ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բանակցային գործընթացի մոնոպոլիզացումը կարող է վտանգներ պարունակել

Ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան հարցականի տակ դրեց առանց այդ էլ փակուղում հայտնված կարգավորման բանակցային գործընթացը: Այսօր Ադրբեջանի՝ 1994թ. հրադադարի համաձայնագրից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություններն էլ ավելի մեծ հարված են հասցնում արդեն ոչ միայն բանակցային գործընթացին, այլ ողջ տարածաշրջանի անվտանգությանը:

Այս գործընթացում հատուկ ակտիվություն է ցուցաբերում Ռուսաստանի Դաշնությունը, որը միջնորդություն իրականացրեց ապրիլյան ռազմական գործողությունների դադարեցման համար և մի շարք ակտիվ փոխայցելությունների միջոցով փորձ է անում բանակցային սեղանի շուրջ նստեցնել կողմերին և հասնել պայմանավորվածությունների ձեռքբերման: Լայն շրջանառում ստացավ այսպես կոչված «Լարովյան պլանի» մասին տեղեկատվությունը, քննարկվում էին բանակցային սեղանին դրված «Մադրիդյան սկզբունքների» տարբեր ձևափոխված տարբերակներ կամ առանձին դրույթներ: Բոլորի համար ակնհայտ է, որ ռուսական համանախագահությունը բանակցային գործընթացում արդյունք ստանալու հերթական փորձն է անում, ինչպես դա արել է 2010-2011թթ.:

Տրամաբանական է, որ Ռուսաստանն այս դեպքում միանձնյա չի գործում և ունի ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համաձայնությունը, որոնք ևս պարբերաբար նախկինում փորձել են հանդես գալ հիմնական նախաձեռնողի դերում: Դրանով է բացատրվում նաև այն, որ «Լավրովի պլանն», ըստ էության, «Մադրիդյան սկզբունքների» նոր շարադրանք է՝ որոշ փոփոխություններով, իսկ Լավրովն իր խոսքում մշտապես հղում է կատարում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին ու համատեղ պայմանավորվածություններին: Այս կերպ փորձ է արվում միաժամանակ ապահովելով մյուսների համաձայնությունը՝ առաջ մղել սեփական խաղն ու սեփական շահերը:

Սակայն, անկախ նրանից, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Լավրովի՝ Երևանում արած հայտարարությունն էլ հայերից շատերի «սրտով էր»՝ բանակցային գործընթացի մոնոպոլիզացիան համանախագահներից որևէ մեկի կողմից չի բխում հակամարտության կողմերի՝ այդ թվում նաև Հայաստանի և ԼՂՀ-ի շահերից:

Լինի դա Ռուսաստանը, ԱՄՆ-ը, թե Ֆրանսիան, բանակցային գործընթացի միանձնյա կառավարումը նշանակելու է չբալանսավորված լծակների կիրառում, սեփական շահերի առաջ մղում, ինչպես նաև սեփական կանոնների թելադրանք: Պատահական չէ, որ ընտրվել է եռանախագահության ձևաչափը, որում ներկայացվել են երեք երկրներ երեք ուժային կենտրոններից: Այդ կերպ փորձ է արվել ապահովել ուժերի բալանսավորումը և ներդնել որոշակի ներքին զսպան մեխանիզմներ: Շատ դեպքերում միջնորդների միջև պայմանավորվածություններից և շահերի բախումից կամ համընկնումից է կախված լինում հակամարտության կարգավորման ելքը կամ առնվազն՝ կողմերի նկատմամբ իրականացվող քաղաքականությունը: 

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման տեսակետից՝ կարևոր է ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների միջև կառուցողական համագործակցությունը, համաձայնեցված գործելաոճն ու փոխադարձ զսպումների առկայությունը: Հակառակ պարագայում՝ հակամարտության կողմերը կարող են հայտնվել ծանր իրավիճակում, և խաղաղություն հաստատելու համար ստեղծված ձևաչափը կարող է նոր պատերազմի պատճառ դառնալ: Ուստի, հակամարատության կողմերի շահերից է բխում նաև գործընթացի մոնոպոլիզացիա թույլ չտալն ու բոլոր համանախագահների ներգրավումն ապահովելը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: