ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 522,8 դրամ ԱՐԾԱԹ - 283,15 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 789,74 դրամ

Էրդողանի կարծիքով բոլորն իրենց սեփական «ցեղասպան պատմությունն» ընդունելու խնդիր ունեն՝ բացի Թուրքիայից

IHA Photo

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գործում է իրեն բնորոշ ոճով: Հայոց ցեղասպանությունը ճանաչող յուրաքանչյուր պետության Էրդողանը, որպես կանոն, կոչ է անում նախ առերեսվել սեփական «ցեղասպան պատմությանը»: Հունիսի 2-ին Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Գերմանիան և Եվրամիությունը հայտնվել են թուրքական ղեկավարության նշանակետում:

Թուրքիայի նախագահի կարծիքով Գերմանիան «վերջին երկիրն է, որը կարող է ցեղասպանության հարցով մեղադրանքներ հնչեցնել»: Էրդողանը Բեռլինին հիշեցրել է «վառարաններում այրված հրեաների» և «100 հազար սպանված նամիբիացիների մասին»: Ավելին՝ Էրդողանի կարծիքով «արևմտյան մայրաքաղաքների՝ Բեռլինի, Փարիզի, Բրյուսելի ողջ շքեղությունը ձեռք է բերվել միլիոնավոր աֆրիկացիների կյանքի և արյան հաշվին»:

Թուրքական ղեկավարության համար սա բավական սպասված արձագանք է: 2011 թվականին, երբ Ֆրանսիայի Ազգային ժողովը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունեց, թուրքական իշխանությունները նույն կերպ ֆրանսիացիներին մեղադրեցին Ալժիրում ցեղասպանություն իրականացնելու մեջ: Գրեթե նույն տրամաբանությամբ Անկարան Միացյալ Նահանգներին մեղադրում է Ամերիկայի բնիկ բնակչության ոչնչացման մեջ ամեն անգամ, երբ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ որևէ բանաձև է քննարկվում կամ հերթական ամերիկյան նահանգը ճանաչում է հայոց ցեղասպանությունը:

Ողջ աշխարհին «պատմության սխալների» համար մեղադրող Թուրքիայում մոռանում են, որ, օրինակ, նույն Գերմանիան վաղուց ճանաչել է Հոլոքոստը: Ինչ վերաբերվում է Նամիբիայի դեպքերին, ապա 2004 թվականին Գերմանիայի զարգացման նախարարը կոտորածների 100-րդ տարելիցի կապակցությամբ այցելեց Նամիբիա և հայտարարեց, որ «100 տարի առաջ տեղի ունեցած վայրագությունները ցեղասպանություն էին, և գերմանացիներն ընդունում են իրենց պատմական և բարոյական պատասխանատվությունն ու մեղքը»՝ ներողություն խնդրելով գերմանական կառավարության անունից: Իսկ 2015 թվականին Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը, դատապարտելով 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանությունը՝ միաժամանակ նշեց, որ «Նամիբիայում տեղի ունեցածը ևս ցեղասպանություն էր»: Սա նշանակում է, որ Թուրքիայի նախագահի նման մեղադրանքները Գերմանիայի հասցեին առնվազն անտրամաբանական են՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Գերմանիան ևս իր մեղքի բաժինն ունի Հայոց ցեղասպանության հարցում և այս բանաձևի ընդունմամբ ստանձնում է իր պատասխանատվությունը:

Սակայն սա դեռ ամենը չէ: Անկարայում դժգոհ են նաև, որ Հայկական հարցը քաղաքականացվում է և որպես գործիք, իսկ երբեմն էլ որպես մտրակ է օգտագործվում Թուրքիայի դեմ: Իրականում Թուրքիան հենց ինքն է քաղաքականացնում Հայոց ցեղասպանության ճանաչումը (միաժամանակ դրանում մեղադրելով ողջ աշխարհին)՝ հրաժարվելով ընդունել, որ խնդրի քաղաքականացումից կարելի է խուսափել միայն պատմությանն իրապես առերեսվելու պարագայում: Սա նաև ազգային ուժի դրսևորում է, որ 101 տարի անց թուրքական իշխանությունները՝ ի տարբերություն թուրք ժողովրդի մի զգալի հատվածի, հրաժարվում են անել:

Իհարկե, թուրքական ղեկավարության ագրեսիվ հայտարարությունները որոշակի բացասական ազդեցություն կունենան թուրք-գերմանական (ինչպես նաև Թուրքիա-ԵՄ) հարաբերությունների վրա, բայց հաշվի առնելով դրանց քաղաքական և տնտեսական կարևորությունը՝ դժվար թե Թուրքիան համարձակվի հայտարարություններից ու մեղադրանքներից անցնել պրակտիկ գործողությունների: Կողմերը հավանաբար շուտով կվերադառնան իրենց օրակարգին՝ փախստականներ, մուտքի արտոնագրի դյուրացում և այլն:  

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 35%
Քամի՝ 6 կմ/ժ
23 C°
 
21°  33° 
08.07.2020
21°  33° 
09.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: