, որ անգամ ապրիլի 5-ի զինադադարի հաստատումից հետո էլ Թուրքիան շարունակում է իր քաղաքական գիծը՝ անտեսելով միջազգային հանրության կոչերը, որոնք ընդգծում են առանձին «արտաքին խաղացողների» փորձերը կանխելու անհրաժեշտությունը: Ավելին, թուրքական իշխանությունների կողմից Ադրբեջանին սատարելու մասին հայտարարությունները որքան գնում, այնքան ավելի «սրտառուչ ու ոգևորող» են դառնում:

Սա, իհարկե, պետք է դիտարկել Ադրբեջանին իր ազդեցության գոտում պահելու անհրաժեշտության, այլ ոչ թե միայն Թուրքիայի և Ադրբեջանի «եղբայրական կապերի կամ ազգային ընդհանրության» համատեքստում: Թուրքիան բոլոր հնարավոր միջոցներով փորձում է կանխել տարածաշրջանային մյուս խաղացողների՝ այս դեպքում Ռուսաստանի՝ Ադրբեջանի վրա ունեցած ազդեցության մեծացումը: Ընդ որում, սա պայմանավորված է ոչ միայն աշխարահաքաղաքական ներկա զարգացումներով, այլ նաև Ադրբեջանին թյուրքախոս ուժերի շարքում պահելու անհրաժեշտությամբ՝ ավելի լայն համատեքստում: Իսկ այս խնդիրը հատկապես ԽՍՀՄ-ի փլուզումից և Ադրբեջանի անկախացումից ի վեր կարևոր տեղ է զբաղեցնում թուրքական քաղաքական օրակարգում:

Ձգտելով Ադրբեջանին պահել իր ազդեցության գոտում՝ Անկարան նաև մի շարք այլ խնդիրներ է լուծում: Մասնավորապես, թուրքական իշխանություններին մոտ գտնվող լրատվամիջոցները սկսել են լուրեր տարածել, թե իբր Քրդստանի աշխատավորական կուսակցությունն (PKK) աջակցում է հայկական կողմին՝ այդ թվում նաև զինյալներ ուղարկելով Ղարաբաղ: Նման ապատեղեկատվությամբ Անկարան միանգամից երկու խնդիր է լուծում: Առաջին, արդարացնում է քրդերի դեմ տարվող ռազմական գործողությունները՝ ընդգծելով դրանց տարածման վտանգը: Եվ երկրորդ, PKK-ի հետ համագործակցության մեջ անուղղակի մեղադրանք է ներկայացնում Ռուսաստանին, քանի որ գաղտնիք չէ, որ հայ-թուրքական սահմանը հսկվում է ռուսական զորքերի կողմից:

Իհարկե, այս գործելաոճի արդյունքում Թուրքիան նաև զրկվում է որոշ նկրտումների իրականացման հեռանկարներից: Մասնավորապես, Ադրբեջանն ու Թուրքիան հատկապես վերջին շրջանում ջանք չէին խնայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը փոխելու և Թուրքիային դրանում ներառելու անհրաժեշտությունը միջազգային հանրությանը ցույց տալու համար՝ սա բացատրելով հավասարակշռության պահպանման անհրաժեշտությամբ: Եթե մինչ այժմ այս ջանքերը հաջողելու թեկուզև փոքր հնարավորություն ունեին, ապա այժմ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ուժերի և առհասարակ ողջ միջազգային հանրության համար ակնհայտ դարձավ, որ նման ապակառուցողական մեթոդներով առաջնորդվող երկրի ներգրավումը Մինսկի խմբի համանախագահների շարքում ուղղակի անթույլատրելի է:

Ստացվում է, որ ձգտելով Ադրբեջանին պահել իր ազդեցության գոտում՝ Թուրքիան զոհաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարքում հայտնվելու հեռանկարը: Փոխարենն Անկարայում կարող էին շարժվել ավելի պրագմատիկ ճանապարհով: Ի վերջո, եթե անգամ Ադրբեջանը ռուսական ազդեցության մեծացման արդյունքում հայտնվի ԵԱՏՄ-ում կամ ՀԱՊԿ-ում, ապա Բաքուն կարող է դառնալ հենց Անկարայի շահերը ներկայացնողն այս կազմակերպություններում: Չէ՞ որ պատմության մեջ դրա նախադեպն արդեն կա: Նույն Խորհրդային Միության կազմում Ադրբեջանի առկայությունը ծառայում էր նաև Թուրքիայի շահերին:

Թուրքական իշխանությունների հաշվարկը կարող է ճիշտ դուրս չգալ: Եթե հետագա զարգացումները գնան ոչ այն հունով, որ Անկարան է նախատեսում, ապա Թուրքիան կարող է զրկվել ոչ միայն Մինսկի խմբի համանախագահության մեջ ներառվելու հեռանկարից, այլ նաև Ադրբեջանին իր ազդեցության գոտում պահելուց: Այս դեպքում, ամենևին չի բացառվում, որ թուրքական իշխանությունների ռազմավարության այսօրինակ տապալումը երկրում անգամ իշխանափոխության պատճառ դառնա: Իսկ Թուրքիայում ռազմական հեղաշրջումների փորձն արդեն վաղուց լավ սերտել են:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: