ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անհրաժեշտ է բանակցային գործընթացը բեռնաթափել ապակառուցողական բոլոր գործոններից

Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած հանդիպումն, ըստ էության, բանակցային գործընթացը խթանող լրացուցիչ ձևաչափի ձևավորման հիմք դարձավ: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության համաձայն՝ այդ ձևաչափը լրացնելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը: Սա նշանակում է, որ չբացառելով կամ չհակասելով Մինսկի խմբի գործունեությանը՝ այս փուլում առանցքային դերակատարումը փորձելու է կատարել հենց վերոնշյալ ձևաչափը:

Այս կամ այն ձևաչափով բանակցային գործընթացի արդյունավետության ապահովման տեսանկյունից նախևառաջ կարևոր է երկխոսության կայացման համար անհրաժեշտ պայմանների առկայությունը: Ցանկացած բանակցություն դատապարտված է տապալման, եթե այն ընթանում է ապակառուցողական մթնոլորտում: Այսինքն՝ անհրաժեշտ է բանակցային գործընթացը բեռնաթափել ապակառուցողական բոլոր գործոններից: Սա, առաջին հերթին, ենթադրում է սադրիչ գործողությունների իսպառ բացառում:

Սկսենք թերևս ամենակարևորից: Դա ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու անհրաժեշտությունն է: Սանկտ Պետերբուրգի հանդիպման հենց նախօրեին Ադրբեջանում 25 հազար զինծառայողների և մեծ քանակով զինտեխնիկայի ներգրավմամբ լայնամասշտաբ զորավարժություններ սկսվեցին սահմանամերձ շրջաններում, այդ թվում` Նախիջևանի տարածքում։ Սրան զուգահեռ հունիսի 20-ին Թուրքիայի տարածքում մեկնարկեցին միջազգային որոնողափրկարարական զորավարժություններ, որոնց մասնակցելու համար Թուրքիայի Քոնիա նահանգի 3-րդ ավիաբազա են մեկնել Ադրբեջանի ԶՈւ Մի-17 և Մի-35 ռազմական ուղղաթիռներ: Վարժանքները շարունակվելու են մինչև հունիսի 30-ը: Նման պայմաններում, երբ բանակցող կողմերից մեկը զորավարժությունների անցկացմամբ փորձում է ճնշում գործադրել մյուս կողմերի կամ միջնորդների վրա, խոսել բանակցությունների արդյունավետության մասին անտրամաբանական է:

Երկրորդ, ադրբեջանական կողմը շարունակում է ռազմական հռետորաբանության գործածումը:  Չնայած տեղի ունեցող հանդիպումներին և հակամարտությունը խաղաղ կարգավորման դաշտ տեղափոխելու ջանքերին՝ Ադրբեջանը շարունակում է սպառնալ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հավանականությամբ:

Երրորդ, Բաքուն ոչ ադեկվատ մեկնաբանություններով և ապատեղեկատվությամբ լրջորեն վտանգում է բանակցությունների կայացման հնարավորությունը: Վերջին ակնհայտ սուտը Ալիևի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հայտարարությունն էր այն մասին, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպման ժամանակ իբրև թե համաձայնություն է ձեռքբերվել Ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման շուրջ: Իհարկե, հայկական կողմը հերքեց այս ապատեղեկատվությունը, որը նպատակ ուներ հակասություններ առաջացնել հասարակության շրջանում: Եվ վերջապես, պետք է հրաժարվել ապակառուցողական քայլերից հարակից դաշտերում, այդ թվում նաև միջազգային հարթակներում մեղադրանքներ և վիրավորանքներ հնչեցնելուց:

Հակառակ պարագայում առնվազն պետք է չբացառել, որ հաջորդ անգամ հայկական կողմերը կարող են հրաժարվել բանակցություններից՝ ունենալով դրա համար բոլոր հիմնավոր արդարացումները: Հետևաբար, բանակցային գործընթացի շարունակության և կայացման համար կառուցողական մթնոլորտի ապահովումն այս փուլում առաջնային նշանակություն ունի: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: