ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 395 դրամ +0,13 EUR - 411 դրամ +2,11 RUB - 6 դրամ -0,49 GBP - 480 դրամ +6,39
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիային հակահարված տալու փոխարեն՝ Էրդողանը հիշեց Թուրքիայի հայությանը

Գերմանական Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ակնհայտ է, որ չէր կարող մնալ անարձագանք Թուրքիայի կողմից: Այդ արձագանքը դրսևորվեց թուրքական կողմից տարբեր մակարդակներով հնչող թե՛ հայտարարությունների, թե՛ սպառնալիքների տեսքով: Սակայն, մինչ օրս, փաստացի, Գերմանիայի դեմ արված միակ քայլը ունի ֆորմալ դիվանագիտական բնույթ, այն է՝ Գերմանիայում Թուրքիայի դեսպանին խորհրդակցությունների նպատակով Անկարա կանչելը: Հարկ է նշել, որ անգամ այս դիվանագիտական քայլը շատերը մեղմ են գնահատում, քանզի, օրինակ, Ֆրանսիայի կողմից Ցեղասպանության հերքումը քրեականացնող բանաձևի ընդունումից հետո Անկարան մեկ աստիճանով (ժամանակավոր հավատարմատարների մակարդակ) իջեցրեց դիվանագիտական հարաբերությունները: Այս առումով, կարծես, իրականություն են դառնում այն կանխատեսումները, թե Անկարան, ելնելով իր պրագմատիկ հաշվարկներից, թուրք-գերմանական հարաբերություններում չի ստեղծի ճգնաժամային իրավիճակ և իր հակաքայլերի համար կփորձի գտնել այլ գործիքներ:

Եթե Գերմանիայի հետ հարաբերություններում առկա տնտեսական և այլ շահերն Էրդողանի համար զսպող գործոն են հանդիսանում, ապա խնդրի հետ կապված սեփական երկրում հասանելի հնարավոր «գործիքներից» օգտվելու հարցում որևէ սահմանափակում նրա համար չկա: Այս առումով կարելի է առանձնացնել երկու հիմնական գործոն՝ Թուրքիայի հայկական համայնքն՝ իր ավանդական կառույցներով, և Թուրքիայում անօրինական կերպով բնակվող Հայաստանի քաղաքացիները: Այսպես, Էրդողանն արդեն հասցրել է հերթական անգամ բոլորին հիշեցնել Թուրքիայում բնակվող հայերի գործոնը՝ սպառնալով նրանց արտաքսել: Անօրինական հայ ներգաղթյալների առկայության փաստը, դարձել է Էրդողանի կարևոր գործիքներից մեկը, որին նա պարբերաբար դիմում է՝ անգամ ուշադրություն չդարձնելով այն հանգամանքին, որ ամեն անգամ հայ ներգաղթյալների տարբեր թվեր է ներկայացնում:  

Մյուս գործոնը Թուրքիայի հայկական համայնքն է՝ իր կառույցներով, որոնք գտնվում են իշխանությունների մշտական ճնշման տակ: Այս ճնշման դրսևորման թերևս ամենավառ օրինակը դարձավ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի նամակը՝ ուղղված Էրդողանին, որում հեղինակը, խոսելով համայնքի անունից, ափսոսանք է հայտնում Բունդեսթագի կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հետ կապված: Որևէ մեկի համար թերևս գաղտնիք չէ, որ այդ նամակը պատրաստվել է իշխանությունների պատվերով և խնդիր ունի ներկայացնել, թե, իբր, հայության շրջանում Բունդեսթագի որոշումը միասնական արձագանք չի գտել: Իրականում, այդ նամակը Թուրքիայի հայկական համայնքի (ինչպես նաև մյուս ազգային և մասնավորապես՝ կրոնական փոքրամասնությունների) բավական բարդ վիճակի դրսևորումն է և ոչ այլ ինչ, քան համայնքի անվտանգության ապահովմանն ուղղված քայլ: Ցեղասպանության արհավիրքներից փրկված Թուրքիայի հայության ժառանգների մի մասն արդեն շուրջ հարյուր տարի ապրում է խտրականության, ճնշումների պայմաններում, վախի մթնոլորտում (որոշ չափով բացառություն է Ստամբուլը, որը համեմատաբար եվրոպականացված է): Անգամ այսօր՝ 21-րդ դարում, Թուրքիայի քաղաքացի հանդիսացող հայը չի կարող համարձակ խոսել իր ազգության մասին:

Այսպիսիով, Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված թուրքական իշխանությունները իրենց հիմնական պատասխան քայլերը կազմակերպելիս գերադասեցին ոչ թե ուղղակի հարված հասցնել թուրք-գերմանական հարաբերություններին, այլ կիրառել ավելի «անվնաս» գործիք՝ Թուրքիայի հայկական գործոնը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մառախուղ
Խոնավություն՝ 87%
Քամի՝ 0,51 կմ/ժ
7 C°
 
10°   
02.12.2022
   
03.12.2022
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ կստորագրվի արդյոք խաղաղության պայմանագիր մինչև 2022 թվականի ավարտը։