ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վստահության միջոցները հակամարտության կողմերի համար յուրահատուկ փորձաքար են

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը խաթարող հիմնական հարցերից մեկը կողմերի միջև վստահության պակասն է, որն անհնար է դարձնում երկխոսությունն ու հնարավոր փոխզիջումների քննարկումը:

Իրականում կողմերից յուրաքանչյուրը բարձրաձայնում է վստահության կառուցման անհրաժեշտությունը, սակայն հիմնական խնդիրն այդ վստահության կառուցման միջոցների վերաբերյալ ընկալումների տարբերության մեջ է:

Ադրբեջանական կողմը փորձում է որպես վստահության միջոց ներկայացնել հակամարտության գոտուց հայկական զորքերի դուրսբերման իր պահանջը: Մինչդեռ դա ոչ թե վստահության միջոց է, այլ համապարփակ կարգավորման բաղադրիչ մաս, որն ամրագրված է նաև կարգավորման հիմքում դրված Մադրիդյան սկզբունքներում: Դրա հետ մեկտեղ պաշտոնական Բաքուն այդպես էլ իր համաձայնությունը չտվեց սահմաններից դիպուկահարների դուրսբերման միջնորդների առաջարկին, իսկ այժմ ամեն կերպ փորձում է հետաձգել և օրակարգից հանել սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների հաստատման պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել Վիեննայում նախագահների կայացած հանդիպման ժամանակ:

Հայաստանը վստահության միջոցները կարևորում է առաջին հերթին անվտանգության երաշխիքների տեսակետից: Պատահական չէ, որ հատկապես ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմն էլ ավելի կոշտացրեց իր դիրքորոշումն այս հարցում՝ առաջ մղելով այն գաղափարը, որ հրադադարի պահպանմանն ուղղված վստահության միջոցառումների կատարման դեպքում միայն հնարավոր կլինի բավարար հիմք ապահովել քաղաքական կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու համար: Հայաստանի իշխանությունները շարունակում են պնդել Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը, որոնք, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների բացի, ենթադրում էին նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գրասենյակի մոնիթորինգային լիազորությունների ընդլայնում:

Ինչ վերաբերում է արցախյան կողմին, վերջինս մշտապես կողմ է հանդես եկել վստահության միջոցների կիրառմանը՝ ընդգծելով ԼՂՀ անմիջական ներգրավվածության անհրաժեշտությունը թե՛ դրանց բանակցման, թե՛ իրականացման փուլում:

Փաստացի, վստահության միջոցների թեմայի շուրջ մանևրելով և դրանց կատարումը հետաձգելով, Ադրբեջանն այսօր շարունակում է սրել իրավիճակը և զրոյացնում է քաղաքական գործընթացի առաջխաղացման հնարավորությունները: Հայկական կողմերը չեն կարող զիջումների շուրջ պայմանավորվել մի երկրի հետ, որը բազմիցս հրաժարվել է իր ստանձնած պարտավորությունները կատարելուց, խեղաթյուրել է բանակցային գործընթացի էությունն իր հասարակությանն այն ներկայացնելիս և որևէ կերպ զիջումների գնալու քաղաքական կամք չի դրսևորում:

Այս տեսակետից՝ վստահության միջոցներն ու դրանց շուրջ պայմանավորվածություններն այսօր յուրահատուկ փորձաքար են, որոնք ցույց են տալիս կողմերի իրական մտադրություններն ու քաղաքական կամքը (կամ դրա բացակայությունը): 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    22°  12° 
    05.05.2024
    20°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: