ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Եվրատեսիլ 2016»-ում քաղաքականությունը բոլորից լավ էր երգում

Օրերս տեղի ունեցած «Եվրատեսիլ 2016»-ը դարձավ ամենասկանդալայինն ու ամենաքննարկվածը մրցույթի ողջ պատմության ընթացքում: Կազմակերպիչները, իրենց իսկ պնդմամբ, փորձել էին ամեն ինչ անել, որպեսզի այս տարվա Եվրատեսիլն ապաքաղաքական և զուտ մշակութային բնույթ կրի, սակայն համաշխարհային քաղաքականությանը միևնույն է չէր հաջողվել շրջանցելշ, եթե չասենք, որ հենց նույն քաղաքականությունն էր հաղթել «Եվրատեսիլում»:

Բրիտանական հեղինակավոր BBC-ի կայքը մասնավորապես նշել էր, որ Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալայի հաղթանակը շատ հակասական զգացողություն է առաջացնում: «Իհարկե մի կողմից դժվար է ժխտել երգչուհու վոկալային տվյալները, բայց միևնույն ժամանակ, դժվար է աչք փակել այս ակնհայտ քաղաքական հաղթանակի վրա: Իսկ նմանատիպ երգերը կարծես թե չեն թույլատրվում «Եվրատեսիլում»», - գրել է BBC-ն:

Համենայն դեպս, եվրոպական հեռարձակողների միությունն արդարացել է, թե իբր Ջամալայի հեղինակած «1944»-ը բացառություն է, քանի որ հիմնված է պատմական փաստերի վրա, և ոչ թե ընթացիկ իրադարձությունների: Ըստ մրցույթի կազմակերպիչների՝ Ջամալան  երգում է իր իսկ ընտանիքի ողբերգական պատմության մասին՝ թե ինչպես են իր տատիկն ու պապիկը մահացել աքսորում: Բանն այն է, որ երգը նվիրված է Մեծ Հայրենական պատերազմի տարիներին Ղրիմի թաթարների արտաքսմանը ռուսների կողմից:

Սակայն հարց է առաջանում. եթե պատմական փաստերը կարող են բացառություն համարվել, ապա ինչո՞ւ նախորդ տարի հայերին չէր թույլատրվել բաց տեքստով երգել 1915 թվականին թուրքերի կողմից իրականացված Ցեղասպանության մասին: Եվ միայն բազմաթիվ փոփոխություններից, ընդհուպ մինչև վերնագրի կտրուկ փոփոխությունից հետո, Geneology խումբը կարողացել էր ներկայանալ «Եվրատեսիլին»:

Մինչդեռ Ջամալան անգամ խոստովանել էր, որ բացի պատմությունից, երգը գրել իրեն դրդել էր 2014 թվականին Ղրիմում կատարվածը:

«Իմ երգը վերաբերվում է նաև 2014 թվականի իրադարձություններին: Եթե հաղթեմ, կնշանակի, որ ժամանակակից Եվրոպան անտարբեր չէ և պատրաստ է լսել դիմացինի ցավի մասին: Ես պարզապես չէի կարողանա բեմ բարձրանալ և ինչ-որ «բարի» երգ երգել, երբ իմ հայրենիքն արդեն երկու տարի է այս վիճակում է»,- ասել է Ջամալան:

Ուշագրավ է, որ այս կապակցությամբ մեկ այլ բրիտանական «The Guardian» պարբերականի նոր համարը լույս է տեսել «Լսո՞ւմ ես, Պուտի՛ն» սկանդալային վերնագրով և դրան կցած Ջամալայի լուսանկարով:

Այսպիսով, Եվրոպան որոշեց պատժել Մոսկվային՝ հաղթանակը տրամադրելով Ղրիմը և Դոնբասի մի մասը ռուսների պատճառով կորցրած Ուկրաինային: Ստացվում է՝ Եվրոպան փորձեց փոխհատուցել Կիևին՝ Մոսկվայի դեմ պատժամիջոցներ կիրառելով նաև շոու-բիզնեսի ոլորտում…

Իր հերթին Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն Ջամալայի հաղթանակից անմիջապես հետո հայտարարեց, որ Ռուսաստանի մշակույթի գործիչները, որոնք ներառված են Ուկրաինայի «սև ցուցակում», չեն կարող ելույթ ունենալ հաջորդ տարվա «Եվրատեսիլ- 2017» երգի միջազգային մրցույթում։

Քաղաքական գործչի խոսքով՝ մրցույթին կարող են մասնակցել միայն այն երգիչները, որոնք «հասկանում են, որ Ղրիմի բռնազավթումն ու Դոնբասի մի մասի շրջափակումը» հանցագործություն է եղել:

Գերաշչենկոն հայտարարել է նաև, որ խոչընդոտ չի տեսնում այն կատարողների համար, ովքեր «աջակցություն չեն հայտնում Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությանը», չեն վիրավորում Ուկրաինայի ազգային արժանապատվությունը:

Ինչևէ, այս տարվա «Եվրատեսիլում» քաղաքականությունը միայն Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունների համատեքստում չէր, որ ակնհայտորեն երևում էր: Ուշագրավ կերպով աչքի էին ընկնում նաև Ռուսաստանի արտաքին շահերն ու մոտեցումները:

Մասնավորապես, ՌԴ ժյուրիի քվեարկությունը լիովին համապատասխանում էր մեր տարածաշրջանում պաշտոնական Մոսկվայի կողմից վարվող քաղաքականությանը: Ռազմավարական գործընկերոջը՝ Հայաստանին, տալիս են 12՝ ամենաբարձր միավորը, իսկ բիզնես գործընկեր Ադրբեջանին՝ 10 միավոր:

Մինչդեռ, մեր դաշնակից Վրաստանի ու գործընկեր Բելառուսի պրոֆեսիոնալ ժյուրին այդպես էլ նպատակահարմար չգտավ մեզ գոնե 1 միավոր շնորհել:

Այնուամենայնիվ, որքան էլ որ անարդար կամ շահադիտական թվան այս տարվա մրցույթի արդյունքները, միամտություն կլիներ կարծելը, թե միջազգային նման լայնամասշտաբ մրցույթն այսպիսի լարված ժամանակներում կարող էր հեռու մնալ քաղաքական ինտրիգներից և խուսափել աշխարհաքաղաքական ներկայիս իրողություններից:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: