ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Իսկանդեր» համակարգերը հրադադարի պահպանման երաշխիք չեն

Հայտնի ճշմարտություն է, որ ցանկացած պետություն զորահանդեսներն օգտագործում է սեփական ռազմական պոտենցիալը կամ «ռազմական մկանները» ցուցադրելու համար: Հակամարտության մեջ գտնվող երկրների համար ցուցահանդեսների այս խնդիրն առավել ընդգծված է, և այս առումով բացառություն չեն կազմում ո՛չ Հայաստանը, ո՛չ ԼՂՀ-ն, ո՛չ Ադրբեջանը:

Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսն աչքի ընկավ ՀՀ բանակի վերջին համալրումներով, որոնք արդեն մի քանի օր է՝ ակտիվորեն քննարկվում են ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական ԶԼՄ-ներում: Խոսքն առաջին հերթին վերաբերում է «Իսկանդեր-Է» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներին, թեև օբյեկտիվության համար պետք է նշել, որ ռազմական տեսանկյունից պակաս կարևորություն չունեն նաև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, «Ինֆաունա» և Ռ-325Ու ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերը, ինչպես նաև «Ստրելա-10» և արդիականացված «Բուկ» զենիթահրթիռային համալիրները։ Հատկանշական է, որ տարբեր ասեկոսեները ցրելու համար ՀՀ ՊՆ-ն արդեն հաստատել է, որ ցուցադրված ամբողջ տեխնիկան պատկանում է ՀՀ զինված ուժերին:

«Իսկանդեր Է» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների կարևորությունը պատկերացնելու համար թերևս բավարար է նշել մեկ կարևոր բնութագրիչ՝ այս համալիրի խոցման շառավիղը կազմում է շուրջ 300 կմ, ինչը նշանակում է, որ Բաքվից շուրջ 270 կմ հեռավորության վրա գտնվող Ստեփանակերտից բավական հեշտությամբ հնարավոր է հարված հասցնել Ադրբեջանական մայրաքաղաքին: Հարկ է նշել, որ նախկինում ևս ՀՀ զինված ուժերում առկա էին նման հեռահար հրթիռային համակարգեր, սակայն «Իսկանդեր Է»-ի առանձնահատկությունը հակառակորդի հակաօդային պաշտպանության ճեղքման բացառիկ ունակության մեջ է՝ ի շնորհիվ թռիչքի բարձրության և մանևրների անկանխատեսելիության: Ըստ էության, այս զինատեսակը եկավ լռեցնելու ադրբեջանական այն հռետորներին, ովքեր ամեն հարմար առիթի հիշեցնում էին, թե Նախիջևանից հեշտությամբ կարելի է հարվածել մայրաքաղաք Երևանին:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ կարող ենք պնդել, որ «Իսկանդեր» համակարգերի շնորհիվ հարաբերականորեն վերականգնվեց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը, սակայն ասել, թե այդ համակարգերը կարող են բացառել նոր էսկալացիայի հնարավորությունը ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին կամ տարաբնույթ դիվերսիոն գործողությունները ՀՀ-Ադրբեջան սահմանագծին, կլինի միամտություն: «Իսկանդեր» համակարգերը իրենց տեխնիկական բնութագրիչների և կիրառման առանձնահատկությունների շնորհիվ ունեն զսպիչ նշանակություն ադրբեջանական իշխանությունների համար, սակայն միայն լայն ռազմական գործողությունների պարագայում: Ինչ վերաբերում է առաջնագծի պաշտպանությանը, ապա այս առումով ՀՀ զինված ուժերը և ԼՂՀ պաշտպանության բանակը պետք է հետևողականորեն շարունակեն իրենց համալրումները և նոր զսպող գործիքների ու ոչ համաչափ պատասխանների միջոցով ստիպեն հակառակորդին հրաժարվել նաև այդ գործելաոճից: Մյուս կողմից անհրաժեշտ է գործնական քայլերի անցնել բանակցային գործընթացում քննարկվող սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների կյանքի կոչման ուղղությամբ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: