ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրք իրավապաշտպան. Թուրքիայում հայերի համար վտանգն ավելանում է, երբ «ազգային» ճգնաժամ է սկսվում (ԲԱՑԱՌԻԿ)

arfd.info

«Գերմանիայի Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ճանաչումը ռասիստական տրամադրություններ առաջացրեց գերմանացիների և հայերի նկատմամբ», - «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում նշել է մարդու իրավունքների պաշտպան, Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանության ասոցիացիայի Խտրականության և ռասիզմի դեմ հանձնաժողովի անդամ Այշե Գյունայսուն՝ անդրադառնալով հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայի ներսում տիրող տրամադրություններին:

Իրավապաշտպանի պնդմամբ, Ցեղասպանության ժխտումը ոչ միայն երկրի իշխանությունների կողմից տարվող քաղաքականություն է, այլև տարածված է հասարակության շրջանում՝ «չնայած ճնշող մեծամասնության համեմատությամբ կան նաև մի խումբ ազնիվ մարդիկ»:

«Ցեղասպանության ժխտումն ուղեկցվում է խիստ ազգայնական զանգվածների կողմից հայերի դեմ դրսևորվող ռասիզմով, իսկ հասարակության մյուս հատվածը՝ այսպես կոչված «դիտորդի կարգավիճակում գտնվողները», չափազանց հանդուրժող վերաբերմունք են ցուցաբերում այս ռասիզմի նկատմամբ: Օրինակ, Բունդեսթագի որոշման օրը Գերմանիայի հյուպատոսարանի դիմաց հավաքվել էր մի ամբոխ, որը բղավում էր. «Ամենալավ հայը մահացած հայն է»: Ո´չ ոստիկանությունը, ո´չ էլ իշխանությունները չմիջամտեցին կամ չդատապարտեցին այս բառերը», - նշել է Գյունայսուն:

Անդրադառնալով Բունդեսթագի որոշումից հետո Թուրքիայում ապրող հայերի նկատմամբ հնարավոր ճնշումներին՝ իրավապաշտպանը նշել է, որ հայերը Թուրքիայում միշտ էլ վտանգի տակ են եղել, բայց այդ վտանգն ավելանում է, երբ «ազգային» ճգնաժամ է սկսվում: Նա ընդգծում է, որ հայերը համայնքը ներկայացնող պաշտոնապես ճանաչված մարմին չունեն:

«Նույնիսկ Հայոց պատրիարքարանը չունի իրավաբանական կարգավիճակ: Կարո՞ղ եք պատկերացնել Ցեղասպանությունը վերապրածների սերունդների կյանքն այս երկրում, որտեղ ժխտում են Ցեղասպանությունը: Նրանց կյանքն ամենուր հակահայկականությամբ է լի՝ դպրոցներ, աշխատավայրեր, փողոցներ, ամենուր: Ինչպես արդեն նշեցի, այսպիսի ժամանակներում (խմբ.՝Բունդեսթագի քվեարկությունից հետո) ատելության մթնոլորտն ավելի է ուժեղանում, ինչն էլ հայերի մոտ վտանգի մեջ լինելու զգացողությունն ավելի է մեծացնում: Այսօր նման իրավիճակ է: Մենք՝ մարդու իրավունքների պաշտպաններս, անզոր ենք նման պարագաներում: Լավագույնը, որ կարող ենք անել՝ իրազեկվածության բարձրացումն ու քաղ. հասարակությանը գործողության մղելն է: Սա այն ամենն է, ինչ մենք կարող ենք անել», - իր խոսքն ամփոփել է Գյունայսուն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: