ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Շուշիում կա մի յուրօրինակ էներգիա, մի ձգող ուժ, որը չի թողնում հեռանալ…»

Մեր քաջ որդիների արյան և կյանքի գնով ազատագրված Շուշին այսօր կանգնած է որպես անառիկ ամրոց և այնտեղ մեծանում են իրենց հայրերի գործը շարունակող նոր սերունդներ, ովքեր չեն կարող իրենց կյանքը պատկերացնել հայրենի քաղաքից դուրս, քանի որ ինչպես իրենք են փաստում «այս քաղաքում կա մի յուրօրինակ էներգիա, մի ձգող ուժ, որը չի թողնում հեռանալ»:

 «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Շուշիում ծնված և ներկայումս Շուշիում բնակվող 20-ամյա Կրիստինա Խաչատուրյանի և քսանմեկամյա Մարիամ Անդրեասյանի հետ՝ պարզելու, թե ինչ խորհուրդ ունի Մայիսի 9-ը երիտասարդ շուշեցիների համար և ինչպես են նրանք տոնում հաղթանակի օրը:

 

- Ի՞նչ խորհուրդ ունի Շուշիի ազատագրումը Ձեզ համար:

- Առաջին հերթին ես շատ հպարտ եմ, որ շուշեցի եմ, ծնվել, ապրում եմ այստեղ և հույսով եմ, որ միշտ էլ այստեղ կապրեմ` փորձելով իմ հնարավորությունների սահմաններում նպաստել իմ հարազատ քաղաքի բարգավաճմանը: Այս քաղաքում կա մի յուրօրինակ էներգիա, մի ձգող ուժ, որը չի թողնում հեռանալ: Ամեն անգամ, երբ բացակայում եմ իմ քաղաքից, ամենաուշը 3-4 օրից սկսում եմ կարոտել: Ինձ միշտ հարցնում են. «Ի՞նչն ես կարոտում»: Պատասխանում եմ. «Ամեն ինչը, որովհետև այս քաղաքի ամեն մի անկյուն, փողոց, ամեն մի քար շատ հարազատ է, դժվար է նկարագրել այդ զգացողությունը»:

Ես շատ շնորհակալ եմ մեր զինվորներին, հրամանատարներին, գլուխ եմ խոնարհում նահատակված հերոսների շիրիմների առաջ. նրանց անմահ գործի շնորհիվ այսօր իմ Շուշին ազատագրված է, և մենք կարողանում ենք հանգիստ ապրել մեր բերդաքաղաքում:

 

- Ինչպե՞ս եք նշում մայիսի 9-ը Շուշիում:

 - Եռատոնը Շուշիում միշտ շատ ուրախ ու հետաքրքիր է անցնում: Արդեն 6-րդ տարին է, ինչ ես իմ ընկերների հետ մայիսի 9-ին առավոտյան ոտքով իջնում եմ Շուշիի «Տանկ» հուշարձանի մոտ ծաղիկներ դնելու, հետո նորից ոտքով բարձրանում քաղաք: Մեզ համար դա արդեն ավանդույթ է դարձել: Այնուհետև հասնելով քաղաք` մասնակցում ենք անցկացվող բոլոր միջոցառումներին: Այդ օրը միշտ էլ շատ յուրահատուկ ու հետաքրքիր է անցնում բոլորիս համար:

 

- Ի՞նչ կմաղթեք Ձեր հայրենի քաղաքին:

 - Առաջին հերթին խաղաղ երկինք, նորանոր հաջողություններ: Ուզում եմ տեսնել իմ քաղաքն ավելի բարեկարգ: Ուզում եմ, որ այն երբեք չկորցնի իր կոլորիտային տեսքը: Թո՛ղ անհետանան պատերազմի հետքերը, թո՛ղ Շուշին լինի ավելի մարդաշատ: Տա՛ Աստված, որ մեր հայոց հինավուրց քաղաք Շուշիում հար ու հավետ ղողանջեն Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց և Սբ. Հովհ. Մկրտիչ եկեղեցիների հայախոս զանգերը:

  

Իր հերթի Շուշիում բնակվող քսանմեկամյա Մարիամ Անդրեասյանը տոնի վերաբերյալ իր պատկերացումներն արտահայտեց հետևյալ կարճ, բայց  խորիմաստ մի քանի նախադասությամբ:

- Շուշիի ազատագրումը հայոց վերածննդի սկիզբն էր: Սեփական ուժերին հավատալու, հզոր հայրենիք ստեղծելու կարևոր ռազմավարական և հոգեբանական հաղթանակ: Այս հաղթանակը մեզ օգնեց վերականգնել արդարությունը և հավատով լցվել ապագայի նկատմամբ:  Ցանկանում եմ, որ խաղաղ երկնքում մեր քաղաքը ծաղկի ու բարգավաճի, քաղաքում միշտ լսվի մանկական ճիչ , երիտասարդների խինդ ու ծիծաղ:

 

 Մեր Արցախին խաղաղություն և շնորհավոր բոլորիս Հաղթանակի օրը:


այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: