ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախն անվտանգության լրացուցիչ երաշխիքների կարիք ունի

Ապրիլյան քառօրյա պատերազմը ևս մեկ անգամ հաստատեց, որ միջազգային հանրության հավասարակշռված, հստակ չհասցեագրված կոչերը բավարար չեն ռազմական հռետորաբանություն կիրառող ադրբեջանական իշխանություններին զսպելու համար: Պատերազմի արհավիրքները չտեսած Իլհամ Ալիևի համար  տարաբնույթ դիվերսիաները և անգամ ռազմական ագրեսիան սոսկ խաղ է՝ անկախ սեփական զոհերի և զինտեխնիկայի կորուստերի քանակից: Նման մեղմ ասած «անկանխատեսելի» հարևան ունենալն ավելի քան լրջագույն սպառնալիք է՝ առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության ֆիզիկակական անվտանգության համար:

Ստեղծված իրավիճակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն անհրաժեշտ են անվտանգության լրացուցիչ երաշխիքներ: Թերևս հենց այս հրամայականի գիտակցումը հանգեցրեց նրան, որ Ալիևի ապրիլյան արկածախնդրությունից հետո Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ բարձրաձայնեց ՀՀ-ԼՂՀ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքման անհրաժեշտության մասին: Այս առնչությամբ նախագահը մասնավորապես հայտարարել է. «Անհրաժեշտ է պայմանագրի տեքստն ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել և ուղարկել Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետությունը լիարժեքորեն կատարելու է իր պարտականությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման առումով, և մենք նաև ունենք դրա իրավաբանական իրավունքը, որովհետև ինքներս հանդիսանում ենք 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագրի կողմ»: Հատկանշական է, որ իրավական հիմնավորման անհրաժեշտությունը ևս տվյալ դեպքում բավական կարևոր է, քանզի առաջին հերթին այն առավել ընկալելի է դարձնում միջազգային հանրության համար նման նախաձեռնությունը, ինչպես նաև հստակ ազդանշան է, որ զինադադարի պայմանագրի միջնորդի կամ նույն միջազգային հանրության ցուցաբերած անգործությամբ է պայմանավորված նման որոշումը:

Ինչ վերաբերում է ՀՀ-ԼՂՀ ռազմական փոխօգնության պայմանագրի բովանդակությանը, ապա տրամաբանական է, որ այն, անկախ ԼՂՀ չճանաչվածությունից, պետք է ենթադրի համապատասխան կետ, որի համաձայն կողմերից որևէ մեկի վրա հարձակումը նշանակում է հարձակում նաև մյուսի վրա: Այն, որ տվյալ ռազմական փոխօգնության պայմանագիրն իրավիճակ է փոխում, առավել քան ակնհայտ է, սակայն դրանով բավարարվելը ևս անթույլատրելի է:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության լրացուցիչ երաշխիքների խնդիրը չպետք է միայն դիտարկել ՀՀ-ԼՂՀ հարաբերությունների համատեքստում: Այս առումով թերևս ամենանպատակահարմար տարբերակը կարող էր լինել հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից Արցախի բնակչությանն անվտանգության երաշխիքների տրամադրումը՝ մինչև հակամարտության կարգավորումը, ինչն, անշուշտ, Ադրբեջանի համար կփակեր հակամարտության խաղաղ կարգավորումից ռազմականի անցման բոլոր ուղիները:

Ավելին՝ ԼՂՀ անվտանգության լրացուցիչ երաշխիք կարող է հանդիսանալ նաև նրա անկախության ճանաչումը տարբեր պետությունների, առանձին միավորների կողմից: Փորձը ցույց է տալիս, որ հենց ԼՂՀ անկախությունը ճանաչած միավորներն են հանդիսանում նրա դեմ ադրբեջանական ագրեսիայի բարձրաձայնման հիմնական կենտրոնները, ուստի այդ շարքում ՄԱԿ անդամ երկրների առկայությունն առավել քան ցանկալի է: Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչմանը, ապա պետք է նշել, որ այդ խնդիրը միշտ էլ եղել է հայկական քաղաքական օրակարգում: Հայաստանի կողմից ԼՂՀ անկախությունը չճանաչելը զիջում է՝ բանակցային գործընթացի կառուցողական բնույթը պահպանելու նպատակով, սակայն, ինչպես ապրիլի 4-ին, ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «եթե ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: Անշուշտ, ռազմական փոխօգնության պայմանագրից հետո ԼՂՀ անկախության ճանաչումը հանդիսանում է ԼՂՀ անվտանգության լրացուցիչ երաշխիքներ ապահովող հաջորդ լուրջ քայլը, որն, անհրաժեշտության դեպքում, անկասկած կիրականացվի:

ԼՂՀ անվտանգության լրացուցիչ երաշխիքների շարքում անհրաժեշտ է դիտարկել նաև հակամարտության կարգավորման գործընթացում միջազգային հանրության առավել լայն ներգրավվածությունը, խոսքը տվյալ դեպքում վերաբերում է, մասնավորապես, միջազգային տարբեր կազմակերպությունների, առաջին հերթին՝ ԵԱՀԿ (կամ Մինսկի խմբի համանախագահների) արցախյան ներկայացուցչություն հիմնելու անհրաժեշտությանը: Միջազգային կառույցները պետք է զբաղվեն ինչպես այն հումանիտար խնդիրների հաղթահարմամբ, որոնք ստեղծվել են ԼՂՀ չճանաչվածության պատճառով, մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների պաշտպանությամբ, այնպես էլ սահմանային տարբեր միջադեպերի, հրադադարի ռեժիմի խախտումների դեպքերի քննությամբ: 

Այն, որ քառօրյա պատերազմն ապացուցեց, որ Արցախի անվտագության գլխավոր երաշխավորը հայ զինվորն է, որևէ կասկած չկա, սակայն, լրացուցիչ անվտանգության երաշխիքների ճիշտ կիրառումը ոչ միայն կարող է կանխել ռազմական ագրեսիայի կրկնության հավանականությունը, այլ նաև նպաստել տարածաշրջանում ընդհանուր կայունության ամրապնդմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: