ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրականում ինչո՞ւ Եվրամիությունը հետաձգեց Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկումը

© AFP 2016/ VANO SHLAMOV

Օրերս հայտնի դարձավ,  որ Եվրամիության անդամ երկրներն այդպես էլ միասնական որոշման չեն կարողացել գալ ԵՄ հետ Վրաստանի վիզային ռեժիմի չեղարկման խնդրի հետ կապված: Հատկանշական է,  որ ըստ որոշ աղբյուրների՝ որոշումն արգելափակողների շարքում են եղել Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան: Ավելին, որպես արգելափակման պատճառ՝ եվրոպական մամուլում շրջանառության մեջ դրվեց վրացական հանցավոր խմբերի խնդիրը,  ինչը վերլուծական շրջանակների կողմից լուրջ չընկալվեց:

ԵՄ կողմից վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ որոշման քննարկման հետաձգումը մինչև սեպտեմբեր վրացական հանրային շրջանակներում առաջացրեց որոշակի հիասթափություն, քանզի մինչ այդ թե՛ իշխանությունները, թե՛ նրանց որոշ եվրոպական գործընկերներ տվել էին բազում հավաստիացումներ, թե շուտով Վրաստանի քաղաքացիները կկարողանան անխոչընդոտ մուտք գործել ԵՄ տարածք: Սակայն սպասումները չարդարացան, իրավիճակին համապատասխան՝ փոխվեց նաև իշխանությունների բառակազմը, իսկ ԵՄ կողմից նման վերաբերմունքի իրական պատճառների մասին քննարկումները դարձան բավական ակտուալ:

Նախ և առաջ պետք է արձանագրել, որ ԵՄ կողմից նման որոշման ընդունումն այս կամ այն գործոնով բացատրելը հազիվ թե կարելի է համարել օբյեկտիվ: Ըստ էության, մենք գործ ունենք գործոնների համախմբի հետ, այլ հարց է, թե որ գործոնն ինչ ազդեցություն է ունեցել այդ գործընթացում: Անդրադառնանք դրանցից մի քանիսին:

Նախ՝ վիզային ռեժիմի ազատականացման հարցում Բրյուսելը չի կարող անտեսել Եվրոպայում աննախադեպ տեմպերի հասած միգրացիոն ճգնաժամը, որը, բնականաբար, իր բացասական ազդեցություն է գործել նաև շարքային եվրոպացու (քվեարկողի) հանրային ընկալումներում: Նույն այդ եվրոպացու համար, ով խորամուխ չի եղել ԵՄ-ի և գործընկեր երկրների միջև տարաբնույթ համագործակցության ձևաչափերի և դրանց հնարավորությունների մեջ, այդքան էլ ընկալելի չէ, որ ստեղծված բարդ իրավիճակում ավելանում է այն երկրների թիվը, ում քաղաքացիներին անխոչընդոտ ԵՄ այցելելու իրավունք է տրամադրվում: Այս գործոնը թերևս գիտակցում են թե՛ ԵՄ, թե՛ առանձին եվրոպական երկրների ղեկավարները:

Երկրորդ՝ Վրաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և Կոսովոյի հետ վիզային ռեժիմի ազատականացման խնդիրը ԵՄ մարմինների օրակարգում դիտարկվում է մեկ փաթեթում, և անգամ ԵՄ անդամ երկրների շրջանում չկա միասնական մոտեցում, թե ինչ սկզբունք պետք է որդեգրել խնդրի հետ կապված: Ոմանք, հաշվի առնելով ԵՄ-ում առկա միգրացիոն իրողությունները, փաթեթը դիտարկում են միասնական, ոմանք էլ կողմ են անհատական մոտեցման որդեգրմանը (մասնավորապես՝ առաջարկելով փաթեթից առանձնացնել Վրաստանին և Ուկրաինային): Խնդրին լրացուցիչ բարդություն է հաղորդում Թուրքիայի գործոնը: Ստեղծված պայմաններում, հաշվի առնելով միասնական փաթեթի առկայությունը, Ուկրաինայում բարեփոխումների իրականացման ոչ գոհացուցիչ տեմպերը, թուրքական իշխանությունների ձեռքում առկա շանտաժային լծակները, ԵՄ առաջնորդները եկան եզրակացության, որ Միության համար լավագույն տարբերակը, թերևս, խնդրի հետաձգումն է: Ներկայիս իրավիճակում փաթեթից որևէ երկրի առանձնացումը հղի էր մյուսներին հիասթափեցնելու կամ «զայրացնելու» ռիսկերով, ուստի ընտրվեց ամենաանվտանգ տարբերակը:

ԵՄ որոշումը պայմանավորող երրորդ գործոնը ԵՄ կողմից առանց վիզային ռեժիմի կասեցման մեխանիզմի վերանայման խնդիրն է: Քանի դեռ ԵՄ այս գործիքը չի վերանայվել, եվրոպական շատ առաջնորդներ, ովքեր պարբերաբար բարձրաձայնում են ԵՄ միգրացիոն օրենսդրության, Շենգենյան համաձայնագրի վերանայման մասին, հազիվ թե կողմ քվեարկեն խնդրին առնչվող ցանկացած այլ որոշման: Հատկանշական է, որ ԵՄ անդամ երկրները, իրենց անվտանգությանն առնչվող նման հարցերի հետ կապված, ունեն սեփական դիրքորոշումը, որը հաճախ չի համընկնում պաշտոնական Բրյուսելի մոտեցման հետ:

Այս ամենի հետ մեկտեղ չենք կարող բացառել, որ վերոնշյալ պատճառներից բացի՝ Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզային ռեժիմի չեղարկման որոշման արգելափակման և հետաձգման վրա կարող են իրենց ազդեցությունն ունենալ նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են Ռուսաստանի՝ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը խոչընդոտելու քաղաքականությունը, վրացական ընդդիմության՝ այս ուղղությամբ կատարած ոչ կառուցողական աշխատանքը և այլն:

Հատկանշական է, որ վիզային ռեժիմի ազատականացման խնդիրը վրացական իշխանությունների համար այս պահին միայն Վրաստանի քաղաքացիներին ազատ տեղաշարժի լրացուցիչ հնարավորությունների ընձեռման խնդիր չէ. այն ձեռք է բերել բավական մեծ ներքաղաքական կարևորություն, մասնավորապես արդեն մեկնարկած խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավի համատեքստում: Այս հարցում ցանկացած հաջողություն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մատուցելու է որպես սեփական ձեռքբերում, եվրաինտեգրման վեկտորին հավատարիմ լինելու դրսևորում: Թերևս հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց հայտարարություններում կարևորում են, որ Վրաստանի հետ ԵՄ վիզային ռեժիմը չեղարկվի մինչև հոկտեմբերի 8-ը կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Միևնույն ժամանակ ընդդիմադիր ուժերն, առաջին հերթին՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, բավական շահագրգռված են վիզային ռեժիմի ազատականացման որոշման ձգձգմամբ, ինչը նախընտրական պայքարի շրջանակներում քաղաքացիներին կներկայացվի որպես իշխանությունների ձախողում, նրանց հանդեպ Եվրամիության անվստահության դրսևորում:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: